ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Oրենքի նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ ներկայացված օրենքի նախագիծը 2004 թվականի հոկտեմերի 18-ին ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակն է: Նշենք, որ հիշյալ նախագծի վերաբերյալ վարչության կողմից տրված եզրակացությունում արծարծված է մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել նոր խմբագրությամբ ներկայացված օրենքի նախագծում: Դրա հետ մեկտեղ օրենքի նախագծի լրամշակված` սույն տարբերակի քննարկման արդյունքում արվել են մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք ներկայացվում են ստորեւ:

Օրենքի նախագծի ընդհանուր բովանդակության առումով իրականացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն բաղկացած է`

ա) նորմերից, որոնց անրաժեշտությունը բխում է քրեական օրենսգրքի նորմերին համապատասխանեցնելու նպատակից,

բ) նորմերից, որոնք անհրաժեշտ են թերի կարգավորված քրեադատավարական իրավահարաբերությունների կարգավորումը ամբողջացնելու նպատակից,

գ) նորմերից, որոնք առնչվում են քրեադատավարական իրավահարաբերությունների կարգավորման հետ, սակայն ամբողջ ծավալով չեն կազմում այդպիսի հարաբերությունների կարգավորիչ տարրեր, վերաբերում են վարչական, կազմակերպաիրավական, առանձին դեպքերում` քաղաքացիաիրավական իրավահարաբերությունների կարգավորման տարրերին: Ելնելով վերոգրյալից սույն եզրակացությունում առաջարկվում է վերանայել դրանց կարգավորմանն ուղղված հայեցակարգը եւ մոտեցումները:

դ)նորմերից, որոնց կարգավորումը կասկած է հարուցում Սահմանադրությանը եւ քրեական օրենսդրությանը համապատասխանելու իմաստով,

ե) նորմերից, որոնց վերախմբագրումը պայմանավորված է պրակտիկայում ձեւավորված մոտեցումներով եւ միշտ չէ, որ այդ մոտեցումները իրավագիտության իմաստով կարող են համարվել ընդունելի,

զ) նորմերից, որոնց վերախմբագրումը չի բխում անհրաժեշտությունից կամ անհրաժեշտէ, սակայնանհարկի ուռճացնում է քրեական դատավարական օրենսդրությունը:

1. Օրենքի նախագծի 2 հոդվածով առաջարկվել էօրենսգրքի 2 հոդվածի 2-րդմասի 1-ին կետը լրացնել «եւ քրեական օրենքում նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխաատվության ենթարկվի» բառերով: Արդյունքում օրենսգրքի 2 հոդվածի 2-րդմասի 1-ին կետը կձեւակերպվի հետեւյալ խմբագրությամբ.

« 2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում՝

1) քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի եւ քրեական օրենքում նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխաատվության ենթարկվի

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի եւ չդատապարտվի.

3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների եւ ազատությունների այլ սահմանափակման:»

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2 հոդվածի 2-րդ մասը ի սկզբանե չի համապատասխանում հոդվածի վերնագրին եւ այդ հոդվածում նշված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտին: Այն լուծումէ տալիս ոչ թե քրեական դատավարության օրենսդրության խնդիրների վերաբերյալ, այլ քրեական դատավարության վարույթն իրականացնող մարմինների պարտականությունների ընդհանուր շրջանակի վերաբերյալ: Արդյունքում օրենսդրության խնդիրները ոչ իրավացի նույնացվում են վարույթը իրականացնող մարմինների պարտականությունների հետ:

2. Օրենքի նախագծի 3 հոդվածով առաջարվել է օրենսգրքի 3 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Մասնավորապես փորձ է կատարվում վերանայել քրեական դատավարության օրենքի ներգործությունըտարածության վրա:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3 հոդվածի 1-ին մասը, այդ խնդիրը լուծել է համապարփակ: Նոր խմբագրությամբ ոչինչ չի ավելանում, ընդամենը կոնկրետացվում է համաընդհանուր սկզբունքը, որն արդեն իսկ ամրագրված է եւ, ի դեպ, կազմում է միջազգային իրավունքի մասը (տես` ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 5 եւ 6-րդ մասերը) : Այդ իմաստով փոփոխություն կատարելու իմաստը 3 հոդվածի 1-ին մասում անհասկանալի է: Նույն հոդվածի 2-րդ մասը, ինչ խոսք, վերախմբագրման կարիք ունի: Դա սակայն առանձնահատկություն է :

Նախագծով առաջարկվող օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ մասը նույնպես կիրառելի է գործող քրեական դատավարության օրենսգրքի 3 հոդվածի 1-ին մասի համատեքստում: Նույնը վերաբերում է 3-րդ մասին: Չէ, որ հստակ ձեւակերպված է ՀՀ միջազգային պայմանագրերի գերակայող դերը օրենսդրության համակարգում:

3. Օրենքի նախագծի 4 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 5 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այն վերաբերում է քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումներին: Գործող օրենքով (հոդված 5) լուծված էերկու կատեգորիաի անձանց անձեռնմխելիությունների եւ արտոնությունների խնդիրը`

ա) դիվանագիտական գործառույթներ իրականացնող անձանց,

բ) ՀՀ առանձին կատեգորիաների քաղաքացիների համար (ՀՀ Նախագահ, պատգամավորներ, դատավորներ):

Վերախմբգրման արդյունքում վերանում է ՀՀ քաղաքացիների համար օրենքներով նախատեսված արտոնությունների կիրառման խնդիրը, հատկապես` քրեական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի 1-ին մասի համատեքստում: Արտոնությունների վերանայման խնդիրը բխում է նաեւ միջազգային պայմանագրերից, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այդ առանձին կատեգորիաներին քրեական պատասխանատվության ենթարկելու բարդեցված մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությունը: Դա բխում է վերջիններիս որոշակի սահմաններում անկախությունը ապահովելու նպատակից, ինչը ժողովրդավարության տարրերից մեկն է:

4. Օրենքի նախագծի 6 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 10 հոդվածի 2 –րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Դրա իմաստը կայանում է նրանում, որ փոխվում է կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը: Նշենք, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, սոսկ, իրավունք է: Կասկածյալը կամ մեղադրյալը իրավունք ունեն օգտվել կամ չօգտվել այդ իրավունքից: Դա, սակայն, չի կարող պարտադրվել ելնելով արդարադատության շահից, բացառությամբ այն դեպքերի որոնք ուղղակի սահմանված են օրենսգրքում, ուստի եւ ցանկացած կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ արդարադատության շահը չի կարող կիրառվել` վերջինիս պարտադիր իրավաբանական օգնություն ցուցաբերելու մեխանիզմով:

5. Օրենքի նախագծի 7 հոդվածով առաջարկվում է վերախմբագրել օրենսգրքի 16 հոդվածը, որը վերաբերում է դատական քննության հրապարակայնությանը:

Նախ նշենք, որ քրեական դատավարության սկզբունքները լինում են առանցքային (երբ վերաբերում են դատավարության ամբողջ ընթացակարքին), ինչպես նաեւ լոկալ ( երբ վերաբերում են առանձին փուլերին եւ բնորոշ են միայն դրանց): Այս իմաստով ենթադրվում է, որ սահմանադրական այդ սկբունքը (39 հոդված) պետք է ներառվեր ոչ թե քրեական դատավարության օրենսգրքի 2 –րդ, այլ 41-րդ գլխում:

Բացի այդ, նախագծով առաջարկվող դռնփակ դատական քննության դեպքերը վիճելի են իմաստային առումով: Այսպես առաջարկվում է սահմանել, որ «2.դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել` 1) պետական, ծառայողական, բանկային եւ օրեքով պաշտպանվող այլ գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով»:

Նախ օրենսդրական տեխնիկայի կանոնների համաձայն «եւ» շաղկապը անհրաժեշտ է փոխարինել «կամ» շաղկապով, իսկ «ծառայողական, բանկային» բառերը հանել: Սակայն խոսքը պետք է վերաբերի ոչ թե գործերի կատեգորիաներին, այլ գաղտնիքի հրապարակման հնարավորությանը: Առաջարկում ենք, որպես շեշտադրում` լուծումը տալ այդ եղանակով: Նույնը վերաբերում է նախագծի 7 հոդվածով առաջարկվող նույն 16 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերին` շեշտադրումների առումով:

Իսկ 4-րդ կետով առաջարկվում է սահմանել, որ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում: Հիմք ընդունելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի պաշտպանության օբյեկտ է համարվում ոչ միայն մերձավոր ազգականը, այլ եւ ազգականը կամ մերձավորը, առաջարկում ենք համապատասխանեցնել դրույթը քրեական օրենսգրքի դրույթներին: Դրա հետմեկտեղ անհրաժեշտ է քրեական դատավարության օրենսգրքի 6 հոդվածում սահմանել «մերձավորի» հասկացությունը: Նույն 4-րդ կետի 2-րդ պարբերությունում վիճելի է «պետության շահերի պաշտպանության նկատառումներով» արտահայտությունը: Դա հնարավոր սահմանափակումների կիրառման մեխանիզմ է, որը արտահայտվում է ոչ թե հստակ, այլ ենթակա է գնահատման դատարանի կողմից:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասաությունը առաջարկվում է տեղադրել 3-րդ մասում որպես 1-ին նախադասություն, իսկ 4-րդ մասի վերջում «չեն հրապարակվում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար» դրույթը ավելորդ է, քանի որ նախադասության սկզբնամասում այդ հարցի լուծումը տրված է:

6. Օրենքի նախագծի 9 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 27 հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ: Փոփոխությունները անհրաժեշտ են, սակայն, մեր կարծիքով, ոչ ներկայացված խմբագրությամբ: Խոսքը պետք է վերաբերի հանցագործության դեպքի բացահայտմանը, որը ներառում է նաեւ դրա կատարման բոլոր հանգամանքները:

7. Ինչ վերաբերում է օրենքի նախագծի 9 հոդվածով առաջարկվող լրացմանը, ապա նշենք, որ այն ամբողջությամբ կարող է փոխել քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում սկսելու , մեղադրանքի ծավալը փոփոխելու, ներառյալ` ավելացնելու, հանցագործությունների գրանցումը եւ հաշվառումը վարելու, վերահսկելու եւ հսկելու, հանցավորության մակարդակը եւ աճը որոշելու, ընդհանուր եւ հատուկ կանխարգելում իրականացնելու, հայեցակարգը եւ պրակտիկան: Ընդ որում լրացումը առաջարկվել է կատարել ելնելով պրակտիկայում ծագող խնդիրներից: Նշենք միայն, որ քրեական դատավարության իրավունքի համաձայն հանցագործության դեպքը ենթակա է գրանցման եւ քրեական գործ հարուցելը նման գրանցման առաջին նախապայմանն է :

8.Օրենքի նախագծի 10 հոդվածով առաջարկված փոփոխությունները վերաբերում են օրենսգրքի 35 հոդվածին: Առաջին կետի վերաբերյալ դիտողություն չկա, սակայն առաջարկվում է փոփոխվող դրույթում «մինչեւ վերջ» բառերը փոխարինել «ավարտին» բառով :

9. Օրենքի նախագծի 10 հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասում «մեղադրյալի» բառից առաջ լրացնել «կասկածյալի կամ» բառերը:

Օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասը ուսումնասիրվել է Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից: Պարզվել է քրեադատավարական անհամապատասխանության առկայություն անմեղության կանխավարկածի սկզբունքի իմաստին:

ՀՀ Սահմանադրության 41 հոդվածում ամրագրված է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:

Հիմնարար եւ համընդհանուր ճանաչում ստացած այս սկզբունքի համաձայն անմեղությունն ենթադրվում է ինքնին, այն ապացուցման ենթակա չէ: Ապացուցման ենթակա է անձի մեղավորությունը քրեական օրենքով արգելված արարքը կատարելու մեջ:

Պատահական չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Ապացուցման ենթակա հանգամանքները» վերնագրով 107 հոդվածում ապացուցման հանգամանքների թվին չեն դասվել արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը բացառող հանգամանքները: Ապացուցման են ենթակա դեպքը եւ դեպքի հանգամանքները, կասկածյալի եւ մեղադրյալի առնչությունը դեպքին, հանցագործության հատկանիշները, անձի մեղավորությունը հանցաք կատարելու մեջ, պատասխանատվությունը խստացնող կամ մեղմացնող հանգամանքները, այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է իր պահանջները: Այդ մոտեցումը ուղեկցվում է դրույթով, որի համաձայն ապացուցման է ենթակա կասկածյալի եւ մեղադրյալի առնչությունը դեպքին [1] :

Այն լիովին համապատասխանում է ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից մշակված եւ ընդունված ապացուցողական իրավունքին [2] :

ՀՀ Սահմանադրությունում անմեղության կանխավարկածի էությունը ամրագրված է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան:

ՀՀ Ազգային ժողովում այժմ շրջանառության մեջեն գտնվում ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին 3 օրենքների նախագծեր, որոնք ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել են տարբեր հեղինակների` պատգամավորների կողմից:

Անմեղության կանխավարկածին վերաբերող սկզբունքի բովանդակության համեմատական-իրավական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Սահմանդրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի տեքստերը տառացիորեն վերարտադրում են ՀՀ գործող Սահմանադրության 41 հոդվածում ամրագրված դրույթը [3] :

Ի զարգացում Սահմանադրական սկզբունքի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածում («Անմեղության կանխավարկածը») ընդլայնվել է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ տարածվում է անմեղության կանխավարկածը` մեղադրյալի հետ զուգահեռ նշված է նաեւ կասկածյալը: Դա սկզբունքորեն ճիշտ մոտեցում է, քանի որ կասկածյալը դատավարական այդ կարգավիճակում երկար մնալ կամ դատապարտվել չի կարող, սակայն նա օրենքում նշված հանգամանքների բերումով ներգրավվում է քրեական դատավարության իրավահարաբերություններ, որոնց ընթացքում պետք է կայացվի նրա կարգավիճակին վերաբերող հաջորդ որոշումը:

Անձի` անմեղ լինելու կանխավարկածը տարածվում է մինչեւ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ուստի այն տարածվում է նաեւ այն դեպքերի վրա, երբ քրեական գործի վարույթը կարճվում է կամ քրեական հետապնդումը դադարեցվում է:

Քրեական դատավարության տեսությունում մշտապես բանավեճերի առարկա է հանդիսանում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի հարաբերակցությունը [4] :

Ուշագրավ է, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու բազմաթիվ հիմքերից միայն չորսն են դիտվում որպես արդարացնող`

- երբ բացակայում է հանցագործության դեպքը,

- երբ արարքի մեջ հանցակազմ չկա,

- երբ վնաս պատճառած արարքը համարվում է օրինաչափ,

- երբ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունը ապացուցված չէ,եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Այլ կերպ ասած, վարույթն իրականացնող մարմնի կողմից կայցվող այդ որոշումներում ճանաչվում են կամ հանցավոր արարքի բացակայությունը կամ դրա կատարմանը մեղադրյալի (ամբաստանյալի) առնչության բացակայությունը եւ հանգեցնում է նրա լիարժեք արդարացմանը: Չէ՞ որ անմեղության կանխավարկածն արտահայտում է ոչ թե դատավորի, քննիչի կամ դատախազի անձնական կարծիքը, այլ իրենից ներկայացնում է անձի օբյեկտիվ իրավական կարգավիճակը,[5] որից բազմաթիվ հետեւությունների հետ մեկտեղ բխում է, որ չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը: Այդ կանոնը կրում է բացարձակ բնույթ` առանց որեւէ բացառությունների[6] :

Անկասկած, անմեղության կանխավարկածի սահմանադրական եւ քրեա-դատավարական սկզբունքն ունի ոչ միայն իրավաբանական, այլեւ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող էթիկական նշանակություն:

Գիտական գրականությունում քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը դասակարգվում են տարբեր խմբերի: Դրանցից առավել տարածված տեսակետն այն է, որ հիմքերը կարող են լինել արդարացնող (երբ ամբողջությամբ հանվում են բոլոր կասկածները կամ մեղադրանքը) կամ չարդարացնող (երբ մեղադրանքը չի հանվում, սակայն անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից): Այդ տեսակետը ընդունվել է նաեւ օրենսդրի կողմից: Սակայն վերը նշված արդարացնող հիմքերի բովանդակության վերլուծությունը վկայում է, որ դրանցից մեկի իմաստը հակասում է այդ դասակարգման էությանը եւ անմեղության կանխավարկածի իմաստին: Խոսքը վերաբերում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 2 մասում ամրագրված դրույթին, որի համաձայն. «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»: Նույն օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի համաձայն այն դիտվում է որպես արդարացման հիմք եւ հանգեցնում է արդարացվածի բոլոր իրավունքների վերականգնմանը (նյութական, բարոյական, աշխատանքային, բնակարանային, կոչումներին վերաբերող), քրեական հետապնդման մարմնի գրավոր ներողությանը եւ համապատասխան դեպքում կասկածյալին եւ մեղադրյալին նշավակող տեղեկությունները լրատվության միջոցներով հերքելու պարտականությանը: Ավելին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածի 1-ին մասի համաձայն «Արդարացման դատավճիռը ճանաչում եւ հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը՝ այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ»: Այս պարագաներում միայն տարակուսանք է առաջացնում այն, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 2 մասում լիարժեք արդարացման հիմք է համարվում ոչ թե հանցավոր արարքի կատարմանը կասկածյալի կամ մեղադրյալի առնչության բացակայությունը, այլ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունը ապացուցված չլինելու արդյունքը, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Ապացույցների անբավարարության ձեւակերպմամբ արդարացման հիմքը ոչ արդարացնող է , ոչ էլ մեղադրող: Այն ընդամենը վարկաբեկող է: Իր բովանդակությամբ այն դուրս է մնում բարոյական եւ սոցիալական վերականգնման շրջանակից, քանի որ այդ ձեւակերպման արդյունքում հասարակության կողմից ընկալվում է ոչ թե որպես վերջնական արդարացում, այլ որպես ոչ լրիվ բացահայտված մեղադրյալ: Նման մտածելակերպի սկզբնաղբյուրն է ինկվիզիցիոն տիպի քրեական դատավարությունը, որով ընդունված էր, որ ապացույցների անբավարարության դեպքում անձը չէր արդարացվում, նա թողնվում էր կասկածանքի տակ:

Նման իրավագիտակցությունը, եւ որպես քրեական դատավարության տեսության զարգացման արդյունք նման օրենսդրությունը դեռեւս անցյալ հազարամայակում իրենց դիրքերը զիջել են այն պարզ պատճառով, որ ապացուցման ենթակա համգամանքներից մեկն է անձի մեղավորությունը քրեական օրենքով արգելված արարքը կատարելու մեջ: Իսկ քրեական իրավունքը եւ քրեական օրենսդրությունը մեղքը որոշելու հարցում «գույների խաղ» թույլ չեն տալիս: Մեղքը (դիտավրությունը կամ անզգուշությունը) կարող է միայն հաստատվել ապացույցների ուժով, իսկ եթե չի հաստատվել` ուրեմն հերքվել է: Այդ դեպքում բացակայում է հանցակազմի չորս պարտադիր տարրերից մեկը:

Քրեական դատավարությունն ունի ծառայողական նշանակություն քրեական իրավունքի նկատմամբ` այն ծառայում է նյութական քրեական իրավունքի իրականացմանը: Եթե քրեական դատավարության ընթացքում մեղքը չի հաստատվում, ուրեմն հաստատվում է անմեղությունը[7] :

Այս դիրքորոշումը վերջնականապես հաստատվել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 7-րդ նստաշրջանում 1996 թվականի փետրվարի 17-ին ընդունված Մոդելային քրեական դատավարության օրենսգրքի 39 հոդվածով, որում տրված է սկզբունքորեն նոր ձեւակերպում` արդարացման հիմք է հանդիսանում անձի` իրեն վերագրված արարքին առնչություն չունենալը: Այն առաջարկվում է կիրառել ինչպես վերագրված արարքի կատարմանը անձի առնչության բացակայությունն ապացուցելու, այնպես էլ այդ արարքին վերջինիս առնչությունը չապացուցելու դեպքերում[8] :

Վերոգրյալի արդիականությունը բխում է մարդու սահմանադրական անմեղության կանխավարկածի կարգավիճակը ճանաչելու, ընդունելու, պահպանելու եւ պաշտպանելու անհրաժեշտությունից: Դա կիրառական է հատկապես, այն դեպքերում, երբ որպես սկզբունք ամրագրված սահմանադրական երաշխիքը ոտնահարվում է օրենքի (այս դեպքում` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի ) ուժով: Ուստի եւ, մեր համոզմամբ, քննարկամն է արժանի անմեղության կանխավարկածի սկզբունքի իրականացման քրեա-դատավարական այն մեխանիզմը, որը, մեղմ ասած, կասկած է հարուցում այդ սկզբունքի իմաստին համապատասխանելու տեսանկյունից:

Այսպիսով, առաջարկում ենք քննարկել, ոչ թե 35 հոդվածի 2-րդ մասում լրացուցիչ փոփոխություն կատարելու հարցը, այլ այն որպես Սահմանադրությանը հակասող` վերացնելու խնդիրը:

10. Օրենքի նախագծի 11 հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետով առաջարկվում է օրենսգրքի 37 հոդվածի 3-րդ կետից հանել առանձին բառեր: Իրականում քրեական դատավարության օրենսգրքի այդ դրույթը բովանդակային հակասություն ունի ՀՀ քրեական օրենսգքրի 73 հոդվածի հետ եւ խմբագրական փոփոխությունների հետ այն չի վերանում:

11.Օրենքի նախագծի 13 հոդվածի 1-ին կետի բ) ենթակետում որոշված չէ լրացում կատարելու տեղը, բացի այդ, մեր կարծիքով, այդ լրացման անհրաժեշտությունը չկա, քանի որ նույն դրույթի սկզբնամասում հիշյալ լիազորությունը առկա է:

12. Նախագծի 15 հոդվածի 1-ին կետի ա) ենթակետով առաջարկվում է օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «զննություն» բառից հետո լրացնել «հետազոտման համար վերցնել նմուշներ» բառերով:

Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերովբաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրաման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է», ուստի առաջարկում ենք բերված փոփոխությունում «զննություն» բառից հետո դնել ստորակետ նշանը:

13. Օրենքի նախագծի նույն 15 հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է օրենսգրքի 55 հոդվածը լրացնել դեկլարատիվ բնույթ կրող 51 մասով:

14. Նախագծի 16 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 56 հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով, որի համաձայն քրեակատարողական հիմնարկները` այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերվող գործերով, հանդիսանում են հետաքննության մարմին:

Առաջարկվող լրացումը ամբողջական դարձնելու համար առաջարկում ենք համահունչ փոփոխություն կատարել նաեւ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքում. այն է` սահմանել հետաքննություն իրակացնելու լիազորություն, քանի որ հիշյալ լրացմամբ քրեակատարողական հիմնարկը համարվելու է քրեական դատավարության կողմ:

15. Օրենքի նախագծի 19 եւ 20 հոդվածների 2-րդ մասերում «24 ժամվա ընդացքում» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «ոչ ուշ, քան» բառերը, իսկ 3-րդ մասերի վերջում «խնդրանքի դեպքում» բառերից հետո սահմանել համապատասխան ժամկետ:

16. Օրենքի նախագծի 23 հոդվածքում առաջարկվում է օրենսգրքի70-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով՝

«7. Միեւնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ պաշտպանյալների շահերի միջեւ  հակասության առկայության դեպքերի։»։ Այս դրույթում խոսքը պետք է վերաբերի ոչ թե իրավունքին, այլ այդ հանգամանքների առկայության դեպքում ուղղակի արգելքին, ինչով կապահովի մարդու իրավունքի պաշտպանությունը:

17. Օրենքի նախագծի 26 հոդվածի 1-ին եւ 2-րդկետերում անհրաժեշտ է նշել լրացում կատարելու հատվածը:

18. Օրենքի նախագծի 31 հոդվածով առաջարկվում է օրենսգրքի12-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ: Այն վերաբերում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը:

Չքննարկելով բուն տեքստին վերաբերող բազմաթիվ դիտողությունները ցանկանում ենք անդրադարնալ հայեցակարգային բնույթի խնդիրներին: Դրանք կարելի է դասակարգել տարբեր հիմքերով` թերի կարգավորող, օրենսդրության այլ ոլորտներին վերաբերող, չկարգավորված եւ այլն:

Նախ նշենք, որ ձեւակերպված չէ , թե որ պաշտպանության մասին է խոսք է` պետական, մասնավոր, ինքնապաշտպանության թե այլ:

Նշենք նաեւ, որ չեն սահմանվել `

- անձանց սոցիալական պաշտպանության միջոցները,

- պաշտպանության սկզբունքները,

- օրենսդրությունը (դրա կազմը),

- ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները,

- անհատական, երկկողմ եւ բազմակողմպատասխանատվությունը,

- հնարավոր պայմանագրային հարաբերությունները,

- անձի մահվան, առողջությանը վնաս պատճառելու եւ հաշմության դեպքերում ծագող, փոփոխվող եւ դադարող քաղաքացիաիրավական հարաբերությունները:

Բացի այդ նոր խմբագրությամբ առաջարկված 12 –րդ գլխի նորմերի գերակշռող մասը կրում է կազմակերպաիրավական կամ վարչական հարաբերություններին բնորոշ բնույթ:

Թերի են սահմանվել `

ա) պետական պաշտպանության ենթակա անձանց շրջանակը,

բ) պաշտպանությունն ապահովող մարմինների ցանկը,

գ) պաշտպանություն ապահովող մարմինների տարանջատման հիմքերը պաշտպանություն իրականացնող մարմիններից,

դ) որոշումների բողոքարկման ժամկետները չպահպանելու հետեւանքները` կյանքի եւ առողջության պաշտպանության, ինչպես նաեւ գույքի պահպանության տեսանկյունից,

ե) պաշտպանողի եւ պաշտպանվողի իրավունքները ու պարտականությունները:

Նշենք նաեւ, որ

ա) պաշտպանության միջոցների ցանկը տրվել է սպառիչ, արդյունքում չի լուծվել լրացուցիչ միջոցներ կիրառելու խնդիրը,

բ) չեն սահմանվել միջոցների կիրառման համար հանցագործությունների կատեգորիաների բնույթից բխող պարտադիր պայմաններ,

գ) առանձին դեպքերում ընդլայնվել է սուբյեկտային կազմի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու շրջանակը (օրինակ` գաղտնալսումներ):

Չի սահմանվել նաեւ այլ իրավական ակտերով պաշտպանությանն առնչվող այլ խնդիրները լուծելու որեւէ տարբերակ:

Նշված հայեցակարգային խնդիրների հետ մեկտեղ աշխատանքային կարգով կարող են քննարկվել 12-րդ գլխին վերաբերող բազմաթիվ իմաստային, լեզվավոճական, խմբագրական եւ այլ դիտողություններ ու առաջարկություններ:

Նշենք նաեւ, որ այս իմաստով օրենքի նախագծի այս հատվածը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին, քանի որ առանձին այլ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կարիք կծագի:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12–րդ գլխում առաջարկվող փոփոխությունները քննարկել նախ հայեցակարգի առումով, այնուհետեւ միայն ` այն տեսքով , ինչպես ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: Որպես տարբերակ կարող է դիտվել քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող առանձին օրենքի ներկայացումը, ինչը կներառի իրավունքի տարբեր ոլորտներինբնորոշ իրավահարաբերությունների կարգավորումը (օրինակ ֆինանսավորման աղբյուրները եւ այլն):

Որպես հիշյալ գլխում բովանդակային թերություններ արտահայտող օրինակներ կարելի է նշել այն, որ ն ախագծով ներկայացված նոր 983 հոդվածով նախատեսվել է պաշտպանության ենթակա անձի անձնական անվտանգության ապահովումը, բնակարանի եւ գույքի պահպանումը: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն. « 2.  Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորվում է հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխվում են նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի (միջոցների) պետական համարանիշները»:

Փաստորեն, օրենքի նախագիծը թվարկվածից բացի այլ միջոցներով թույլ չի տալիս պաշտպանել անձի բնակարանը կամ գույքը, մինչդեռ գործնականում կարող են հանդիպել պահպանության այլ եղանակներ, ինչպես, ասենք, ծառայողական շուն տրամադրել կամ օգտագործել այլ տեխնիկական միջոցներ:

Ավելին, ներկայացված խմբագրությունը դատավարական նորմ չի պարունակում:

Նախագծով ներկայացված նոր 991 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն պաշտպանությունը դադարում է, եթե պաշտպանվողը.

«2) տվել է կեղծ ցուցմունք, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.»:

Հարց է առաջանումմ իսկ եթե անձի կեղծ ցուցմունք տալը հիմնավորվի նախաքննությանընթացքում քննչական համապատասխան գործողություններ կատարելու արդյունքում, արդյո՞ք չպետքէ դադարեցվեն պաշտպանվող անձի պաշտպանության միջոցները:

19. Նախագծի 32 հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 41 կետով: Առաջարկվող փոփոխության համաձայն ՀՀ Քրեական դատավարությում որպես ապացույցներ թույլատրվում են` տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները:

Մեր կարծիքով, քննարկման է արժանի օրենսգրքի 104 հոդվածի նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, քանի որ հոդվածում արդեն իսկ սահմանվել են բոլոր հնարավոր թույլատրելի ապացույցները` այդ թվում նաեւ առաջարկվողփոփոխությամբ նախատեսվող ապացույցը: Բացի այդ, եթե հետեւենք առաջարկվող փոփոխության տրամաբանությանը, ապա անհրաժեշտություն կառաջանա թույլատրելի ապացույց համարել նաեւ տվյալ քրեական գործի մեղադրանքի հետ առնչվող մեկ այլ քրեական գործով տուժողի, վկայի, դատապարտյալի ցուցմունքները:

20. Նախագծի 41 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 150 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն.«Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի եւ հետաքննության մարմնիորոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը` վերադաս դատախազին»:

Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասի 2-րդ,. 3-րդ եւ 4-րդ պարբերությունների համաձայն. «Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը»:

Եթե իրավական ակտերում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլորպայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է», ուստի առաջարկում ենք «քննիչի եւ հետաքննության մարմնի» բառերը փոխարինել «քննիչի կամ հետաքննության մարմնի» բառերով, իսկ հիշյալ հոդվածում բողոքարկման իրավունք ունեցող անձանց թվարկումը բաժանել «կամ» շաղկապով:

21. Նախագծի 42 հոդվածի 2-րդ կետով նախատեսվել է փոփոխություն կատարել օրենսգրքի 152 հոդվածի 3-րդ մասում, որի արդյունքում առաջարկվել է հանել «հետաքննության մարմնի» բառերը: Նշված փոփոխության արդյունքում օրենսգրքի 152 հոդվածի 3-րդ մասը կշարադրվի հետեւյալ կերպ. «3. Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը»:

Հոդվածի շարադրանքը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասի 8-րդ պարբերությանը համահունչ շարադրելու տեսանկյունից, առաջարկում ենք «դատարանի» բառից հետո նշված ստորակետի փոխարեն օգտագործել «կամ» շաղկապը:

22. Նախագծի 45 հոդվածով առաջարկվող փոփոխության «վերցնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «վերցվել» բառով:

23. Նախագծի 77 հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 285 հոդվածում:

Առաջարկվող փոփոխությունը ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է ինչպես օրենսգրքի նշված, այնպես էլ օրենսգրքում ընդհանրապես «կալանք» բառը փոխարինել «կալանավորում» բառով` իր համապատասխան հոլովաձեւերով, քանի որ հոդվածում խոսքը օրենսգրքի 134 հոդվածով սահմանված որպես խափանման միջոց

կալանավորման, այլ ոչ թե ՀՀ Քրեական օրենսգրքուվ սահմանված որպես պատժի տեսակ կալանքի մասին է:

24. Նախագծի 109 հոդվածով փոփոխություն է նախատեսվում օրենսգրքի 434 հոդվածում: Առաջարկվել է հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «վաղակետ» բառը փոխարինել «վաղաժամկետ» բառով, անհրաժեշտ է նույն փոփոխությունը կատարել նաեւ հոդվածի վերնագրում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Հ. Իսրաելյան
Մ. Հակոբյան
Ք. Գեովշանյան



[1] Տես` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ կետը. «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», N 22(55), 21 սեպտեմբերի 1998թ.

[2] Տես` ԱՊՀ մասնակից- պետությունների համար մոդելային քրեական դատավարության օրենսգրքի 145 հոդվածը, ինչպես նաեւ 142 հոդվածի («Ապացույցների հասկացությունը») երկրորդ տարբերակը, որին համապատասխանում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը: (Տես`,, Приложение к ,, Информационному бюллетеню ,, государств - участников СНГ, 1996 г . N 10

[3] ՀՀ ԱԺ պատգամավորներ Գ. Սահակյանի, Ս. Բալասանյանի, Հ. Կարապետյանի եւ Ռ. Պետրոսյանի կողմից ներկայացված «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ» ՀՀ օրենքի նախագծի եւ պատգամավորներ Գ. Արսենյանի, Գ. Ղոնջեյանի, Մ. Պետրոսյանի, Հ. Ավետիսյանի, Լ. Պողոսյանի եւ Ա. Պետրոսյանի կողմից ներկայցրած «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 20 հոդվածներով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 41 հոդվածում ամրագրված դրույթը ամրագրելՀՀ Սահմանադրության 21 հոդվածում (առանց որեւէ փոփոխության), իսկ պատգամավոր Ա. Սադոյանի կողմից ներկայցրած «ՀՀ Սահմանադրության փոփոխություններինախագիծ» ՀՀ օրենքով ՀՀ Սահմանադրության 41 հոդվածը չի առաջարկվել փոփոխել:

[4] Քանի որ ընդհանուր տեսական խնդիրների եւ տեսակետների վերլուծությունը սույն հետազոտության առարկա չի հանդիսանում, ուստի միայն նշենք, որ առանձին գիտնականներ գտնում են, որ որոշակի հակասություն է ծագում չարդարացնող հիմքերով քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ անմեղության կանխավարկածի միջեւ: Այս խնդիրը կարող է լինել առանձին ուսումնասիրության առարկա:

[5] տես` ,,Уголовный процесс, Учебник для студентов юридических вузов и факультетов. Под ред. К.Ф. Гуценко, Издание 5-ое, переработанное и дополненное, М.: ИКД ,, Зерцало-М,, , 2004, ст. 118)

[6] տես` Конституция Россиской Федерации: Проблемный комметарий /отв. ред. В.А. Четвернин, M, 1997г, ст. 284 , տես նաեւ` Конституция Россиской Федерации, Научно-практический комментарий/ под. ред. Б.Н. Топорнина, М; 1997г, տես նաեւ` Первая Конституция Республики Армения /под. ред.Хачатряана Г. М. ,Ер.: Нжар2001г. ,ст. 128, որի հեղինակը սկզբունքի իմաստը ամփոփում է հետեւյալ կերպ «Մեղադրանքը պետք է հիմնվի ապացուցված, այլ ոչ թե ենթադրվող փաստերի վրաե:

[7] Ավելացնենք նաեւ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը 1980 թ. Դեվեերը Բելգիայի դեմ գործով կայացրած որոշմամբ ընդունել է, որ «քրեական մեղադրանքը» մարդու իրավունքի պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի 1 կետի իմաստով կրում է ավելի նյութական, քան ձեւական բնույթ, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեմ Էկլեի գործով 1982 թ. որոշում է ընդունել, նշելով, որ քրեական մեղադրանքը կարող է բնորոշվել որպես իրավասու մարմնի պաշտոնական ծանուցումն անձին այն մասին, որ նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ: Իտալիայի դեմ Ֆոթիի եւ այլոց գործով (1982թ.) դատարանն ընդլայնել է այդ հասկացությունը, ներառելով «քրեական մեղադրանք» հասկացություն «այդպիսի կասկածները ենթադրող այլ միջոցները, որոնք կարող են էապես անդրադառնալ կասկածյալի վիճակի վրա»: Տես` Путеводитель по Европейской конвенции о защите прав человека, Донна Гомен, Осло, 2000г; Изд. Совета Европы, ст. 38.

[8] Մի շարք պետություններ հետեւել են այդ հայեցակարգին եւ քննարկվող մասով ազգային քրեադատավարական օրենսդրության մեխանիզմները համապատասխանեցրել են անմեղության կանխավարկածի սկզբունքի իմաստին եւ բովանդակությանը: Օրինակ` 2001թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված ՌԴ նոր քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը հրաժարվել է «ապացույցների անբավարարություն» նախկին (Ստալինյան ռեժիմից ներմուծված) տերմինաբանությունից եւ որպես քրեական հետապնդումը դադարեցնելու արդարացնող հիմք է նշել` իրեն վերագրված արարքին առնչություն չունենալն: