ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թվականների
ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ուսումնասիրվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

1. Նախագծի 1 հոդվածի վերնագրում «մասնավորեցման նպատակները» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասնավորեցման ծրագրի նպատակը» բառերով:

2. Նախագծի 2 հոդվածի 1-ին մասում շարադրված «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.» նախադասությունն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են.» նախադասությամբ:

3. Նախագծի 4 հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է տրվել վարձակալման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

4. Նախագծի 5 հոդվածի 2-րդ մասում «ձեւերով» բառը անհրաժեշտ է փոխարինել «կարգով» բառով:

5. Հիմք ընդունելով օրենսդրական տեխնիկայի կանոնները` Նախագծի 7 հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը անհրաժեշտ է հանել, քանի որ աղավաղված տեսքով կրկնում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նորմերը:

6. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասի «լիազորված» եւ «վերոհիշյալ» բառերը հարկավոր է փոխարինել «լիազոր» բառերով:

- Նույն մասի 1-ին կետի շարադրանքից անհրաժեշտ է հանել «կառավարման մյուս» բառերը, իսկ 2-րդ կետում «չափը» բառը փոխարինել «չափի» բառով:

- Անհրաժեշտ է հանել նաեւ հոդվածի համարակալումը, քանի որ հոդվածը բաղկացած է ընդամենը մեկ մասից:

- Նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում, մեր կարծիքով, անճշտություններ են առկա, ինչը տարակարծության տեղիք է տալիս, ըստ այդմ, առաջարկվում է հստակեցնել:

7. Նախագծի 11 հոդվածի վերնագրից անհրաժեշտ է հանել «եւ գործողության ժամկետը» բառերը, քանի որ հոդվածի բովանդակությունը չի պարունակում օրենքի գործողության մասին դրույթներ:

Նույն հոդվածում «հաջորդող» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «տասներորդ» բառը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Գալստյան
Վ. Էլոյան
Վ. Մանուկյան