ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի փրկարար ծառայության մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքներինախագծերի փաթեթը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքինախագծի (այսուհետ նախագիծ)վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Ներկայացված նախագծի օրենքի կարգավորման առարկան սահմանող 1 հոդվածում նկարագրված հասկացությունները սահմանվում, այլ ոչ թե կարգավորվում են: Ուստի առաջարկում ենք հիշյալ հոդվածի «կարգավորում է» բառը փոխարինել «սահմանում է» բառով:

2. Նախագծի 4 հոդվածում սահմանվել է ինչպես լիազոր մարմնի հասկացությունը, այնպես էլ նրա կողմից կատարվող գործառույթները, ուստի առաջարկում ենք հոդվածի վերնագիրը վերախմբագրել դրան համապատասխան:

3. Ներկայացված նախագծի 10 հոդվածի 2-րդ մասի համաձայն . «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետեւանքներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ լիազոր մարմնի ծառայողների բոլոր ցուցումները»: Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47 հոդվածի պահանջի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը պարտավոր են օրենքով սահմանված կարգով մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սակայն արտակարգ իրավիճակների հետեւանքներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման պարագայում կարծում ենք, որ պետք է մասնակցի դրանց յուրաքանչյուր ոք, ուստի առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոք» բառերով:

4. Ներկայացված օրենքի նախագծի 3-րդ գլխի վերնագիրը առաջարկում եք վերախմբագրել հետեւյալ կերպ. «Ծառայությունը լիազոր մարմնում» :

5. Ներկայացված օրենքի նախագծի 11 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Լիազոր մարմնում առանձին ստորաբաժանումների առանձնահատկություններից ելնելով, պետական մարմնի առանձին պաշտոններում կարող են նշանակվել /աշխատանքի ընդունվել/ քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան»: Այս դրույթը, մեր կարծիքով, փոխառված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից, այնուամենայնիվ այն անհրաժեշտ է հստակեցնել քանի որ պարզ չէ, թե խոսքը այստեղ վերաբերում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքիպաշտոնների անվանացանկով սահմանված պաշտոններ զբաղեցնող անձանց, թեօրինակ` պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունված տեխնիկական կամ այլ աշխատողներին:

6. Նախագծի 11 հոդվածի 4-րդ մասը արդեն իսկ ամրագրված է նախագծի 3 հոդվածում, ուստի առաջարկում ենք այն հանել:

7. Նախագծի 13 հոդվածի 1-ին մասի ե) կետի «պաշտոններ» բառը անհրաժեշտ է փոխարինել «պաշտոն» բառով, քանի որ հիշյալ կետով սահմանվել է մեկ պաշտոն:

8. Նախագծի 16 հոդվածի մասերի եւ կետերի համարակալումը անհրաժեշտ է հստակեցնել:

9. Ելնելով օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից առաջարկում ենք նախագծի 17 եւ 18 հոդվածները ներառել նախագծի 4-րդ գլխում:

10.Նախագծի19 հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «դա լինում է» բառերը անհրաժեշտ է փոխարինել այլ համարժեք բառով կամ բառերով:

11. Նախագծի 26 հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ. «Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաեւ վերը նշված ժամանակահատվածը չի հաշվառվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում»: Հոդվածի նշված մասի տրամաբանությունից ելնելով ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, երբ հարուցված քրեական գործով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Միեւնույն ժամանակ, «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 134 հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համաձայն «Կալանավորումը եւ գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ»: Այստեղ ուշադրության է արժանի «մեղադրյալ հասկացությունը»:

Հարկ ենք համարում հիշատակել, որ «ՀՀ Քրեական օրենսգրքով» նախատեսված նույն հանցագործության համար մի դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ կարող է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, իսկ մեկ այլ մեղադրյալի նկատմամբ` «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով» նախատեսված մեկ այլ խափանման միջոց:

Անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն` անձն անմեղ է քանի դեռ նրա հանցանքը չի ապացուցվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ուստի մինչեւ նման դատավճռի առկայությունը, ցանկացած հիմքերով լրացուցիչ զրկանքներն իրավական չեն կարող համարվել:

Հիշեցման կարգով նշենք նաեւ, որ կալանքը «ՀՀ քրեական օրենսգրքի» 45 հոդվածով սահմանված պատժի տեսակ է:

Բացի այդ «փրկարարական կոչում» հասկացություն ներկայացված նախագծում չի սահմանվել: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք նշված մասը վերախմբագրել, հաշվի առնելով մեր կողմից կատարված դիտողությունները:

12. Առաջարկում ենք ներկայացված նախագծի ամբողջ տեքստում «փրկարարական կոչում» բառերը փոխարինել «փրկարարական ծառայության կոչում» բառերով, համապատասխան հոլովաձեւերով:

13. Նախագծի 28 հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո»: Նկատի ունենալով, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 364 հոդվածով սահմանված են դատավճռի տեսակները, ուստի, առաջարկում ենք «որոշումն» բառը փոխարինել «դատավճիռն օրինական» բառերով:

14. Նախագծի 29 հոդվածի 5-րդ մասով նախատեսվել են այն հանգամանքները, որոնց առկայության քաղաքացին չի կարող անցնել փրկարարական ծառայության: Անհրաժեշտ է նշված հոդվածի մասը հստակեցնել եւ վերախմբագրել` համապատասխանեցնելով այն ՀՀ օրենսդրությանը:

15. Նախագծի 30 հոդվածով նախատեսվել է փրկարարական ծառայողի երդման տեքստը: Նշվածհոդվածի վերնագրում անհրաժեշտ է ներառել «փրկարար» բառըհամապատասխան հոլովաձեւով, իսկ չակերտների մեջ շարադրված գծիկի փոխարեն օգտագործել «(անուն, հայրանուն, ազգանուն)» բառերը կամ ամբողջ երդման տեքստը վերախմբագրել:

16. Նախագծի33 հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Ատեստավորումն անցկացվում է ծառայողիանմիջական մասնակցությամբ, բացառությամբ` երբ նա լքել է ծառայությունը, կամ բացակայում է այլ անհարգելի պատճառով»: Եթե նշված մասում իմպերատիվ ձեւով նշվել է, որ ատեստավորումն անցկացվում է ծառայողի անմիջական մասնակցությամբ այդ դեպքում ինչ կարիք կա նշել բացառություններ կապված ծառայողի բացակայության հետ, մյուս կողմից բաց է թողնված ծառայողի ատեստավորումից հարգելի բացակայության հարցը: Առաջարկում ենք նշված մասից «մասնակցությամբ» բառից հետո դնել վերջակետ, իսկ մնացած բառերը հանել:

17. Նախագծի 33 հոդվածի 7-րդ մասի «որակավորվելու» բառը անհրաժեշտ է փոխարինել «ատեստավորվելու» բառով, քանի որ որակավորումը այլ կատեգորիա է, որը նախատեսվել է նախագծի 34 հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ այլ օրենքներով:

18. Նախագծի 37 հոդվածի 1-ին մասի ժբ) կետի համաձայն փրկարարական ծառայության ծառայողն իրավունք ունի բողոքարկել նշանակման եւ ատեստավորման արդյունքները: Առաջարկում ենք նշված կետում նախատեսել իրավունք հիշյալ արդյուքները դատական կարգով բողոքարկելու համար:

19. Նախագծի 63 հոդվածի 1-ին մասի դ) կետից պարզ չէ, թեբարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող եւ (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետն ով կարող է երկարաձգել:

20. Նախագծի 83 հոդվածի վերնագիրը անհրաժեշտ է վերախմբագրել:

21. Նախագծի 109 հոդվածում գծիկների փոխարեն անհրաժեշտ է նշել օրենքի ուժի մեջ մտնելու հստակ օր, քանի որ օրենքների նախագծերի փաթեթում եղած օրենքների նախագծերում հստակ նշված է օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանք խիստ փոխակապակցված են:

Փաթեթով ներկայացված «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Հ. Իսրաելյան
Մ. Գեովշանյան