ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻԶԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողով ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 4 հոդվածի ամբողջ տեքստում եւ 8 հոդվածում գործածվող «կետ» բառը համապատասխանաբար անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով:

Նույն հոդվածի 5-րդ մասում «ժամկետը» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Հոդվածի նույն մասում շարադրված է միտք, որի համաձայն հղում է կատարվում օրենքի վրա: Սակայն պարզ չէ, թե Նախագծի հեղինակները կոնկրետ ո՞ր օրենքին են հղում կատարում, ինչը տարակարծության տեղիք է տալիս եւ անհրաժեշտ է հստակեցնել:

2. Նախագծի 7 հոդվածով առաջարկվող լրացման եւ օրենքի տերմինաբանության միասնականության ապահովման առումով առաջարկում ենք «արտոնագրի, թույլտվության կամ» բառերը փոխարինել «արտոնագրի կամ լիցենզիայի (թույլտվության)» բառերով` օրենքի 34 հոդվածի 3-րդ մասից հանելով «լիցենզիայի» բառը:

Նույն հոդվածով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 34 հոդվածի 4-րդ մասում, սակայն նշված մասը բացակայում է Օրենքի շարադրանքում: Մեր կարծիքով, տվյալ փոփոխությունն անհրաժեշտ է անել Օրենքի 34 հոդվածի 3-րդ մասում:

Բացի վերը շարադրվածից, անճշտություն կա Նախագծի 5 եւ 7 հոդվածների միջեւ:

Նախագծի 5 հոդվածով առաջարկվում է Օրենքի 34 հոդվածի 3-րդ մասը շարաադրել նոր խմբագրությամբ, իսկ Նախագծի 7 հոդվածով` լրացում կատարել նույն տեղում: Ըստ այդմ, Նախագծի 7 հոդվածով առաջարկվող լրացումը, արդեն իսկ, չի կարող տեղ գտնել Օրենքի նշված հոդվածի շարադրանքում, քանի որ Նախագծի 5 հոդվածով ենթակա է խմբագրման:

3. Նախագծի 9-րդ հոդվածում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ» բառերն առաջարկում ենք փոխարինել «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերով:

4. Նախագծի 10 հոդվածով սահմանվում է, որ «Սույն օրենքի վրա չի տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48 հոդվածի 4-րդ մասը:», ըստ որի «Լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխություն հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո»: Ըստ այդմ, Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի կարող ընդունելի լինել, քանի որ ուղղակի հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի 4-րդ մասին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի համաձայն` « Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: »: Նույն օրենքի 24 հոդվածի 3-րդ մասի համաձայն` « Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը »:

Վերոգրյալից ելնելով` հետեւում է, որ Նախագծի կիրարկման ժամանակ ակնհայտ հակասություն կառաջանա «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների միջեւ, իսկ հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում է ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմը:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Գ. Կիրակոսյան
Վ. Էլոյան
Ս. Համբարձումյան