ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Ներկայացված օրենքինախագիծըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.
1. Օրենքի նախագծի 1 հոդվածի վերնագիրը եւ հոդվածի բովանդակությունը միմյանց չեն համապատասխանում: Եթե հաշվի առնենք, որ «առեւտրի օբյեկտ» հասկացությունը տրվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 3-րդ մասում (գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար), ապա այդ իմաստով անհասկանալի է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված զանցանքի համար պատասխանատվության ենթակա սուբյեկտը` առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը, թե առեւտրի օբյեկտը, թե վաճառողը (թե այն անձը, ում վաճառողը թույլ է տվել վաճառել ապրանքը): Պատասխանատվություն նախատեսող օրենքում պատսխանատվության ենթակա սուբյեկտը պետք է հստակ արտահայտվի:
2. Սույն եզրակացության 1-ին կետում նշված դիտողությունը անհրաժեշտ է, հատկապես, նոր խմբագրությամբ առաջարկվող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158 եւ նույն օրենսգրքում որպես նոր հոդված առաջարկվող 1581 հոդվածներում նախատեսված արարքների համար սուբյեկտային կազմը որոշելու համար:
3. Նախագծի 1 հոդվածի 2-րդ պարբերությունը վերաիմաստավորման կարիք ունի, քանի որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի` ընդհանրապես արգելվում է պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացումը: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված պարբերությունից հանել «առանց այդ մասին գրավոր հայտարարություն տալու» բառերը:
4. Մեր կարծիքով, Նախագծի 1 հոդվածում տարաբնույթ պահանջների խախտման դեպքում տուգանքների նշանակման առումով առկա է որոշակի անհամաչափություն` կապված օրենքի խախտման եւ դրա համար պատասխանատվության անհամարժեքության հետ:
Մասնավորապես`
ա) առաջարկվող խմբագրությամբ օրենքի 158 հոդվածի 3-րդ եւ 4-րդ պարբերություններով նշված խախտումները (« Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`....» եւ «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`... » )ըստ էության համարժեք են, սակայն այդ խախտումների համար նախատեսվում են տարբեր չափի տուգանքներ,
բ)2-րդ պարբերությամբ նախատեսված խախտման համար (« Պիտանիության, երաշխիքային եւ ծառայության ժամկետներն անցած ապրանքներ` առանց այդ մասին գրավոր հայտարարություն տալու վաճառելը՝ ... ») սահմանվում է գրեթե նույն տուգանքի չափը, ինչ որ 5-րդ պարբերությամբ նախատեսվածի համար (« Առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը եւ աշխատանքային ռեժիմը չպահպանելը՝... »), այն դեպքում, երբ առաջին խախտման հետեւանքները շատ ավելի ծանր կարող են լինել սպառողների համար, քան երկրորդը:
5. Նախագծի 2 հոդվածով առաջարկվող 1581 հոդվածի 2-րդ մասի «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը խմբագրման կարիք ունի:
6.Նախագծի 2 հոդվածով առաջարկվող 1581 հոդվածի 6-րդ մասում սխալ ձեւակերպման հետեւանքով փոխվել է օբյեկտը, նշելով, որ դրա առարկան է հանդիսանում օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը: Մինչդեռ օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը կարող է վերաբերել գույքային շրջանառությունից հանված կամ սահմանափակ գույքային շրջանառությունում գտնվող ապրանքներին:
7. Նախագծի 2 հոդվածով առաջարկվող 1581 հոդվածի 9-րդ մասում «բովանդակող» բառն անհրաժեշտ է փոխարինել այնպիսի բառով, որը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերը չաղավաղի: Մասնավորապես` կարող են վաճառվել այնպիսի նյութեր, որոնք, օրինակ, քարոզում են առողջ ապրելակերպը կամ պարունակում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման դեմ պայքարին վերաբերող դրվագներ եւ այլն (օրինակ` տեսաֆիլմեր): Ենթադրվում է, որ նման բովանդակությամբ նյութերի տարածումը չպետք է լինի վարչական պատասխանատվության հիմք:
8. Նախագծի 4 հոդվածով առաջարկվող 16916 հոդվածում նախատեսված զանցանքներն անհրաժեշտ է տարանջատել քրեորեն հետապնդելի արարքներից` համապատասխան նշում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Հակառակ դեպքում բազմիցս նույն խախտումը կատարած անձը կարող է յուրաքանչյուր դեպքում ենթարկվել վարչական պատասխանատվության եւ չենթարկվել քրեական պատասխանատվության ՀՀ քերական օրենսգրքի 188 հոդվածով:
9. Նախագծի 6 հոդվածի 1-ին դրույթով առաջարկվում է օրենսգրքի 2191 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր մասով: Դա հակասում է օրենսդրական տեխնիկայի պահանջներին: Նույնը վերաբերում է նույն հոդվածում փակագծերի մեջ ներառված դրույթին:
10. Օրենքի նախագծի 7 հոդվածով առաջարկվում է սահմանել, որ օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ՀՀ որակի տեսչությունը: Գործող օրենսգրքի համաձայն` 158 հոդվածի բոլոր խախտումների վերաբերյալ գործերը քննում էին ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման մարմինները: Նշված փոփոխությունը կատարելու դեպքում բաց է մնում 158 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող իրավասու մարմինը:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Երեմյան
Ա. Գալստյան