ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական
պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Օրենքի նախագծի 1 հոդվածում «կարգավորում է» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանում է» բառով, քանի որ օրենքը կարող է կարգավորել իրավահարաբերությունները, սակայն «իրավական հիմքերը, քաղաքականության սկբունքները, պետական երաշխիքները» օրենքով ոչ թե կարգավորվում են, այլ` սահմանվում:
2. Նախագծի 2 հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը չեն համապատասխանում միմյանց: Հոդվածը վերնագրված է «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը», սակայն հոդվածում խոսվում է միայն բնակչության զբաղվածության վերաբերյալ ՀՀ օրենսդրության մասին:
Նույն հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերը առաջարկում ենք տեղափոխել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերից հետո:
3. Նախագծի 3 հոդվածի 3-րդ մասը ավելորդ է, քանի որ, ըստ էության, կրկնում է նախագծի 2 հոդվածի 1-ին մասի դրույթները:
4. Նախագծի 12 հոդվածի 6-րդ մասը ավելորդ է, քանի որ նախագծի 39 հոդվածի 1-ին մասում արդեն իսկ սահմանված են, թե որտեղից են ֆինանսավորվում բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը:
Ընդ որում, կարծում ենք, որ նախագծի 39 հոդվածը ավելի ճիշտ կլիներ շարադրել նախագծի 3 գլխում, որպես 14 հոդված:
5. Նախագծի 13 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում եւ նախագծի ամբողջ տեքստում օգտագործվում է «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցություն» բառակապակցությունը. մինչդեռ, կարծում ենք, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրվի ոչ թե ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման, այլ` ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու համար: Նշենք, որ, օրինակ, անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը 3000 դրամ է, հետեւաբար նշված 3000 դրամի աջակցությունը չենք կարծում, որ էական նշանակություն կունենա զբաղվածության աջակցության համար:
6. Նախագծի 14 հոդվածի 3-րդ մասը ավելորդ է, քանի որ համապատասխան դրույթները արդեն իսկ ամրագրված են նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում:
7. Նախագծի 15 հոդվածի վերնագրից առաջարկում ենք հանել «հիմնական» բառը, քանի որ պետական մարմինները իրավասու են կատարել միայն այն գործողությունները, որոնք վերապահված են նրանց օրենքով: Հետեւաբար, զբաղվածության պետական ծառայության լիազորությունները սպառիչ պետք է թվարկված լինեն:
8.Նախագծի 15 հոդվածի 2-րդ մասի 6-րդկետում«օրենքով» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «նախատեսված դեպքերում» բառերը: Նախագծի 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «աշխատավարձի բառից հետո» առաջարկում ենք ավելացնել «մասնակի» բառը, ինչպես ամրագրված է նախագծի 13 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում:
9. Նախագծի 32 հոդվածը ավելորդ է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածը արդեն իսկ ամրագրել է լիազորագրերով հանդես գալու իրավունքը, հետեւաբար իրավական ակտըկարիք չկա ծանրաբեռնել անհարկի կրկնություններով:
10. Նախագծի 33 հոդվածի 1-ին մասում«կարող է վճարել» բառերը առաջարկում ենք փոխարինել «վճարվում է» բառերով: Այլապես ստացվում է, որ կարող է ինչպես վճարվել, այնպես էլ` չվճարվել:
11. Նախագծի 38 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «հիվանդության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կամ այլ հարգելի պատճառների» բառերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «օրենքի նախագծով առաջին անգամ սահմանվում է թաքնված զբաղվածությունը, նրա դրսեւորման ձեւերը, անօրինական զբաղվածության տեսակները, տրվել է այդ երեւույթի բացահայտման եւ կանխարգելման եղանակները: Մեծ նշանակություն տալով թաքնված զբաղվածության դեմ պայքարին, օրենքի նախագծում նախանշվել են վարչական տույժեր եւ տուգանքներ, ինչպես նաեւ երկու անգամ վարչական տույժ ունենալու դեպքում առաջարկվել է այն որակել որպես հանցագործություն»: Սակայն օրենքի նախագծում ոչ թաքնված զբաղվածություն, ոչ դրա համարվարչական տույժեր նախատեսված չեն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1 հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը չեն համապատասխանում միմյանց:
Այսպես, 169.15 հոդվածի վերնագիրը շարադրված է որպես «առանց աշխատանքի թույլտվության օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելը», սակայն հոդվածում խոսք է գնում առանց աշխատանքի թույլտվության աշխատանքի ընդունելու մասին, այսինքն հոդվածից չի բխում, որ սանկցիան վերաբերում է միայն առանց աշխատանքի թույլտվության օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելուն:
Միաժամանակ նշենք, որ «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում խոսք անգամ չի գնում, որ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք աշխատանքի անցնելու համար հատուկ թույլտվություն պետք է ստանան, սահմանված չէ այդ թույլտվության ստացման համար անհրաժեշտ կարգը եւ պայմանները եւ եթե հաշվի առնենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականների մեծ քանակը, ինչպես նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների մեծամասնությունը ազգությամբ հայեր են, կարծում ենք, որ վերջիններիս համար աշխատանքի հատուկ թույլտվություն սահմանելը ճիշտ չի լինի ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով:
2. Նախագծի 3 հոդվածը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի46 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը, համաձայն որի. «Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ: »
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Ա. Սարգսյան