ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք)փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Սակայն Նախագծի վերաբերյալ կան որոշակի դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք ներկայացվում են ստորեւ:
1. Անհրաժեշտ է նկատել, որ Նախագծով փոփոխություն է նախատեսված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում, իսկ Նախագծին կից ներկայացվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքից հոդվածներ:
2. Նախագծի 1 հոդվածով փոփոխություն է նախատեսվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում:
Նկատի ունենալով, որ դրանում ներկայացված հասկացությունները կարող են սահմանվել, այլ ոչ թե կարգավորվել, ուստի, առաջարկում ենք նախաբանում բերված փոփոխության «կարգավորում է» բառը փոխարինել «սահմանում է» բառով:
3. Նախագծի 8 հոդվածով առաջարկվել է Օրենքի 9 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից, ոստիկանության Երեւանի եւ մարզային վարչություններից եւ դրանց ենթակա բաժիններից»: Հիշյալ առաջարկությունն անհրաժեշտ է քննարկել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածին համապատասխանության առումով, համաձայն որի, ոստիկանության պաշտոնների խմբում նախատեսվում է նաեւ «ոստիկանության գլխավոր վարչության պետ (պետի տեղակալ) պաշտոնները»:
4. Նախագծի 14 հոդվածով փոփոխություն է նախատեսվել Օրենքի 20 հոդվածի1-ին մասում: Առաջարկում ենք հիշյալ փոփոխության 3-րդ մասը վերախմբագրել:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան