ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերի սույն փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «կարգավորում է» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանում է» բառով, իսկ «ինչպես նաեւ» բառերից հետո ավելացնել «կարգավորում է» բառերը: Քանի որ օրենքը կարող է կարգավորել իրավահարաբերությունները, սակայն «իրավական ու կազմակերպական հիմքերը» օրենքով ոչ թե կարգավորվում են, այլ սահմանվում: Ընդ որում, նախագծով կարգավորվում են նաեւ ոչ միայն մարմինների եւ կազմակերպությունների միջեւ իրավահարաբերությունները, այլ նաեւ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական անձանց եւ այդ մարմինների միջեւ ծագած իրավահարաբերությունները: Հետեւաբար, առաջարկում ենքայս նկատառումը նույնպես հաշվի առնել:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի «հարցերը սահմանվում են օրենքով սահմանված կարգով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով», քանի որ տվյալ մասում նշված հարցերը կարող են կարգավորվել ոչ միայն օրենքով, այլեւ իրավական այլ ակտերով (մասնավորապես` ՀՀ կառավարության որոշումներով):

3. Վերաշարադրման կարիք է զգում նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող «վճարովի ավտոմոբիլային ճանապարհ» հասկացությունը (ըստ ներկայացված սահմանման ստացվում է, որ վճարովի ավտոմոբիլային ճանապարհը « …վճարովի օգտագործում» է): Առաջարկում ենք այս հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«վճարովի ավտոմոբիլային ճանապարհ` վճարելիության սկզբունքով օգտագործվող (շահագործվող) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ կամ դրանց առանձին հատվածներ եւ ճանապարհային արհեստական կառույցներ.»:

4. Խմբագրական առումով առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «կապերը» բառը փոխարինել «հաղորդակցությունը» բառով:

5. Նախագծի 5 հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: Այսպես, վերնագրում ավտոմոբիլային ճանապարհների կառուցման եւ շահագործման համար թույլտվության հետ միասին նշվում է նաեւ քարտեզների, ատլասների, սխեմաների, հրատարակման թույլտվությունը, սակայն հոդվածում խոսքը գնում է միայն ճանապարհների կառուցման եւ շահագործման թույլտվության մասին:

Վերոհիշյալ հոդվածում, կարծում ենք, որ խոսքը պետք է գնա ոչ թե թույլտվության, այլ համաձայնության մասին, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Հետեւաբար, նախագծում օգտագործելով «թույլտվություն» բառը,ըստ էության, մենք խոսում ենք լիցենզիայի մասին, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17 եւ 18 կետերը արդեն իսկ նախատեսում են կապիտալ շինարարության,կադաստրագրման ու քարտեզագրման բնագավառներում լիցենզիաների տրամադրում:

6. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը եւ այդ հոդվածի տեքստը միմյանց այնքան էլ չեն համապատասխանում: Տեքստում խոսք է գնում միայն ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի մշակման, իսկ վերնագրում` նաեւ դրանց շինարարության, նորոգման եւ պահպանման մասին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է կամ վերնագրից հանել «շինարարությունը, նորոգումը եւ պահպանումը» բառերը, կամ էլ հոդվածի տեքստը լրացնել համապատասխան դրույթներով:

7. Ըստ էության, նույն խնդիրը գոյություն ունի նաեւ նախագծի 8-րդ հոդվածի հետ կապված: Հոդվածի վերնագրում նշվում է ընդհանուր առմամբ ավտոմոբիլային բոլոր ճանապարհների մասին, այնինչ տեքստում խոսքը գնում է միայն ընդհանուր օգտագործման ճանապարհների մասին:

8. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասը առաջարկում ենք հանել, քանի որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանված են ճանապարհային երթեւեկության անվտանգության համար կիրառվող սահմանափակումները, ընդ որում որոշակի դեպքերում վերոհիշյալ օրենքում առկա սահմանափակումները տարբերվում են ներկայացված օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում առկա սահմանափակումներից: Այսպես, ներկայացված նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետի համաձայն արգելվում է երթեւեկելի մասով ու բաժանարար գոտով անասուններ քշելը, սակայն«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը նման հնարավորություն չի բացառում` որոշակի պայմանների պահպանման դեպքում:

9. Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետում «աշխատակազմերի» բառն անհրաժեշտ է տեղափոխել «Ազգային ժողովի» բառերից հետո :

10. Նախագծի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն վճարովի ավտոմոբիլային ճանապարհի տիրապետող կարող է լինել պետությունը, իրավաբանական անձինք եւ համայնքները: Պարզ չէ, թե նման իրավունք ինչո՞ւ չեն կարող ունենալ անհատ ձեռնարկատերերը:

11. Նախագծի 13 հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերը հակասում են նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ` բնակավայրերի փողոցների կամ փողոցների մաս կազմող հատվածների»: Քանի որ օրենքի գործողությունը չի տարածվելու բնակավայրերի փողոցների, կամ փողոցների մաս կազմող հատվածների վրա, հետեւաբար 13-րդ հոդվածի վերոհիշյալ մասերն անհրաժեշտ է հանել:

12. Նախագծի 13-րդ հոդվածի 14-րդ մասի «պատասխանատու են դրանց սեփականատերերը» բառերն առաջարկում ենք փոխարինել «պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը» բառերով:

13. Նախագծի 13-րդ հոդվածի 16-րդ մասի`

ա) «գ» կետից առաջարկում ենք հանել «ձյան» բառը, քանի որընդունելով նշված պահանջի իրավացի լինելը գործնականում չենք պատկերացնում թե ի՞նչ եղանակներով է այն կատարվելու: Հողօգտագործողները ձմռանը ինչպե՞ս են թույլ չտալու ձյան կուտակում ճանապարհի կողեզրից 10 մետր հեռավորության վրա: Դա հեշտ կլիներ կատարել, եթե խսքը գնար ընդամենը մի քանի մետր տարածքի մասին: Սակայն, հաճախ այդ տարածությունը բավական երկար է:

բ) «դ» կետն առաջարկում ենք հանել, քանի որ գործնականում պարզ չէ, թե ինչպես է սեփականատերըկանխելու իր հողատարածքից տրանսպորտային միջոցների ու անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում: Ընդ որում, թեեւ սա ամրագրված է որպես պարտականություն, սակայն պատասխանատվություն դրա համար նախատեսված չէ:

14. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենսդրությամբ» բառով:

15. Նախագծի 18-րդ հոդվածի տեքստից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, որոնց օգտագործումը տվյալ դեպքում ավելորդ է:

16. Նախագծի 19-րդ հոդվածի վերնագրում «փոխհատուցում» բառն առաջարկում ենք փոխարինել «հատուցում» բառով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաեւ նախագծի վերոհիշյալ հոդվածում խոսքը գնում է վնասների հատուցման մասին:

Նույն հոդվածի «օրենսդրությանը համապատասխան» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

17. Նախագծի 5-րդ գլուխն առաջարկում ենք հանել, իսկ 21-րդ հոդվածը վերախմբագրել նախագծի 1-ին գլխում:

18. Նախագծում առկա են նաեւ խմբագրական բնույթի թերություններ:

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Սույն օրենքի նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել լրացումներ, որոնք համահունչ չեն գործող օրենսգրքին եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Այսպես, նախագծի 150.1, 150.2, 150.3, 150.5 հոդվածներով սահմանված խախտումները, ըստ էության, իրենցից ներկայացնում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ եւ որպես այդպիսիք դրանց համար պատժատեսակներ նախատեսված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխի 115, 124, 127 հոդվածներում: Ընդ որում, նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է ՀՀ ոստիկանությունը, այլ ոչ թե` տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Նույն դիրքորոշումն է որդեգրված նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, որի 10-րդ հոդվածի համաձայն ՀՀ ոստիկանությունը. « … գ) վերահսկում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարմանը.

« … զ) ապահովում է ճանապարհային երթեւեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում եւ արգելում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.

է) ձեռնարկում է միջոցներ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ … . »:

Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, նույն նախագծի 12-րդ հոդվածում արդեն իսկ ամրագրված են ճանապարհային երթեւեկության անվտանգության համար անհրաժեշտ սահմանափակումները:

Նախագիծը ներկայացված տեսքով ընդունման դեպքում հնարավոր են դեպքեր, երբ նույն վարչական իրավախախտման, ասենք, օրինակ` չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու համար, վարորդը կարող է պատասխանատվության ենթարկել եւ՛ ՀՀ պետավտոտեսչության կողմից` Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված կարգով, եւ՛ Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից` Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.2հոդվածով սահմանված կարգով:

Վերոհիշյալ նկատառումներով ներկայացված նախագիծն արմատական լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Ա. Սարգսյան
Ս. Համբարձումյան