ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին » ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին » ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագիծը, ընդհանուր առմամբ, միտված է հարկ վճարողների որոշակի կատեգորիաների (նախագծով նախատեսված) վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը: Այս առումով, կարծում ենք, ճիշտ կլինի նախագծի հոդված 1-ով առաջարկվող փոփոխության 1-ին կետի «ա» ենթակետում ավելացնել նաեւ հարկային վնասների եւ ապառքների ծավալները հրապարակելու պահանջ` տեղեկատվությունն ամբողջական դարձնելու նպատակով: Այս կապակցությամբ, առաջարկում ենք նշված «ա» ենթակետի «հարկ վճարողների» բառերից հետո ավելացնել «, ինչպես նաեւ հայտարարագրված վնասների եւ ապառքների մեծության» բառերը: Ի դեպ, նշված դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի հոդված 1-ի «գ», «ե» եւ «է» ենթակետերին:

2. Հոդված 1-ի «է» ենթակետով սահմանվում է, որ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը հարկային մարմինները հրապարակում են տեղեկատվություն հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե 100 հազ. դրամ եւ ավելի եկամտահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ: Կարծում ենք, որ նշված գումարի չափը խիստ փոքր է եւ կարիք ունի վերանայման, քանի որ այդ դեպքում գրեթե բոլոր հարկային գործակալները կհայտնվեն այդ ցուցակում: Բացի այդ, մեր կարծիքով, եկամտահարկի գծով նման ցուցակների հրապարակումը չի կարող որոշակի վերլուծությունների եւ եզրահանգումների իրականացման հնարավորություն ընձեռել, քանի որ աշխատողների ցուցակային թիվը հաշվի չի առնվում: Այսինքն, այդ ցուցակներում կարող են հայտնվել աշխատողների տարբեր թվաքանակ ունեցող, սակայն 100 հազար դրամ եւ ավելի եկամտահարկ վճարած հարկ վճարողները:

Ընդ որում, նշենք որ տարեկան կտրվածքով 100 000 դրամ եւ ավելի եկամտահարկ վճարող անձանց շրջանակը բավական մեծ է եւ գործնական առումով պարզ չէ, թե ինչպես կարող է նման անձանց ցուցակի հրապարակումը նպաստել հարկային մարմնի թափանցիկության ու հրապարակայնության ապահովման խնդրի լուծմանը:

Այս առումով, առաջարկում ենք հիշյալ առաջարկությունները քննարկել նաեւ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածով ամրագրված անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից անձի իրավունք ի պաշտպանության համատեքստում կամ նախագծից ընդհանրապես հանել հոդված 1-ի «է» ենթակետը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «պարբերություններն» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասերն» բառով, իսկ «պարբերությունով» բառը` «մասով» բառով:

4. Նույն հոդվածում առաջարկվում է «ճանաչել» բառից հետո դնել վերջակետ եւ որպես շարունակություն «Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով» նախադասությամբ:

5. Նախագծի այլ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները խնդիրներ կառաջացնեն առեւտրային գաղտնիքի պահպանման տեսանկյունից, քանի որ պարզ չէ, թե իրացման շրջանառությունը հրապարակելը կամ արտադրանքի միջին գները նշելը չի նշանակում արդյոք առեւտրային գաղտնիքի խախտում:

6. Կարծում ենք, որ քննարկման է արժանի այն հարցը, թե առաջարկվող փոփոխությունները պետք է վերաբերվեն անխտիր բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, թե միայն հարկային իրավախախտումներ կատարած սուբյեկտներին:

7. Նախագծում առկա են նաեւ որոշ տեխնիկականսխալներ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Սարգսյան
Վ. Էլոյան
Ա. Աղաբաբյան