ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:
1. Նախագծի 2 հոդվածում տրվում է «անտառային հողեր» հասկացության բնորոշումը, համաձայն որի « անտառային հողեր` անտառապատ, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաեւ անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր »: Նշված բնորոշումը վերարտադրում է ՀՀ հողային օրենսգրքի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը: Սակայն նույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն. «Ա նտառային հողերի կազմում կարող են ներառվել գյուղատնտեսական հողատեսքերը, թփուտները, հողերի պահպանության նպատակով հիմնված անտառաշերտերը եւ այլ հողեր »: Հետեւաբար, առաջարկում ենք այս պարբերությունը եւս ներառել Նախագծում «անտառային հողերին» տրված բնորոշման մեջ:
2. Նախագծի նույն հոդվածի «բնափայտի մթերում» հասկացության բնորոշման մեջ «քամատապալ» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կայծակնահար» բառը:
3. Նախագծի 3 հոդվածի 1-ին պարբերությունն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Հայաստանի Հանրապետությունում անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն օրենսգրքովեւ այլ իրավական ակտերով », քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1 հոդվածի 2-րդ պարբերության համաձայն. «Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին», հետեւաբար, օրենսդրական տեխնիկայի առումով, քաղաքացիական օրենսգիրքը պետք է հիշատակվի ավելի վաղ, քան անտառային օրենսգիրքը:
4. Նախագծի 5 հոդվածի 1-ին մասի «դ» կետն առաջարկում ենք հանել, քանի որ վարձակալության պայամանագրի ժամկետները եւ վարձավճարը պայամանագրի պայմաններից են, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437 հոդվածի 4-րսդ մասի համաձայն. «Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):»: Ընդ որում նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612 հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Օրենքով կարող են սահմանվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաեւ գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրիառավելագույն ժամկետներ», իսկ հողային օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ մասի համաձայն. « 3. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչեւ 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի »:
5.Նախագծի 5 հոդվածի 1-ին մասի «ե» կետը նույնպես ավելորդ է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով», հետեւաբար` սեփականատերը վերոհիշյալ հոդվածի ուժով արդեն իսկ իրավունք ունի ինչպես վարձակալության, այնպես էլ անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնել իր սեփականության ներքո գտնվող գույքը, տվյալ դեպքում` անտառը:
6. Նախագծի 5 հոդվածի 2-րդ մասի «է» կետից առաջարկում ենք հանել «պետական» բառը, քանի որ այդ կետում թվարկված անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման եւ կանխարգելման պարտականությունը հավասարապես պետք է վերաբերվի ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական անտառների սեփականատերերին:
7. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությանն է պատկանում. « ժգ) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը »: Նշված դրույթը հակասում է ՀՀ հողային օրենսգրքի 7 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. « Կառավարությունը հողաշինարարական ու քաղաքաշինական փաստաթղթերի, պետական հաշվառման տվյալների հիման վրա սահմանում եւ փոփոխում է հողերի նպատակային նշանակությունը »:
8. Նախագծի 24 հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել «պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում գործող կազմակերպություն» հասկացությունը, քանի որ պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում կարող են լինել կառուցվածքային եւ տարածքային ստորոբաժանումներ, ինչպես նաեւ հիմնարկներ, այլ ոչ թե կազմակերպություններ:
9. Նախագծի 32 հոդվածի 2-րդ մասն ավելորդ է, քանի որ կրկնում է ՀՀ հողային օրենսգրքի 75 հոդվածի 1-ին մասի դրույթը, համաձայն որի. «Պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում՝
1) պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.
2) բարեգործական հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին՝ իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
3) համատիրություններին.
4) օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում»: 10. Նախագծի 38 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պաշտպանական եւ արտադրական նշանակության պետական անտառներում եւ/կամ անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաեւ մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ եւ ընտանի կենդանիների արածեցում` անտառօգտագործման պայմանագրի եւ անտառային տոմսի հիման վրա»: Հիշյալ դրույթը հակասում է նույն հոդվածի2-րդ մասի 2-րդ պարբերությանը, համաձայն որի. « Պետական եւ համայնքային անտառներում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է »:
11. Նախագծի 41 հոդվածի 1-ին մասի «ե» կետը բովանդակային կապ չունի 1-ին մասի 1-ին պարբերության հետ:
12. Նախագծի 47 հոդվածի 2-րդ եւ 52 հոդվածի 1-ին մասերն ավելորդ են, քանի որ վարձատուի պահանջով վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622 հոդվածում, ընդ որում, այդ հիմքերը սահմանված են իմպերատիվ եւ նշված հոդվածում չկա որեւէ դրույթ առ այն, որ այլ օրենքով կարող են սահմանվել վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր:
13. Նախագծի 50 հոդվածի 1-ին մասի ընդունումը համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն է բերում ՀՀ հողային օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն. « Պետության եւ համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչեւ 25 տարի»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Ա. Սարգսյան