ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

          ՀՀ Ազգային ժողովի օրենդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /այսուհետ` Նախագիծ/:
          Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

          ՀՀ Ազգային ժողովի օրենդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /այսուհետ` Նախագիծ/:
          Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

            Նախագծի վերաբերյալ կան հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

          1.Նախագծի առաջին հոդվածում սահմանվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  կառուցվածքային ստորաբաժանումները  եւ տրվում վերջիններիս անվանումները: Գտնում ենք, որ օրենքով կարգավորման են ենթակա միայն առավել կայուն հասարակական հարարաբերությունները, իսկ նման դրույթը ամրագրելը օրենքը կդարձնի ոչ ճկուն եւ ամեն անգամ կառուցվածքային փոփոխություններ կատարելիս անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ օրենքում:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 2 հոդվածի «բ» մասին:

2. Նախագծի 3 հոդվածով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի /այսուհետ` Օրենք/  5 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Համեմատական-իրավական վերլուծության արդյունքում պարզվել է, որ 5-րդ հոդվածում առաջարկվում է կատարել մասնակի փոփոխություններ, որոնք ամբողջ հոդվածի վերախմբագրման անհրաժեշտությունը չեն առաջացնում: Այսպես, օրենքի 5 հոդվածի 1 մասից առաջարկվել է սոսկ հանել «արդարադատության գեներալ-լեյտենանտ» բառակապակցությունը, ինչպես նաեւ 2-րդ պարբերությունը:

Նշենք նաեւ, որ Օրենքի 5 հոդվածի 6-րդ մասի խմբագրությունը շարահյուսական առումով ավելի ճիշտ է, քան առաջարկվող 6-րդ  մասի խմբագրությունը:

3. Քանի որ Նախագծի 9 հոդվածում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնների նշանակման չափորոշիչները, այդ թվում նաեւ համապատասխան նվազագույն կոչումները, արդեն իսկ ամրագրված են, ապա նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 6 հոդվածի անհրաժեշտությունը վերանում է:

4.Նախագծի 5 հոդվածի «բ» մասով առաջարկվում է այլ պետական մարմիններից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ծառայության անցած քաղաքացիներին համապատասխան կոչումը շնորհել երեք ամսում: Գտնում ենք, որ գործող կարգավորումը /կոչումը շնորհվում է պաշտոնի նշանակման հետ միաժամանակ/ բացառում է հնարավոր բյուրոկրատական քաշքշուկները:

Ընդ որում, ստացվում է այնպես, որ եթե կոչում չունեցող քաղաքացին է անցնում ծառայության, ապա, նույն հոդվածի «գ» մասի համաձայն, նրան կոչում շնորհվում է  պաշտոնի նշանակման հետ միաժամանակ, իսկ եթե նա ուներ, օրինակ, սերժանտի զինվորական կոչում, ապա նրան լեյտենանտի կոչում շնորհվելու է երեք ամսվա ընթացքում:

5. Նույն հոդվածի «գ» մասում «ծառայողական քննության մեջ» բառերը անհրաժեշտ է փոխարինել «նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն» բառակապակցությամբ, քանի որ անձը չի կարող գտնվել ծառայողական քննության մեջ:

6.Նախագծի 7 հոդվածի «բ» մասով հնարավորւթյուն է տրվում նաեւ առողջական վիճակի բերումով հարկադիր կատարման ծառայության պահանջներին չբավարարող քաղաքացիներին նույնպես ներգրավել ուսումնական դասընթացներում, ինչը իմաստազուրկ է, քանի որ դասընթացներին մասնակցելուց հետո էլ նրանք չեն կարող պաշտոնի նշանակվել:

7. Նախագծի 9 հոդվածով առաջարկվում է Օրենքի 12 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Համեմատական-իրավական վերլուծության արյունքում պարզվել է, որ Օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվում է կատարել մասնակի փոփոխություններ, որոնք ամբողջ հոդվածի վերախմբագրման անհրաժեշտություն չեն առաջացնում: Այսպես, օրենքի 12 հոդվածի 1 եւ 2-րդ մասերում միայն «վերջին բառը» փոխարինվել է «առնվազն» բառով:

8. Նախագծի 9 հոդվածով առաջարկվող  Օրենքի 12 հոդվածի վերախմբագրված շարադրանքի 5-րդ մասը կիրառելի չէ, քանի որ այլ մարմիններում  հատուկ ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող ունենալ հարկադիր կատարման ծառայությունում որոշակի աշխատանքային ստաժ /բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին նախկինում աշխատել է  հարկադիր կատարման ծառայությունում/, ինչը քաղաքացուն ներկայացվող պահանջներից մեկն է:

Միաժամանակ նշենք, որ, մեր կարծիքով, հարկադիր կատարման ծառայությունում կարող են աշխատանքի անցնել ոչ միայն հատուկ ծառայությունների, այլ` նաեւ այլ պետական ծառայությունների աշխատակիցները:

9. Նախագծի 11 հոդվածով առաջարկվող  Օրենքի 13 հոդվածի վերախմբագրված շարադրանքում 9-րդ մասից հետո թվագրված են 12 եւ 13-րդ մասերը:

10. Նախագծի 17 հոդվածով առաջարկվում է Օրենքի 19 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Համեմատական-իրավական վերլուծության արդյունքում պարզվել է, որ Օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվում է կատարել մասնակի փոփոխություններ, որոնք ամբողջ հոդվածի վերա՟խմբագրման անհրաժեշտություն   չեն առաջացնում:

11.  Նախագծի 18 հոդվածով առաջարկվում է Օրենքի 20 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Թեեւ հոդվածի վերնագրում խոսքը գնում է արդարադատության նախարարության լիազորությունների մասին, սակայն հոդվածում խոսվում է սոսկ նախարարի լիազորությունների մասին:

12. Նախագծի 23 հոդվածով առաջարկվում է Օրենքի 32 հոդվածում «28 օրացուցային  օր» բառակապակցությունը փոխարինել «28 օրացուցային  օր, որում չեն ներառվում տոնական եւ հիշատակի օրերը» բառակապակցությամբ, ինչր հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159 հոդվածի 1 մասի դրույթին, համաձայն որի  նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացույցային օր է: Ընդ որում, նշենք. ըր, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156 հոդվածում թվարկված տոնական եւ հիշատակի օրերի, մնացած տոնական եւ հիշատակի օրերը աշխատանքային օրեր են;

Ավելացնենք նաեւ, որ աշխատանքային օրենսգրքի 160 եւ 161 հոդվածների համաձայն, երկարացված եւ լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:

13. Նախագծի 27 հոդվածով առաջարկվող  Օրենքի 36 հոդվածի վերախմբագրված շարադրանքում

ա/ 5-րդ մասից առաջարկում ենք հանել «նաեւ նշանակումից վեց ամիս հետո» բառակապակցությունը:

բ/ 8-րդ մասում «անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու» բառակապակցությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածին, որում սահմանված են քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:

14.Նախագծի 44 հոդվածում առաջարկում ենք «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառակապակցությունը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից» բառակապակցությամբ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա. ԵՐԵՄՅԱՆ
           Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
           Հ. ԻՍՐԱԵԼՅԱՆ
           Մ.ՀԱԿՈԲՅԱՆ