ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :
Oրենքի նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները:
1.Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածը լրացնել նոր` 5-րդ կետով: Առաջարկվող լրացման իմաստն է`սահմանել հայցային վաղեմության հատուկ (կարճ) ժամկետ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց վարչական վարույթում ընդունած վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան ներկայացնելու համար:
Օրենքի նախագծին վերաբերող հիմնավորման մեջ չեն նշվել այն վտանգները կամ թերությունները, որոնք այժմ ծագում են նման կարգի ակտերը անվավեր ճանաչելու ընթացքում: Ավելին, հիմնավորումը հիմնված է իրավական եւ գիտական հիմքեր չպարունակող դրույթների վրա: Օրինակ, որպես հիմնավորում նշված է, որ շատ դեպքերում վարչական կարգով որոշում ընդունած անձինք այլեւս չեն աշխատում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում:
Առաջարկվող լրացումը ըմդունելու դեպքում ուղղակի հակասություն կծագի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում» վերնագրով 344 հոդվածում ամրագրված դրույթների հետ: Այդ իմաստով, եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344 հոդվածում ամրագրված դրույթները բխում են միջազգային իրավունքի նորմերից, գտնում ենք, որ օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվող լրացումը ընդունելի չէ: Զուգահեռ նշենք, որ նույն հոդվածում խոսքը վերաբերում է «օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին»: Եթե ակտն անվերապահորեն օրենքին հակասող է, այն ենթակա է վերացման, իսկ եթե այն վիճելի է օրենքին համապատասխանելու տեսանկյունից, ապա այն ենթակա է քննարկման` անվավեր ճանաչելու իմաստով:
2. Օրենքի նախագծի 2 հոդվածով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «Ըստ էության ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձեւական նկատառումներով»: Դրանով փորձ է կատարվում վերացնել վարչական վարույթի ընթացակարգին վերաբերող գաղափարախոսության իմաստը, որի համաձայն վարչական վարույթը պետք է իրականացվի ոչ թե կամայական` ցանկացած եղանակո վ , այլ օրինական` օրենքով սահմանված եղանակով:
Հիշյալ լրացումը ընդունելու դեպքում վարչական վարույթի ընթացակարգին վերաբերող ցանկացած օրենքում նշված դրույթները կկորցնեն իրենց համապարտադիր նշանակությունը, ուստի կ դադարեն կիրառելի լինելուց:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Հայկյանց
Ա.Երեմյան
Կ.Հարությունյան