ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետոււթյանօրենքների նախագծերը:
«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետոււթյան օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 5 հոդվածի համաձայն ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապաովագրության ենթակա են վարձու աշխատողները եւ անհատ ձեռնարկատերերն ու նոտարները: Համաձայն Նախագծի 4 հոդվածի` ապահովագրության նպաստները վճարվում են «օրենքով սահմված կարգով կատարվող պարտադիր սոցիալական վճարումների հաշվին»: Հետեւաբար, քանի որ եւ՛ վարձու աշխատողները, եւ՛ անհատ ձեռնարկատերերն ու նոտարները օրենքով սահմանված կարգով կատարում են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ, ապահովագրական նպաստներ ստանալու նրանց իրավունքները պետք է նույնական լինեն: Սակայն Նախագիծը 3-րդ գլուխը կարգավորում է վարձու աշխատողների ապահովագրական նպաստների, իսկ 4-րդ գլուխը` ինքնուրույնաբար իրենց աշխատանքվ ապահոված անձանց (անհատ ձեռնարկատերերի ու նոտարների) ապահովագրական նպաստների, ստացման դեպքերը: Ընդ որում, վերջիններիս չի նախատեսվում տրամադրել առողջարանային բուժման նպաստ, իսկ հիվանդության, ինչպես նաեւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, նպաստը տրամադրվում է ավելի նեղ շրջանակով, քան `վարձու աշխատողների համար:
Կարծում ենք, որ, ելնելով Նախագծի 4 հոդվածի տրամաբանությունից, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք պետք է նույն դեպքերում եւ նույն կարգով ապահովագրական նպաստներ ստանան, ինչ որ` վարձու աշխատողները: Չէ՞ որ, օրինակ, հիվանդանոցային բուժական հաստատությունից անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված նոտարը կամ անհատ ձեռնարկատերը այդ ժամանակահատվածում նույնպես չեն աշխատելու եւ հետեւաբար, կարիք են ունենալու այդ ապահովագրական նպաստների:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետոււթյանօրենքների նախագծերի 2 հոդվածների համաձայն` դրանք ուժի մեջ պետք է մտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչդեռ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: Հետեւաբար, պարզ չէ, թե, օրինակ, եթե «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1 հոդվածի «գ» մասով նախատեսված դեպքը վրա է հասել վերոհիշյալ նախագծի ուժի մեջ մտնելուց հետո 10 օրյա ժամկետում, ապա, ինչպե՞ս պետք է ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվի, եթե«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել:
Նշենք նաեւ, որ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետոււթյան օրենքի նախագծով հարկային մարմնին վերապահում է նոր գործառույթ, հետեւաբար, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն կարող է ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից, քանի որ « իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության» կարգ է սահմանում:
Հետեւաբար, առաջարկում ենք վերոհիշյալ երկու նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Ա. Սարգսյան