ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները:
1. Նախագծում առաջարկվում է «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է հինգ անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ՝ երեք տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների քանակը եւ նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանը պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում »:
Մեր կարծիքով, անհրաժեշտ է «ընկերությանը պարտք ունեցող անդամների» հասկացությունը հստակեցնել, քանի որ ջրի ամսեկան վարձը վճարելուց հետո մարդը շարունակում է ջուրն օգտագործել եւ նրան կարելի է մշտապես պարտք ունեցող անձ համարել: Հետեւաբար, հարկ է հստակեցնել պարտքի սահմանները, հակառակ դեպքում Վարչական խորհրդի կազմ չի ձեւավորվի:
2. Ինչ վերաբերում է ոռոգման ջուր ստացող համայնքների ղեկավարների Վարչական խորհրդի կազմում ընտրվելու խնդրին, ապա իրավունքի տեսանկյունից առաջարկը սահմանափակում է համայնքների ղեկավարների իրավունքները, քանզի ոռոգման ջրի օգտագործման խնդիրն այդ ղեկավարների առաջնային եւ կարեւոր խնդիրներից մեկն է եւ անմիջականորեն առնչվում է նրանց գործունեության հետ: Ուստի չի կարելի համայնքի ղեկավարներին օրենքով զրկել նման խնդիրներ կարգավորելու լիազորությունից, ավելի ճիշտ` պարտավորությունից:
Հետեւաբար, առաջարկված Նախագիծը վերանայման կարիք ունի:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Յու. Խալաթյան