ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքների նախագծերի սույն փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրինագծերի սույն փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Օրինագծերի փաթեթում ընդգրկված նախագծերի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

Ա.«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «գործատու» հասկացության նոր խմբագրությամբ տեքստում, ի տարբերություն գործող սահմանման, ավելացել է նաեւ ֆիզիկական անձանց աշխատանքը փաստացի օգտագործելու պայմանը, որը կարող է տարընթերցման տեղիք տալ: Մասնավորապես, նոր սահմանմամբ ստացվում է, որ գործատու կարող են համարվել քաղաքացիաիրավական հարաբերությունների այն սուբյեկտները, որոնք իրավունք ունեն օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց` փաստացի օգտագործելով նրանց աշխատանքը: Խնդիրը կայանում է նրանում, որ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սոցիալական վճարումներ կատարող, ի թիվս այլ կատեգորիայի վճարողների, հանդիսանում են նաեւ գործատուները, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` այդ վճարումները նրանք կատարում են « …իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար …»: Այսինքն, առաջարկվող խմբագրությամբ տվյալ դրույթն ընդունվելու դեպքում, այն գործատուները, որոնք կունենան ձեւակերպված, բայց որոշ ժամանակով կամ անժամկետ փաստացի չաշխատող աշխատակիցներ, այդ մասով նրանք չեն համարվի գործատուներ եւ, բնականաբար, այդ աշխատակիցների համար չպետք է կատարեն սոցիալական վճարներ, ինչն էլ կհակասի գործող օրենքի տրամաբանությանը (մասնավորապես` նվազագույն սոցիալական վճարների հետ կապված դրույթներին): Այս կապակցությամբ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «գործատու» հասկացության տեքստից հանել «փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները)» բառերը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը (սոցիալական նվազագույն վճարի չափը 2500 դրամով ավելացնելը) պարունակում է որոշակի ռիսկեր` կապված այս ավելացման հետեւանքով աշխատատեղերի հնարավոր կրճատման, թաքնված զբաղվածության ծավալների ավելացման եւ դրանց հետ կապված բացասական մյուս հայտնի երեւույթների հետ: Այս առումով, կարծում ենք, տվյալ խնդիրն անհրաժեշտ է քննարկել ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի համատեքստում` զուգահեռաբար միջոցներ ձեռնարկելով տվյալ փոփոխության հնարավոր հետեւանքների չեզոքացման ուղղությամբ:

3. Նախագծի 4-րդ հոդվածի «ա» կետով առաջարկվող փոփոխության տեքստի երկրորդ նախադասության մեջ, մեր կարծիքով, տեղ են գտել միանգամից չորս էական բացթողումներ եւ սխալներ:

ա) Միանգամայն անորոշ է թե կոնկրետ ո՞ր ժամանակաշրջանի ո՞ր ամսի եւ ո՞ր վճարողների մասին է գնում խոսքը` կապված առ 2003թ. ապրիլի 1-ը ունեցած պարքերի մարման հետ: Ըստ էության, նշված «տվյալ ամսում վճարելու» դեպքը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ, այնինչ օրենսդրական սույն փաթեթի մասը կազմող «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում է սահմանել որոշակի կոնկրետ ժամանակահատված եւ պայմաններ` այդ պարտքերը մարելու համար: Հետեւաբար, անհարժեշտ է հստակեցնել նշված պարտքերի վճարման ժամկետները, ընդ որում` առանձնացնելով եւ հաշվի առնելով անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվող արտոնությունները կամ էլ համապատասխան մասով հղում կատարել նշված արտոնությունները սահմանող օրենքի վրա:

բ) Տվյալ նախադասության տեքստից ստացվում է, որ « … առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները … վճարում են մինչեւ հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)»: Այս դեպքում նույնացվել են սոցիալական վճարներ «վճարել» եւ «փոխանցել» հասկացությունները, որոնք միանգամայն տարբեր երեւույթներ են: Հետեւաբար, «վճարում են» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով, ինչն էլ այս իմաստով օգտագործված է գործող օրենքի ողջ տեքստում:

գ) Ըստ տվյալ նախադասության շարադրանքի, խոսքը վերաբերում է 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների …» գծով պարտքերին, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի տրամաբանության մեջ: Բնականաբար, այստեղ կարող է խոսք գնալ միայն պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով կուտակված պարտքերի մասին:

դ) Քանի որ նշված նախադասության տեքստում խոսքը գնում է կոնկրետ ժամանակաշրջանի (2003թ. ապրիլի 1-ի դրությամբ) առկա պարտքերի մարման մասին, այս նախադասության դրույթներն իրենց էությամբ եւ բովանդակությամբ դառնում են անցումային դրույթներ, որոնք, օրենդրական տեխնիկայի կանոններին համապատասխան, պետք է արտացոլվել օրենքի համապատասխան բաժնում:

Այս կապակցությամբ առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի «ա» կետի երկրորդ նախադասությունը լրացնել ոչ թե օրենքի 6-րդ հոդվածում (ինչպես առաջարկվում է սույն նախագծով), այլ առանձին գլխի եւ հոդվածի տեսքով, որպես անցումային դրույթ, ավելացնել օրենքի 13-րդ հոդվածից հետո, հետեւյալ խմբագրությամբ`

«ԳԼՈՒԽ VII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

Հոդված 14. Անցումային դրույթ

Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների գծով 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առկա պարտքերը (այդ թվում` դրանց նկատմամբ օրենդրությամբ սահմանված կարգով հաշվարկված եւ չվճարված տույժերն ու տուգանքները) որեւէ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչեւ հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ), եթե օրենքով բան նախատեսված չէ:»:

4. Նախագծի 4-րդ հոդվածի «դ» կետով առաջարկվող լրացման մեջ «Գործատուները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Սոցիալական վճարումներ կատարողները» բառերով, քանի որ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով որպես այդպիսիք հանդիսանում են նաեւ առաջարկվող փոփոխության մեջ չնշված վարձու աշխատողները (որոնք, համաձայն սույն նախագծի 2-րդ հոդվածի «բ» կետով նախատեսվող լրացման, կարող լինել նաեւ այս վճարներն ինքնուրույն վճարող անձինք): Հակառակ դեպքում, սոցիալական վճարներն ինքնուրույն հաշվարկող եւ վճարող վարձու աշխատողները կզրկվեն հայտարարագրերում եւ հաշվետվություններում ինքնուրույն սխալները հայտնաբերելու եւ ճշգրտելու իրավունքից, որի նախատեսումը միանգամայն արդարացված է:

Բ. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Սույն նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման տեքստի (291 հոդվածի) 4-րդ մասում նշվում է, որ ՀՀ կառավարությունը որոշակի ոլորտներու գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար « …կարող է սահմանել նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:»: Այսպիսի դրույթի ամրագրումն, ըստ էության, թույլ է տալիս շրջանցել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի այն պահանջը, ըստ որի միմիայն օրենքով պետք է սահմանվեն «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը», քանի որ հարկի հաշվարկման բազայի նվազեցումներն անխուսափելիորեն փոխում են վճարվող հարկի չափը: Այս նկատառումով առաջարկում ենք հանել նախագծի 291 հոդվածի 4-րդ մասը, իսկ անհարժեշտ նվազեցումներն ամրագրել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում:

Գ.«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ

սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի նախագծի վերաբերյալ

  1. Նախագծի 3-րդ հոդվածի առաջին պարբերության «30 տոկոսը» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «առնվազն» բառը, այլապես նախատեսվող արտոնությունը կվերաբերի միայն պարտքերի ճիշտ 30 տոկոսը վճարող անհատ ձեռնարկատերերին, այն դեպքում, երբ հոդվածի եւ ընդհանուր առմամբ ողջ նախագծի տրամաբանությամբ այս արտոնությունը պետք է տարածվի պարտքերի 30 եւ ավելի տոկոսը վճարողների վրա:
  2. Ընդհանուր առմամբ սույն օրինագծով անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվող արտոնությունների տրամադրումը հիմնավորված եւ արդարացված է, եւ թույլ կտա ոչ միայն էապես նվազեցնել կուտակված հարկային ապառքների «բեռը», այլեւ անհատ ձեռնարկատերերի համար կստեղծի գործունեության ընդլայնման նոր հնարավորություններ: Սակայն, ինչպես հաճախ է պատահում նման օրինագծերի դեպքում, այս նախագծում եւս ոչինչ չի ասվում այն անհատ ձեռնարկատերերի մասին, որոնք մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ կամ մասամբ արդեն վճարել են իրենց պարտքերը: Այսինքն, ժամանակին պարտքերը չվճարած հարկատուներին վճարման արտոնություններ տալով, պետությունն ըստ էության «պատժում է» օրինապահ հարկատուներին, եթե նրանց համար չի նախատեսում համարժեք այլ արտոնություն կամ հնարավորություն: Այս կապակցությամբ, ինչպես նաեւ հարկային հարաբերություններում արդարության սկզբունքի պահպանման նպատակով, առաջարկում ենք սույն նախագծում սահմանել դրույթ այն մասին, որ տվյալ պարտքերը ժամանակին վճարած անհատ ձեռնարկատերերին վերադարձվում են համապատասխան գումարները կամ էլ դրանք հաշվանցվում են գալիք ժամանակաշրջաններում նրանց հարկային պարտավորությունների հաշվին:

Օրինագծերի փաթեթում ընդգրկված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Կ. Հարությունյան