ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայխնայբանկում»-ում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայխնայբանկում»-ում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Oրենքի նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

  1. Նախագծից, կարծում ենք, անհրաժեշտ է հանել պրեամբուլան, քանի որ դրանում պարունակվող դրույթը (ավելի կոնկրետ եւ խնայողությունների ավանդադրման ժամկետի նշումով) արդեն իսկ արտացոլված է նախագծի 1-ին հոդվածում:
  2. Նախագծի 3-րդ հոդվածի «մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը» բառերով` ոչ միայն այդ ժամկետն անցած լինելու, այլեւ կառավարությանը համապատասխան ծրագիրը մշակելու եւ ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ տրամադրելու նկատառումներից ելնելով:
  3. Նախագծի առումով բաց է մնում այն գումարների հետ կապված խնդիրների լուծումը, որոնք թեեւ չեն հանդիսացել խնայողական ավանդներ, սակայն ըստ էության նույնպես չմարված ֆինանսական պարտավորություններ են իրենցից ներկայացնում (օրինակ` պետության կողմից թողարկված ու իրացված ներքին փոխառության պարտատոմսերը, ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով թողարկված պարտատոմսերը եւ այլն):

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Վ. Մանուկյան