ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով
ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու
(կոնցենսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները.

1. Նախագծի առաջարկից հետեւում է, որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի տեքստից «մետաղական» բառերը հանելով բոլոր պայմանները հավասարապես կտարածվեն նաեւ ոչ մետաղական օգտակար հանածոների ու գունագեղ քարերի արդյունահանողնեի վրա, մինչդեռ այդ հարաբերությունները, մասնավորապես, ռոյալթի գանձումը սահմանված է տվյալ օրենքի 45 հոդվածով` ՀՀ կառավարության սահմանած չափով ու կարգով: Տվյալ դեպքում հարկ էր հիմնավորել, թե որքանո՞վ են տարբերվում այդ չափերն ու կարգը մետաղական օգտակար հանածոների գանձումից եւ ինչպե՞ս նոր պայմանները կանդրադառնան ոչ մետաղական օգտակար հանածոներ եւ գունագեղ քարեր արտահանողների գործունեության վրա: Բացի դա, ճիշտ վերլուծության եւ իրավական եզրակացության համար անհրաժեշտ էր նշել, թե որոնք էին նման փոփոխությունների պատճառները:

2. Նախագծի 2 հոդվածի «գ», «դ» եւ «ե» կետերն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ օրենքի 44 հոդվածը ծավալուն է եւ բաղկացած է բազմաթիվ մասերից, կետերից եւ պարբերություններից: Այսինքն` Նախագծի 2 հոդվածի նշված կետերում ճիշտ չեն թվարկված առաջարկվող փոփոխությունների տեղերը («գ) 1-ին մասի նախավերջին պարբերությունից հանել....», «դ) 2-րդ մասը շարադրել....» պարզ չէ, թե հատկապես ո՞ր 2-րդ մասը):

Մեր կարծիքով հստակ կլինի շարադրել փոփոխման ենթակա դրույթի բովանդակությունն` առաջարկելով այն շարադրել նոր խմբագրությամբ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
 Կ. Հարությունյան