Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին»,
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացուներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացուներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Քննարկելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` եկել ենք այն համոզման, որ վերջիններս շարադրված են թերի, կան բազմաթիվ հակասություններ նախագծերի առանձին դրույթների միջեւ:

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ հիմնական առաջարկությունները եւ դիտողությունները:

1. Նախագծի 1 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի «նկատմամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հետ կապված հարաբերությունները» բառերով, քանի որ օրենքը կոչված է կարգավորելու որոշակի հարաբերություններ:

2. Նախագծի 2 հոդվածի վերնագրի «հետ կապված հարաբերությունների կարգավորումը» բառերը հարկավոր է փոխարինել «մասին օրենսդրությունը» բառերով, քանի որ հոդվածի բովանդակությունը վկայում է վերջինիս վերաբերյալ:

Նույն հոդվածի 1-ին մասի «հետ կապված հարաբերությունները կարգավորվում են» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մասին օրենսդրությունը բաղկացած է» բառերով, իսկ «Սահմանադրությամբ», «օրենքով», «օրենքներով», «ակտերով» եւ «պայմանագրերով» բառերը շարադրել բացառական հոլովով:

Նույն հոդվածի 2-րդ մասը հարկավոր է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի նորմին:

3. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «վճիռները» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «դատավճիռները» բառը:

Նույն մասի 4-րդ կետի շարադրանքից հարկավոր է հանել «եւ այլն» բառերը, քանի որ հարկավոր է հստակ սահմանել, թե որոնք են պաշտոնական խորհրդանիշներն ու նշանները:

Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «տարածվում» բառից հետո ավելացնել «գյուտերի» բառը, քանի որ գյուտերը, իրենց էությամբ հանդիսանալով մտավոր սեփականության օբյեկտ, կարգավորվում են արտոնագրային իրավունքով: Իսկ«համակարգերի» բառից հետո` «առաջարկվող լուծումների, արարողակարգերի» բառերը, իսկ «վրա» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:» բառերը:

4. Նախագծի 5 հոդվածի 2-րդ մասում «համար» բառից հետո առաջարկում ենք լրացնել «հաշվի առնելով ստեղծագործության բնույթը» բառերը:

5. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը իրավունք է ընձեռում համահեղինակներից յուրաքանչյուրին իր ստեղծած ստեղծագործության ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործել իր հայեցողությամբ, սակայն, տեքստի բովանդակությունից ենթադրվում է, որ Նախագծի հեղինակները «օգտագործել» բառի տակ նկատի ունեն «տիրապետելու եւ տնօրինելու» իրավունքները եւս, ըստ այդմ, առաջարկում ենք կետում ավելացնել նշված բառերը:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 11 հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենսգրքի 1124 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը: Մասնավորապես, նշված հոդվածի 4-րդ մասը վերաբերում է ստեղծագործության տարածելու ձեւերին: Վերը շարադրված առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է 1124 հոդվածում կատարվող փոփոխությամբ, քանի որ բաց է մնում ստեղծագործությունը օգտագործելու հասկացության պարզաբանումը:

Առաջարկում ենք քննարկել նույն փոփոխությունը Նախագծի 7 հոդվածի 2-րդ մասում եւ Նախագծի ամբողջ տեքստում կատարելու հարցը:

Նույն կետի «համաձայնությամբ» բառը հարկավոր է փոխարինել «միջեւ կնքված պայմանագրով» բառերով, քանի որ ՀՀ Քաղ. օր.-ը կողմերի միջեւ համաձայնության ձեռք բերման տակ սահմանում է պայմանագիրը: Առաջարկում ենք քննարկել նույն փոփոխությունը հոդվածի 2-րդ մասում եւ Նախագծի ամբողջ տեքստում կատարելու անհրաժեշտության հարցը:

Հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք «վարձատրությունը» բառը փոխարինել «եկամուտը» բառով:

Առաջարկում ենք հոդվածի 2-րդ մասում ավելացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ` «Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե հեղինակներից թեկուզ մեկը սույն օրենքով օգտվում է հեղինակային իրավունքից:»:

6. Նախագծի 8 հոդվածի 2-րդ մասի «իրավունք ունի իրականացնել» բառերն առաջարկում ենք փոխարինել «այդ կարգավիճակով իրավասու է պաշտպանել» բառերով, իսկ «քանի դեռ այլ բան ապացուցված չէ» բառերը` «ու ապահովել դրանց իրականացումը» բառերով:

7. Նախագծի 9 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հեղինակի կամ այլ իրավատիրոջ անունից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հեղինակային իրավունքը կրողի անունից» բառերով:

Նույն մասի 3-րդ կետում «առաջին» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «հրապարակման կամ» բառերը:

8. Նախագծի 10 հոդվածի վերնագրում «կրիչի» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «(օբյեկտի)» բառը:

Հոդվածի 1-ին մասի «նյութական» բառից հետո առաջարկվում է ավելացնել «կրիչի» բառը, իսկ «օբյեկտի» բառը դնել փակագծերի մեջ:

9. Նախագծի 12 հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք վերաշարադրել` մասի շարադրանքից հանելով «իրավունքը» բառը, քանի որ արդեն իսկ մասում նշվում է «իրավունքները» բառը:

Նույն մասի 3-րդ կետում «աղավաղումներից,» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել«աղճատումներից,»բառը:

Հոդվածի նույն մասի վերջին պարբերությունը հարկավոր է միացնել 1-ին պարբերությանը, քանի որ այն վերջինիս տրամաբանական շարունակությունն է:

10. Նախագծի 13 հոդվածի վերնագրում «Հեղինակի» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ հեղինակային իրավունքը կրող այլ անձի»բառերը: Առաջարկում ենք քննարկել նույն փոփոխությունը հոդվածի հետագա շարադրանքում եւս կատարելու մասին: Հոդվածի մասերի եւ կետերի համարակալումը հարկավոր է ուղղել:

Հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «փոխանցման այլ եղանակով տարածումը, ներառյալ ներմուծումը» բառերն առաջարկում ենք վերախմբագրել հետեւյալ կերպ` «այլ եղանակով օտարումը, ներառյալ ներմուծումը կամ արտահանումը»:

Նույն մասի 3-րդ կետում «վարձույթով» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ ժամանակավոր օգտագործման տալը» բառերը: Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել հոդվածի 6-րդ մասում «վարձույթով տալու» բառերից հետո եւ 7-րդ մասում «փոխատվության» բառի փոխարեն:

Նույն մասի շարադրանքից առաջարկվում է հանել 4-րդ կետը, քանի որ, այն չի համապատասխանում այն տրամաբանությանը, որով Նախագծի հեղինակներն առաջնորդվել են:

Նույն 1-ին մասի 6-րդ կետում «վերամշակումը» բառից հետո հարկավոր է ավելացնել «հարմարեցումը, վերակառացումը, վերադաշնակումը, նկարազարդումը» բառերը:

Նույն մասում առաջարկում ենք ավելացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ գործողություններով»:

Հոդվածի 8-րդ մասում վերախմբագրման իմաստով «փոխանցման միջոցով» բառերն անհրաժեշտ է հանել, իսկ «միջոցով» բառից հետո ավելացնել «օտարման այլ եղանակով» բառերը: Առաջարկում ենք քննարկել նույն փոփոխությունը Նախագծի 15 հոդվածում կատարելու հարցը:

11. Նախագծի 15 հոդվածում «ներմուծումը»բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ արտահանումը» բառերը:

12. Նախագծի 16 հոդվածի վերնագրում եւ վերջինիս շարադրանքում «վարձույթով տալը» եւ «վարձույթով տալ» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ ժամանակավոր օգտագործման հանձնելը» եւ, համապատասխանաբար, «կամ ժամանակավոր օգտագործման հանձնել» բառերը:

13. Նախագծի շարադրանքից առաջարկում ենք հանել 17 հոդվածը: Մեր կարծիքով, «փոխատվություն» տերմինը հասկացվում է որպես ժամանակավոր օգտագործման հանձնել: Ըստ այդմ, գտնում ենք, որ «փոխատվության» նման մեկնաբանումը Նախագծի շրջանակներում տեղին չէ:

14. Նախագծի 20 հոդվածում անհրաժեշտ է «տեղում» եւ «տեղերում» բառերը, համապատասխանաբար, փոխարինել «վայրում» եւ «վայրերում» բառերով:

15. Նախագծի 22 հոդվածի շարադրանքից հարկավոր է հանել «բնականոն շահագործման պահանջներին» բառերը, քանի որ վերջիններս տարակարծության տեղիք են տալիս եւ, վերջապես, հարց կառաջանա` որոնք են այդ պահանջները:

16. Նախագծի 23 հոդվածը, մեր կարծիքով, անհրաժեշտ է վերախմբագրել ներառելով այն Նախագծի 22 հոդվածի տեքստում` թողնելով 22 հոդվածի վերնագիրը, քանի որ, ըստ բովանդակության, Նախագծի այս երկու հոդվածներն էլ վերաբերում են ստեղծագործության ազատ օգտագործմանը:

Նախագծի 23 հոդվածի 1-ին մասում «վարձատրության» բառից հետոանհրաժեշտ ենք գտնում ավելացնել «, սակայն հեղինակի անվան եւ սկզբնաղբյուրի պարտադիր նշումով» բառերը: Այդ դեպքում նույն մասի 6-րդ կետի եւ 7-րդ կետի «բ» ենթակետի շարադրանքներից հարկավոր է հանել վերջին նախադասությունները:

Նույն մասի 9-րդ կետի շարադրանքից առաջարկում ենք հանել «հասարակության ազատ այցելության» եւ «նշելով յուրաքանչյուր ստեղծագործության անվանումն ու հեղինակի անունը, եթե դրանք նշված են օգտագործվող ստեղծագործության վրա» բառերը:

17. Նախագծի 24 հոդվածի 1-ին մասում հարկավոր է «համաձայնության» բառից հետո ավելացնել «եւ առանց հեղինակային վարձատրության» բառերը, ինչպես նաեւ «հարմար» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասում «բազաների» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ դրա էական մասերի» բառերը, իսկ «ծրագրերի» բառից հետո` «օգտագործման, ինչպես նաեւ գրքերի (ամբողջական) եւ նոտային տեքստերի վերգծագրական» բառերը:

18. Նախագծի 25 հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ մասերում «միջոցով» եւ «միջոցների» բառերը համապատասխանաբար փոխարինել «եղանակով» եւ «եղանակների» բառերով, քանի որ «եղանակ» բառն իր մեջ ներառում է նաեւ միջոցը, որը տարբեր դեպքերում տարբեր միջոցներով է արտահայտվում:

19. Նախագծի 27 հոդվածի 1-ին մասի «լրացուցիչ» բառն առաջարկում ենք փոխարինել «հավելյալ» բառով, իսկ «որի համար» բառերը` «որի վերաբերյալ» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի «6 ամիս հետո ոչնչացնել դա, եթե կարճատեւ» բառերն առաջարկում ենք շարադրել հետեւյալ կերպ` «6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ կարճատեւ»:

20. Նախագծի 28 հոդվածի 2-րդ մասի «փոխանցումը» բառն անհրաժեշտ է փոխարինել «օտարումը» բառով:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում շարադրված դրույթը պարունակում է որեւէ ողջամիտ չափանիշներով չպայմանավորված դրույթ (օրինակ` ինֆլյացիայի դեպքում): Այն առաջարկում ենք կամ հանել, կամ փոխարինել չափելի, սակայն ոչ գումարային առումով չափանիշներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի «նպատակներով» բառն անհրաժեշտ է փոխարինել «իմաստով» բառով:

21. Նախագծի 36 հոդվածն անհրաժեշտ ենք համարում ավելացնել նոր մասով, հետեւյալ բովանդակությամբ. « Առանց հեղինակների եւ գույքային իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնության արգելվում է տեսալսողական ստեղծագործության միակ տարբերակի (բնօրինակի կամ նեգատիվի) ոչնչացումը: »: Սույն առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի քննարկել պատասխանատվություն սահմանելու խնդիրը:

22. Նախագծի 37 հոդվածի 1-ին մասում շարադրված «ցանկացած ձեւով արտահայտված ծրագիրը» բառերն անհասկանալի են եւ ենթակա են հստակեցման:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «տալը» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ ժամանակավոր օգտագործման հանձնելը» բառերը:

23. Նախագծի 40 հոդվածի վերնագրում առաջարկում ենք «փոխանցումը» բառից հետո ավելացնել «հեղինակային պայմանագրով» բառերը:

Նույն 40 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի շարադրանքից անհրաժեշտ է հանել «փոխանցման» բառերը:

Հոդվածի 3-րդ մասի շարադրանքում ընդգրկված է «ենթադրվում է» բառը, որը, մեր կարծիքով, անթույլատրելի է, քանի որ օրենքը հստակ պետք է սահմանի հեղինակային պայամանգիրը հատուցելի է կամ անհատույց: Նույնը վերաբերում է Նախագծի 41 հոդվածի 2-րդ մասին:

24. Նախագծի 41 հոդվածի 1-ին մասում «այլ» բառը հարկավոր է փոխարինել «հեղինակային իրավունքի կրող» բառերով:

Հոդվածի 2-րդ մասի «եւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «կամ» բառով:

25. Նախագծի 42 հոդվածի 1-ին մասում «վարձատրության չափը» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ վարձատրության չափի որոշման կարգը» բառերը, ինչպես նաեւ նշված մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Պայմանագրում չեն կարող նշվել հեղինակի իրավունքները սահմանափակող դրույթներ:»:

26. Նախագծի «Հեղինակային իրավունք» 2-րդ գլուխը շարադրված է թերի, կան բազմաթիվ հակասություններ եւ տրամաբանական սխալներ: Գլխում նշված չեն դրույթներ հեղինակային պայմանագրի նորմերի խախտման, չկատարման եւ լուծարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ավելացնել:

27. Նախագծի 43 հոդվածի վերնագիրն առաջարկում ենք շարադրել հետեւյալ կերպ. «Հարակից իրավունքի սուբյեկտները (կատարումը եւ կատարողները)»:

Նույն հոդվածը, մեր կարծիքով, հարկավոր է լրացնել 3-րդ մասով, որը կպարունակի դրույթներ հնչյունագիր ստեղծագործողի եւ հաղորդում հեռարձակող կազմակերպությունների վերաբերյալ:

28. Նախագծի 46 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «վարձույթով տալ» բառերից հետո հարկավոր է ավելացնել «կամ ժամանակավոր օգտագործման հանձնել» բառերը: Նույն մասի շարադրանքից անհրաժեշտ է հանել 7-րդ կետը:

Նույն հոդվածի 4-րդ մասում «այլ փոխանցման միջոցով» բառերն անհրաժեշտ է փոխել «օտարման այլ եղանակով» բառերով, իսկ «ներմուծումը» բառից հետո ավելացնել «եւ (կամ) արտահանումը» բառերը:

29. Նախագծի 47 հոդվածում «նայած դրանից որն է ավելի շուտ տեղի ունեցել» բառերը սխալ են օգտագործված, հստակեցման կարիք ունեն եւ ենթակա են վերաշարադրման, քանի որ օրենքում անթույլատրելի է նման արտահայություն կիրառելը:

Նույն փոփոխությունն անհրաժեշտտ է կատարել նաեւ Նախագծի 50, 53 հոդվածներում:

30. Նախագծի 49 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «ներմուծումը» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ (կամ) արտահանումը» բառերը, նույն լրացումը կատարել հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում:

Նույն մասի 3-րդ կետում «վարձույթով տալը» բառերից հետո հարկավոր է ավելացնել «կամ ժամանակավոր օգտագործման հանձնելը» բառերը, իսկ մասի շարադրանքից հանել 4-րդ կետը:

Հոդվածի 4-րդ մասում «այլ փոխանցման միջոցով» բառերն անհրաժեշտ է փոխել «օտարման այլ եղանակով» բառերով:

31. Իրավաբանական տեխնիկայի կանոններից ելնելով` առաջարկում ենք Նախագծի 47, 50, 53 եւ 56 հոդվածների դրույթները միացնել մեկ հոդվածում` վերնագրելով այն հետեւյալ կերպ «Հարակից իրավունքների գործողության ժամկետը»:

Նույն նկատառումներից ելնելով` անհրաժեշտ ենք համարում Նախագծի 49, 52 եւ 55 հոդվածները շարադրել մեկ հոդվածի տեսքով:

32. Նախագծի 52 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վարձույթով տալը» բառերից հետո հարկավոր է ավելացնել «կամ ժամանակավոր օգտագործման հանձնելը» բառերը:Նույն մասի շարադրանքից անհրաժեշտ է հանել 4-րդ կետը:

33. Նախագծի 68 հոդվածի վերնագրում «կազմակերպությունները» բառն առաջարկում ենք փոխարինել «կազմակերպությունների ստեղծումը» բառերով:

34. Նախագծի 69 հոդվածի 1-ին մասից հանել «իրավունքների» բառը:

Նույն փոփոխությունն անհրաժեշտ է համապատասխանաբար կատարել Նախագծի 70 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում, 71 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ,4-րդ մասերում եւ 72 հոդվածի 1-ին մասում:

35. Նախագծի 4-րդ գլխում բացակայում է հոդված գույքային իրավունքների կառավարողի պատասխանատվության վերաբերյալ: Առաջարկում ենք ավելացնել:

36. Նախագծի 70 հոդվածի շարադրանքից անհրաժեշտ է հանել «համարվող գործողությունները» բառերը, իսկ «խախտում» բառը փոխարինել «խախտումը» բառով:

Մեր կարծիքով, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների խախտում կարող է կատարվել նաեւ անգործությամբ, ըստ այդմ, Նախագծի հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում նաեւ այս հանգամանքին:

37. Նախագծի 72 հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը չեն համապատասխանում միմյանց եւ առաջարկում ենք վերախմբագրել:

Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայացված օրենքի նախագիծն ուսումնասիրվել է միջազգային իրավական տեսանկյունից: Մասնավորապես, ուսումնասիրվել են ներքոհիշյալ համաձայնագրերն ու փաստաթղթերը`

-          Գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին Բեռնի կոնվենցիան:[i]

-          Կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին Հռոմի կոնվենցիան:[ii]

-          Արբանյակի միջոցով անդրսահմանային հեռարձակման շրջանակներում հեղինակային եւ հարակից իրավունքներին վերաբերող հարցերով Եվրոպական կոնվենցիան[iii] :

-          Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին Եվրոպական կոնվենցիան:[iv]

-          Իրենց հնչյունագրերի ոչ լիազորված կրկնօրինակումից հնչյունգրեր արտադրողների պաշտպանության մասին կոնվենցիան:[v]

-          Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` հեղինակային իրավունքի պայմանագիրը:[vi]

-          Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` կատարումների եւ հնչյունագրերի պայմանագիրը:[vii]

-          Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պահպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը;[viii]

-          Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդի համաձայնագիրը:[ix]

-          Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդի համաձայնագրին կից արձանագրությունը:[x]

-          Խորհրդի 14.05.1991թ. Համակարգչային ծրագրերի իրավական պահպանության մասին 91/250/EEC դիրեկտիվը:[xi]

-          Խորհրդի 19.11.1992թ. Վարձույթով տալու իրավունքի, փոխատվության իրավունքի եւ մտավոր սեփականության բնագավառում հեղինակային իրավունքին վերաբերող որոշակի իրավունքների մասին 92/100/EEC դիրեկտիվը:[xii]

-          Խորհրդի 27.09.1993թ. Հեղինակային իրավունքին եւ արբանյակային հեռարձակման եւ մալուխային վերահեռարձակման հետ կապված հեղինակային իրավունքին վերաբերող որոշակի կանոնների համակարգման մասին 93/83/EEC դիրեկտիվը:[xiii]

-          Եվրոխորհրդի 29.10.1993թ. Հեղինակային իրավունքի եւ որոշ հարակից իրավունքների պահպանության ժամկետների մասին 93/98/EEC դիրեկտիվը:[xiv]

-          Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 11.03.1996թ. Տվյալների բազաների իրավական պահպանության մասին 96/9/EC դիրեկտիվը:[xv]

-          Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 22.05.2001թ. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների որոշ ասպեկտների ներդաշնակեցումը տեղեկատվական միջավայրում 2001/29/EEC դիրեկտիվը:[xvi]

-          Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 27.09.2001թ. Արվեստի բնօրինակ ստեղծագործության վերավաճառքից հեղինակի վարձատրության մասին 2001/84/EEC դիրեկտիվը: [xvii]

Միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրո Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները եւ առաջարկությունները.

Ա. Նախագծին կից ներկայացված օրենքների ընդունման հիմնավորման համաձայն. « …Եվրոխորհրդի 29.10.1993թ. Հեղինակային իրավունքի եւ որոշ հարակից իրավունքների պահպանության ժամկետների մասին 93/98EEC դիրեկտիվը նախատեսում է ֆիլմեր նկարահանողների հարակից իրավունքների պահպանություն: Դիրեկտիվի 3-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանումից երեւում է, որ ֆիլմը ոչ միայն կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություն է, այլ նաեւ շարժվող պատկերներ, որոնք պատկերների հաջորդականություն են, սակայն «ստեղծագործություն» չեն կազմում, քանի որ դրանցում բացակայում է ստեղծագործական աշխատանքը:»

Վերոհիշյալ դիրեկտիվի 3 հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաեւ Խորհրդի 19.11.1992թ. Վարձույթով տալու իրավունքի, փոխատվության իրավունքի եւ մտավոր սեփականության բնագավառում հեղինակային իրավունքին վերաբերող որոշակի իրավունքների մասին 92/100/EEC դիրեկտիվի 2 հոդվածի 2-րդ կետը, տալով «ֆիլմ» տերմինի հասկացությունը [1] (որն, ի դեպ, նույնությամբ արտահայտված է Նախագծի 51 հոդվածի 1-ին մասում), դրա մեջ մտցնում են նաեւ շարժվող պատկերները, առանց նշելու որ վերջիններս «ստեղծագործություն» չեն կազմում, քանի որ դրանցում բացակայում է ստեղծագործական աշխատանքը: Պարզ չէ, թե ինչն է հիմք հանդիսանում շարժվող պատկերները ստեղծագործական աշխատանք չհամարելու համար` իր բոլոր իրավական հետեւանքներով: Այս առումով առաջարկվում է վերանայել Նախագծի 51 հոդվածի 2-րդ մասը:

Բ. Վերը հիշատակված Հռոմի կոնվենցիայի 8 հոդվածը սահմանում է հետեւյալ դրույթը. «Եթե միեւնույն կատարմանը մասնակցում են մի քանի կատարողներ, ապա ցանկացած Պայմանավորվող Պետություն կարող է իր ներքին օրենսդրությամբ եւ կանոններով վերապահել` ինչ միջոցով կներկայանան կատարողները իրենց իրավունքների իրականացման հետ կապված:»

Չնայած կոնվենցիան այս դրույթի ամրագրումը ներքին օրենսդրության մեջ թողնում է պայմանավորվող պետության հայեցողությանը, այնուամենայնիվ, ելնելով եվրոպական իրավունքի սկզունքների եւ նորմերի` ՀՀ օրենսդրության մեջ ներառելու որդեգրված քաղաքականությունից, նպատակահարմար է վերոհիշյալ դրույթը տեղայնացնել Նախագծի 44 հոդվածում կամ առանձին հոդվածով:

Ընդհանուր առմամբ, Նախագծում ամրագրված են վերը թվարկված միջազգային կոնվենցիաների, համաձայնագրերի եւ այլ փաստաթղթերի գործնականում բոլոր հիմնական դրույթներն ու մոտեցումները:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները բխում են «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ արված առաջարկություններից ու դիտողություններից եւ ենթակա են քննարկման վերջինիս համատեքստում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի վերաբերյալ կան այլ առաջարկություններ եւ դիտողություններ, որոնք առաջարկում ենք քննարկել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ `
Վ. Էլոյան
Ա. Գրիգորյան



[1] “The term 'film' shall designate a cinematographic or audiovisual work or moving images, whether or not accompanied by sound.”



[i] Berne Convention for the Protection of Literary and Artistic Works. September 9, 1886. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 19 հոկտեմբերի 2000թ.:

[ii] International Convention for the Protection of Performers, Producers of Phonograms and Broadcasting Organizations, Rome, October 26, 1961. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 31 հունվարի 2003թ.:

[iii] European Convention Relating to Questions on Copyright Law and Neighbouring Rights in the Framework of Transfrontier Broadcasting by Satellite. (Strasbourg, 11.V.1994): Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի միացել այս կոնվենցիային:

[iv] European Convention on Cinematographic Co-Production. (Strasbourg, 2.X.1992). Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 26 մայիսի 2000թ., վավերացրել է 17 դեկտեմբերի 2004թ., ուժի մեջ է մտել 1 ապրիլի 2005թ.:

[v] Convention for the Protection of Producers pf Phonograms Against Unauthorized Duplication of Their Phonograms. October 29, 1971. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 31 հոկտեմբերի 2003թ.:

[vi] WIPO Copyright Treaty. (Geneva, December 20, 1996). Հայաստանի Հանրապետությունը պայմանագրին միացել է 6 մարտի, 2005թ.:

[vii] WIPO Performances and Phonograms Treaty. (Geneva, December 20, 1996). Հայաստանի Հանրապետությունը պայմանագրին միացել է 6 մարտի, 2005թ.:

[viii] Соглашение о сотрудничестве в области охраны авторского права и смежных прав. Москва, 24.09.1993г.

[ix] Madrid Agreement Concerning the International Registration of Marks. Madrid, April 14, 1891. Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին միացել է 25 դելտեմբերի 1991թ.:

[x] Protocol Relating to the Madrid Agreement Concerning the International Registration of Marks. Madrid, June 28, 1989. Հայաստանի Հանրապետությունը արձանագրությանը միացել է 19 հոկտեմբերի, 2000թ.:

[xi] COUNCIL DIRECTIVE 91/250/EEC of 14 May 1991 on the legal protection of computer programs.

[xii] COUNCIL DIRECTIVE 92/100/EEC of 19 November 1992 on rental right and lending right and on certain rights related to copyright in the field of intellectual property.

[xiii] COUNCIL DIRECTIVE 93/83/EEC of 27 September 1993 on the coordination of certain rules concerning copyright and rights related to copyright applicable to satellite broadcasting and cable retransmission.

[xiv] COUNCIL DIRECTIVE 93/98/EEC of 29 October 1993 harmonizing the term of protection of copyright and certain related rights.

[xv] DIRECTIVE 96/9/EC OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL of 11 March 1996 on the legal protection of databases.

[xvi] DIRECTIVE 2001/29/EEC OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL of 22 May 2001 on harmonization of certain aspects of copyright and related rights in the information society.

[xvii] DIRECTIVE 2001/84/EC OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL of 27 September 2001 on the resale right for the benefit of the author of an original work of art..