ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողով ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Նախագիծը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:
Գրեթե ամբողջ Նախագծի տեքստը կարիք ունի վերախմբագրման: Այսպես, Նախագծի 1 հոդվածի 71 , 72 մասերում առաջարկվում է «գովազդի վրա» նշել պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ասմաթիվը եւայլն, ինչը մեր կարծիքով, ճիշտ չէ: Այդ պայմանները պետք է նշվեն ոչ թե «գովազդի վրա», այլ գովազդելիս: Բացի այդ, չէ՞որ գովազդը կարող է իրականացվել նաեւ բանավոր, օրինակ` ռադիոյով:
Նախագծի 1 հոդվածի 73 մասում առաջարկվում է. « 73 . Բժշկական օգնություն եւ սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդի մեջ պարտադիր պետք է նշվի կազմակերպության կան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը եւ տրամադրման ամսաթիվը:»: Առաջարկվող տեքստից հստակ չի հասկացվում, թե իրականում ի՞նչ է առաջարկվում «բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդի մեջ »արտահայտությամբ:
Ինչ վերաբերում է Նախագծի իրավաբանական ձեւակերպմանը, ապա 1 հոդվածի 71 կետում վիճելի է«Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը» արտահայտությամբ սահմանված արգելքը: Նման ձեւակերպման արդյունքում բաց է մնում նաեւ օտարերկրյա հեռուստաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում գովազվող ՀՀ-ում չգրանցված դեղերի հարցը:
Բացի վերը նշվածից, Նախագծի 1 հոդվածի 74 մասում առաջարկվում է. «74 . Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Սակայն համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջների. «Միմիայն օրենքով պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում`
2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը. »:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող `
Կ.Հարությունյան