Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Օրենքի նախագծի 2 հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «ինչպես նաեւ» բառերը, քանի որ օ պերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է նաեւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից», իսկ «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրվածը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասի համաձայն համարվում է նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

2. Օրենքի նախագծի 3 հոդվածի «պետական ու հասարակական» բառերը անհրաժեշտ է փոխարինել «պետության եւ հասարակության» բառերով, քանի որ կարգավորման ենթակա օբյեկտները (որպես գոյական) վեր են ածվել կարգավորման ենթակա անվտանգության տեսակների (որպես ածական): Այսինքն, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե անվտանգության տեսակներին, այլ անվտանգության այն օբյեկտներին, որոնց պաշտպանության նպատակով անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

3. Նախագծի 6 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ տողի «են» օժանդակ բայն անհրաժեշտ է հանել:

4. Օրենքի նախագծի 6 հոդվածի 3-րդ մասի «պատճառված վնասը քրեական օրենքով համարվում է օրինաչափ» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տերմինաբանությանը եւ դրանք փոխարինել «վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ» բառերով, քանի որ արարքը կարող է քրեական օրենքով համարվել օրինաչափ եւ ոչ թե պատճառված վնասը:

Իրավական ակտի լեզվի հստակության առումով անհրաժեշտ է նույն մասի «նրանց» բառը փոխարինել «որոնց» բառով: Հաշվի առնելով վերոնշվածը` նախագծի 6 հոդվածի 3-րդ մասն անհրաժեշտ է վերախմբագրել` հատուկ ուշադրության արժանացնելով «իրենց վերաբերյալ ստացված տեղեկությունների վերաբերյալ» նախադասությանը:

5. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «կարող են ստեղծել իրականում գոյություն ունեցող կազմակերպություններ» հասկացությունն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ պարզ չէ, թե ինչպես կարելի է ստեղծել արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպությունը:

6. Նախագծի 12 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «վերաբերվում» բառն անհրաժեշտ է փոխարինել «վերաբերում» բառով:

7. Օրենքի նախագծի 13 հոդվածի 1-ին մասում ամրագրված են օ պերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում անցկացվող օ պերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, իսկ Օրենքի նախագծի 15-29 հոդվածները սահմանում են այդ միջոցառումներից յուրաքանչյուրի բնույթը եւ բնորոշումը: Մինչդեռ Օրենքի նախագծի 25 հոդվածի 1-ին մասում օժանդակ բայի բացակայությունն այդ միջոցառման բնույթը ոչ լիարժեք է բնորոշում:

8. Օրենքի նախագծի 19 հոդվածի 1-ին մասի համաձայն` վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով: Այս դրույթից չի ենթադրվում, որ ապրանքների փոխադրումները նույնպես կարող են վերահսկելի լինել: Մինչդեռ, «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի համաձայն. «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն անցկացնել վերահսկվող փոխադրումներ եւ ստուգողական գնումներ:»

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք օրենքի նախագծի 19 հոդվածը համապատասխանեցնել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան