ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողով ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է փոփոխել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 1996թ., ՀՕ-55` այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը …»: Առաջարկը հստակ չէ, այն վերախմբագրման կարիք ունի, քանզի առաջարկի ուսումնասիրության արդյունքում կարելի է միայն կռահել, որ 2-րդ եւ 3-րդ մասերը կամ պարբերությունները հանվում են, իսկ փոխարենը առաջարկվում է մեկ միասնական պարբերություն:

2. Առաջարկում ենք Նախագծի 2 հոդվածի «5.2-րդ մասը» բառերը փոխարինել «5.2-րդ կետը» բառերով` համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների:

Նույնը վերաբերում է Նախագծի 3 հոդվածի «5.2-րդ մասից» եւ «5.3 մասով» բառերին: Առաջարկում ենք դրանք համապատասխանաբար փոխարինել «5.2-րդ կետից» եւ «5.3 կետով» բառերով:

Նախագծի 2 հոդվածն առաջարկում է. «Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տաս տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն»:

Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է ԱՀԿ Շրջանակային Կոնվենցիային 2004 թ. հոկտեմբերի 12-ին, որով պարտավորվել է արգելել ծխախոտի գովազդը որոշակի ժամկետում (Նշված Կոնվենցիայի 13 հոդված): Ինչ վերաբերում է տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի վնասակարության վերաբերյալ տեղեկատվության 10 % ծավալին, ապա Կոնվենցիայի 11 հոդվածի 4-րդ կետի պահանջներին համապատասխան, վերոհիշյալ տեղեկատվությունը պետք է լինի ծխախոտի տուփի մակերեսի 50 եւ ավելի %-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 30 %:

Հետեւաբար, այս հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Կոնվենցիայի պահանջները:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները:

Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է. «8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.

ա/ ալկոհոլային` սպիրտի պարունակությունը մինչեւ 20 ծավալային տոկոս, արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ:

բ/ թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-5000 դրամ:

գ/ այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ:

Սույն կետի գ/ ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաեւ համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:»:

Նախագծի 1 հոդվածի վերջին պարբերության բովանդակությունից չի հասկացվում` ումի՞ց է գնաձվում այդ տուրքը դատարկ գովազդային վահանակների համար:

Նույն այդ պարբերության մեջ առաջարկում ենք «կետի» եւ «ենթակետով» բառերը փոխարինել համապատասխանաբար «մասի» եւ «կետով» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Գալստյան
Կ. Հարությունյան