Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:
Նախագծի 18 հոդվածով առաջարկվում է «Վարչական իրավավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 305 հոդվածը լրացնել նոր նախադասություններով, որի 2-րդ եւ 3-րդ պարբերությունների համաձայն. «Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում, կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 30-օրյա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է»:
Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում, կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 60-օրյա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձնման:»:
Այսինքն, հիշյալ լրացմամբ առաջարկվում է օրենսգրքում ստեղծել նախադեպ, որով տուգանք է նախատեսվում տուգանք չվճարելու համար: Մինչդեռ նշենք, որ տուգանքը որպես պատժի տեսակ կայուն է, այն որոշվում է պատժամիջոցը սահմանելու պահին եւ դրա չափը կարող է նվազել, սակայն չի կարող ավելանալ` ելնելով վարչական իրավունքի սկզբունքներից:
Օրենսգրքի 23 հոդվածի համաձայն տուգանքը տույժի վարչական պատժի տեսակ է: Բացի տուգանքից, հիշյալ հոդվածի համաձայն կան նաեւ տույժի այլ տեսակներ, որոնց մեջ կա տուգանքից ավելի խիստ պատժի տեսակներ: Ուստի, առաջարկում ենք քննարկել զանցանք կատարած անձանց տուգանք չվճարելու դեպքում պատիժը խստացնելու նպատակահարմարությունը ` այն է տուգանքը փոխարինել մեկ այլ տույժով:
Օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 51 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն.
«1. Տուգանքը դրամական տուժանք է, որը սահմանվում է պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձի) երեսնապատիկից հազարապատիկի չափով:
3. Եթե դատապարտվողը, անձնական կամ նյութական դրությունից ելնելով, ի վիճակի չէ անհապաղ եւ ամբողջությամբ վճարել տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասերը ժամանակին չի մուծում:
4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը կարող է տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինել հանրային աշխատանքներով՝ հանրային աշխատանքի տասը ժամը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
OՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ `
Հ. Իսրաելյան
Մ. Գեղամյան