ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի սույն նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի ամբողջ տեքստում օգտագործված «ինովացիա» հասկացությունը եւ դրա ածանցյալներն առաջարկում ենք փոխարինել այդ հասկացության հայերեն համարժեքով` «նորարարություն» հասկացությամբ եւ դրա ածանցյալներով` այս առումով նախագիծը համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «պետական ինովացիոն քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հիմքերը» բառերն առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ «հիմքերը» չեն կարող կարգավորվել, դրանք ենթակա են միմիայն սահմանման:

3. Նախագծի 2-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «ա» կետից առաջարկում ենք հանել «ստեղծագործ աշխատանքի» բառերը, որոնք մի կողմից աղճատում են ինովացիայի տնտեսագիտական բովանդակությունը (հենց այս նախագծով սահմանվում են ինովացիոն գործունեության տեսակները, որոնց մի զգալի մասը ստեղծագործական աշխատանքի հետ կապ չունեն), իսկ մյուս կողմից` դրանք տարընթերցումների տեղիք կարող են տալ, քանի որ «ստեղծագործ աշխատանք» հասկացությունն ինքնին սահմանման եւ մեկնաբանման կարիք է զգում,

բ) 1-ին մասի «դ» կետով սահմանված «վենչուրային հիմնադրամ» հասկացությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի տեսանկյունից հստակեցման կարիք է զգում, քանի որ այն ՔՕ-ով սահմանված լիակատար ընկերակցության, բաժնետիրական ընկերության եւ հիմնադրամի յուրատեսակ սիմբիոզ է եւ նշվածներից ոչ մեկի սահմանմանը լիարժեք չի համապատասխանում,

գ) 1-ին մասի «զ» կետից անհրաժեշտ է հանել «արտասահմանյան համապատասխան կառույցների հետ սերտ կապեր ունեցող» նախադասությունը, քանի որ այդպիսի կապեր ունենալը ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձի իրավունքներից է ( եւ այս առումով ոչ մի անհրաժեշտություն չկա այն օրենքով նորից ամրագրելու), իսկ մյուս կողմից` այդպիսի «սերտ կապեր» ունենալն, ըստ էության, պարտադիր պայման է դառնում գիտաինովացիոն կենտրոն ստեղծելու համար (այն դեպքում, երբ նման կենտրոն կարող է ստեղծվել նաեւ առանց արտասահմանյան կապերի): Բացի այդ, այս կետում «համալսարան(ների),» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «ինստիտուտ(ների),» բառը,

դ) 1-ին մասի «է» կետում «պայմանագրային հիմունքներով» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «կազմակերպված» կամ «ստեղծված» բառերը,

ե) 1-ին մասի «թ» կետում «եւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «կամ» բառով (պետական բյուջեից միաժամանակ ֆինանսավորում եւ համաֆինանսավորում չի կարող լինել):

զ) 1-ին մասի «ը» կետում անհասկանալի է շարադրված «փոքր նորաստեղծ ֆիրմաների եւ սկսնակ ձեռնարկատերերի» բառերը, որոնք տարակարծության տեղիք են տալիս, առաջարկում ենք վերախմբագրել եւ հստակեցնել:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացվում է» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերը, իսկ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում առաջարկում ենք «արդյունքի» բառից հետո լրացնել «նմուշի» բառը, իսկ «թ» կետում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

6. Նախագծի 5-րդ հոդվածը գրված է շատ թերի: Վերջինիս բովանդակության մեջ կան որոշ հակասություններ, մասնավորապես` անհասկանալի է « Ինովացիոն գործունեության սուբյեկտներ կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից, ֆիզիկական անձինք, այդ թվում` օտարերկրյա կազմակերպություններն ու քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք իրականացնում են սույն օրենքով սահմանված ինովացիոն գործունեություն: »: Առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել:

7. Նախագծի 8-րդ հոդվածը, մեր կարծիքով, միանգամայն ավելորդ է, եւ առաջարկում ենք այն հանել, քանի որ`

ա) նշված երաշխիքներն արդեն իսկ ամրագրված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով (ընդ որում` այդ օրենքով սահմանված են շատ ավելի լայն իրավունքներ եւ երաշխիքներ),

բ) հոդվածի վերնագիրն այնքան էլ չի համապատասխանում դրա բովանդակությանը (վերնագրով խոսքը գնում է ընդհանուր առմամբ երաշխիքների, իսկ բովանդակությամբ` միայն տեղեկատվություն ստանալու ազատության երաշխիքների մասին):

8. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «կարգը» բառն առաջարկում ենք փոխարինել «կարգի նախագիծը» բառով:

9. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի «եւ» բառն առաջարկում ենք փոխարինել «կամ» բառով:

10. Նախագծի 13-րդ հոդվածում «հաջորդող» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «տասներորդ» բառը:

11. Նախագծի տեքստում ընդամենը երկու անգամ հիշատակվում է «վենչուրային հիմնադրամ» հասկացությունը (մեկ անգամ որպես այդ հասկացության սահմանում եւ մեկ անգամ էլ որպես ինովացիոն գործունեության ֆինանսավորման աղբյուր), այնինչ ինովացիոն գործունեությունը, ինչպես նաեւ դրա օրենսդրական կարգավորումը, առանց այսպիսի հիմնադրամների ուղղակի անիմաստ կամ դեկլարատիվ բնույթ է ստանում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նախագծում ավելացնել նոր գլուխ եւ դրանով կանոնակարգել վենչուրային հիմնադրամների հետ կապված բոլոր հարցերը (առավել եւս, որ այս հիմնադրամների սահմանումը շատ անորոշ եւ մեկնաբանելի տեսք ունի սույն նախագծում):

12. Նախագծում առկա են խմբագրական եւ լեզվաոճական մի շարք թերություններ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Վ. Էլոյան