Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:
1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 29 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի վերաբերյալ կատարված դիտողությունները եւ առաջարկությունները ներկայացնում ենք ստորեւ:
ա/ «արձանագրություններում, որոնք կազմվում են» բառերը, ամբողջ հոդվածին համահունչ դարձնելու նպատակով, առաջարկում ենք փոխարինել «արձանագրությունում, որը կազմվել է» բառերով: Առաջարկում ենք նաեւ Նախագծի ամբողջ տեքստում համապատասխան ձեւակերպում տալ հիշյալ հասկացությանն ընդհանրապես:
բ/ 2-րդ մասի 1-ին պարբերությունը տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում` տեխնիկական միջոցների օգնությամբ»:
գ/ 3-րդ մասի 3-րդ կետի «հասցնեն» բառն անհրաժեշտ է փոխարինել «հասցեն» բառով:
դ/ ինչպես հոդվածի 5-րդ մասում, այնպես էլ Նախագծի ամբողջ տեքստում «արձանագրության մեջ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «արձանագրությունում» բառով:
ե/ 6-րդ մասում «ստորագրվում են այդ անձանց կողմից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք» կամ «ստորագրում են այդ անձինք» բառերով:
զ/ 7-րդ մասի 1-ին պարբերությունն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «7. Արձանագրությունը ստորագրում է քննիչը եւ դատավարական գործողությանը մասնակցող անձինք»:
է/ 8-րդ մասի «կազմվել» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ պատրաստվել» բառերը, քանի որ արձանագրությանը կցվող նյութերի մի մասը դատավարական գործողության ընթացքում ոչ թե կազմվում, այլ պատրաստվում է:
2. Նախագծի 3 հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 128 հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի տեքստն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 16 հոդվածին:
3. Նախագծի 4 հոդվածով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել նոր 1311 հոդվածով: Նշված հոդվածի «բերելուց հետո» բառերն անհրաժեշտ է փոխարինել մեկ այլ համարժեք բառով (դատավարական տերմինով):
4. Նախագծի 10 հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 206 հոդվածը լրացնել նոր 6-րդ եւ 7-րդ մասերով: Նկատի ունենալով, որ օրենսգրքի 105 հոդվածը վերաբերում է որպես ապացույց չթույլատրվող նյութերին, ուստի, նպատակահարմար է առաջարկվող փոփոխության 7-րդ մասը համապատասխան շարադրանքով ամրագրել օրենսգրքի 105 հոդվածում:
5. Նախագծի 13 հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 211 հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին պարբերության 1-ին նախադասության համաձայն. «կասկածյալը հարցաքննվում է արգելանքի վերցվելու պահից 24 ժամվա ընթացքում»: Հարկ ենք համարում հիշատակել, որ առաջարկվող փոփոխությունը հակասում է օրենսգրքի 211 հոդվածի 1-ին մասին, որի համաձայն կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց անմիջապես հետո:
Նախագծով առաջարկվող նույն փոփոխության 2-րդ պարբերության համաձայն նախատեսվում է կասկածյալի եւ պաշտպանի տեսակցության սահմանափակում, մինչդեռ, Օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ինչպես նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 1-ին մասի համաձայն վերոհիշյալ տեսակցությունը անսահմանափակ է: Ուստի, ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք վերացնել նշված հակասությունը:
Բացի այդ, ինչպես վերոհիշյալ փոփոխությունում, այնպես էլ Օրենսգրքում «կոնֆիդենցիալ» բառն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն համարժեք բառով կամ նշված բառից հետոփակագծում տալ դրա հնարավոր բացատրությունը, օրինակ. «կոնֆիդենցիալ (երես առ երես, առանց երրորդ անձի ներկայությամբ)», կամ «կոնֆիդենցիալ (առանձնազրույց)»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ `
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան
Մ. Հակոբյան