Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը
հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ
        լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի 29 հոդվածով նախատեսվում է գործող օրենքի 308 հոդվածի 17-րդ պարբերության եւ 311 հոդվածի 9-րդ պարբերության «անմիջական» բառը փոխարինել «ուղղակի» բառով:

Գտնում ենք, որ «ուղղակի» բառը նպատակահարմար չէ, քանի որ «ուղղակի պետ» ասելով ավելի շուտ հասկացվում է «պարզապես պետ» իմաստով, այսինքն` առանց պատկանելիության կամ ենթակայության: Այդ իսկ պատճառով առաջարկվում է թողնել նույն «անմիջական» բառը:

2. Բացի օրենքի նախագծով բերված փոփոխություններն ու լրացումները, առաջարկում ենք գործող օրենքի 294 հոդվածի 4-րդ պարբերության «դոզաչափ» բառը փոխարինել «չափաբաժին» կամ մեկ այլ համարժեք բառով, քանի որ «դոզա» բառը, որը հայերեն չէ, նշանակում է «չափ»:

Գործող օրենքի 353 հոդվածի 2-րդ նախադասությունը հոդվածի շարադրանքի հետ գտնվում է անտրամաբանական կապի մեջ: Նախ չի հասկացվում, թե կրկին ազատելու իրավունքը վերապահվում է զորամասի բժշկին, թե բուժակին: Չի հասկացվում նաեւ «կրկին» բառի իմաստը: Այն նշանակում է եւս մեկ անգամ ու վերջ, նշանակում է մի քանի անգամ, թե` կրկին անգամ որոշակի ժամկետի մեջ:

Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ արտահայտությունները եւ դարձնել համահունչ հոդվածի բովանդակությանը:

3. Ավելորդ չենք համարում նշել նաեւ, որ Նախագծին կցված չեն օրենքի նախագծի 37, 38 եւ 39 հոդվածներով փոփոխվող գործող օրենքի 12 եւ 13-րդ հավելվածները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Մ.Հակոբյան