ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ հիմնական առաջարկությունները եւ դիտողությունները.
1. Նախագծի 4 հոդվածի 2-րդ մասի «գ» կետի առաջարկը, այն է ծննդյան դիմումի (հայտարարության) մեջ նշել «գ/ անհրաժեշտ այլ տեղեկություններ», կարծում ենք, որ հստակեցման կարիք ունի, քանի որ եթե անհրաժեշտ տվյալներ են, ապա դրանք պետք է հստակորեն թվարկվեն, ինչպես դա արված է նույն հոդվածի «ա» եւ «բ» կետերում: Նույնը վերաբերում է Նախագծի 7 հոդվածի 4-րդ կետին, 9 հոդվածին, 13 հոդվածի 2-րդ եւ 14-ի 2-րդ կետերին, 17 հոդվածի «ժ» կետին, 23 հոդվածին եւ 35 հոդվածի «ժ» կետին :
2.Նախագծի 10 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով առաջարկվող փոփոխություններն առաջարկում ենք միավորել եւ Օրենքի փոփոխվող 27 հոդվածի 1-ին մասը շարադրել միասնական նոր խմբագրությամբ:
3. Նախագծի 11 հոդվածի առաջարկի վերջին նախադասությամբ բերված դրույթը, այն է. «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը», հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետին:
4. Նախագծի 14 հոդվածի կրկնվող 2-րդ կետը եւ համապատասխանաբար 3-րդ կետն առաջարկում ենք վերահամարակալել:
5. Նախագծի 17 հոդվածի 1-ին կետում նշված «ՔԿԱԳ» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «մարմին» բառը:
6. Հաշվի առնելով Նախագծի 21 հոդվածի 1-ին կետով նախատեսվող փոփոխությունը` առաջարկում ենք Օրենքի 44 հոդվածի 2-րդ մասում «կարող է կատարել» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված կարգով կատարում է» բառերով:
7. Նախագծի 29 հոդվածով առաջարկվում է Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որտեղ առաջարկի 1-ին կետը գրեթե կրկնում է 3-րդ կետի դրույթը, տարբերությունը ընդհամենը սուբյեկտների միջեւ է, ուստի, առաջարկում ենք հոդվածի 3-րդ կետը հանել:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Կ. Հարությունյան