ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով (փաստաթղթային կոդ` Կ-864-02.05.2006-ՖՎ,ՊԻ,ՍԱ,ԳԿ,ԱՀ,ՊԱ-010/0 ) ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. 2005 թվականին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները փաստում են, որ հանրապետության ֆինանսատնտեսական իրավիճակը բնութագրվել է ընդհանուր առմամբ կայունությամբ, կանխատեսելիությամբ եւ դինամիկ աճով, ինչն ամրապնդել է վերջին տարիներին ձեւավորված տնտեսական զարգացման ու բյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացման միտումները: Մասնավորապես, 2005 թվականին հանրապետությունում գրանցվել է 14% տնտեսական աճ (ծրագրավորված 8%-ի փոխարեն), անվանական ՀՆԱ-ն կազմել է 2244 մլրդ դրամ, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, նախորդ տարվա համեմատ անվանական արտահայտությամբ աճելով 17.6%-ով (դոլարային արտահայտությամբ այս ցուցանիշը կազմել է 36.9%), հասել է 697421 դրամի կամ 1524 ԱՄՆ դոլարի: Տնտեսական աճի արդյունքում 2005 թվականին ՀՆԱ-ի մա՟կար՟՟դակը գերազանցել է 1989 թվականի համանուն ցուցանիշը 14.1%-ով: Ինչ խոսք, նման պատկերը, տվյալ տարվա պետբյուջեի կատարման տեսանկյունից, կարելի է գնահատել որպես նպաստավոր եւ հուսադրող, սակայն օրինագծի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բյուջետային եկամուտների կատարման պայմաններում հաշվետու տարում տեղ են գտել նաեւ որոշ հոդվածների գծով նախատեսված ծախսերի թերֆինանսավորման դեպքեր` հիմնականում կապված ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ակնկալվող միջոցների թերստացման հետ:

2. Նախորդ տարում իրականացված տնտեսական քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք ոլորտներում արձանագրվել են ինչպես դրական արդյունքներ, այնպես էլ որոշակի բացթողումներ: Որպես կարեւոր արդյունքներ կարելի է նշել 2005 թվականի ընթացքում ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնաբաժնի աճը (2001 թվականին ՀՆԱ-ի 0.35%-ի դիմաց այն 2005 թվականին կազմել է 1.7%),ներդրումների ծավալի աճը (2005 թվականին տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 31%-ով, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է 7.8%-ով եւ կազմել 244.4 մլն ԱՄՆ դոլար), գործազրկության մակարդակի կրճատումը 1.5 տոկոսային կետով (որը կազմել է 8.1% կամ 98.000 մարդ), միջին աշխատավարձի ցուցանիշի աճը 19.5%-ով եւ այլն:

3. 2005 թվականի պետբյուջեի փաստացի եկամուտները, ծրագրված 375.2 մլրդ դրամի դիմաց, կազմել են 374.7 մլրդ դրամ, որից 363.1 մլրդ դրամը կազմում են բյուջեի սեփական եկամուտները, իսկ 11.6 մլրդ դրամը` արտաքին աղբյուրներից ստացված պաշտոնական տրանսֆերտները: 2004 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ու պաշտոնական տրանսֆերտներն աճել են 24%-ով կամ 72.5 մլրդ դրամով, որը մեծ մասամբ ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 16.7%, նախորդ տարվա 15.8%-ի դիմաց:

4. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության ցուցանիշը, թեեւ նախորդ տարվա համեմատ 0.3 տոկոսային կետով բարձրացել է` հասնելով 14.3%-ի, բյուջեում կանխատեսված 14.7%-ի փոխարեն, դեռեւս ցածր է մնում: Ակնհայտորեն, առաջիկա տարիներին իրականացվելիք հարկային քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը պետք է հանդիսանա այդ հարաբերակցության բարելավումը: Հարկերի սահունության գործակիցը * , որը բնութագրում է տնտեսական աճի եւ հարկերի միջեւ կապը, կազմել է 1.16: Համեմատության համար նշենք, որ 2004 թվականին այն կազմել էր 1.0: Փաստորեն, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր տնտեսական աճն իր համապատասխան արտացոլումը չի ստացել հարկային եկամուտների աճի մեջ: Այս հանգամանքը, մեր կարծիքով, կարելի է բացատրել տարբեր գործոններով: Մասնավորապես, դա վկայում է այն մասին, որ հանրապետությունում համախառն ներքին արդյունքի աճը էապես պայմանավորված է եղել հարկման դաշտից դուրս գտնվող ոլորտների ունեցած տեսակարար կշռով, ինչի արդյունքում այդ ոլորտների զարգացումն իր ուղղակի արտացոլումը չի ստանում հարկային եկամուտների մեջ: Բացի այդ, հանրապետությունում հարկային վարչարարության արդյունավետությունը, չնայած այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերին եւ միջոցառումներին, դեռեւս մնում էցածր: Մեր կարծիքով, նշված երկու հանգամանքներն էլ պետք է առաջիկա տարիներին դառնան կառավարության կողմից լուրջ քննարկման առարկա եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը զուգընթաց իրականացվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավմանը եւ հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը:

5. Նախորդ տարվա համեմատությամբ որոշակի փոփոխություններ է կրել հարկային եկամուտների կառուցվածքը: Մասնավորապես, ուղղակի հարկերի (շահութահարկ եւ եկամտահարկ) տեսակարար կշիռը 3 տոկոսային կետով բարձրացել է` կազմելով 24%, միաժամանակ նվազել է անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ եւ ակցիզային հարկ) տեսակարար կշիռը` նախորդ տարվա 63.4%-ի դիմաց կազմելով 60.9%: Ընդ որում,2005 թվականին շահութահարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 46.6 մլրդ դրամ՝ 45.4%-ով կամ 14.5 մլրդ դրամով գերազանցելով 2004 թվականի մուտքերը: Արդյունքում, հարկային եկամուտներում շահութահարկի տեսակարար կշիռը 2.5 տոկոսային կետով բարձրացել է եւ կազմել 15.3%: ՀՆԱ-ի նկատմամբ շահութահարկի հարաբերակցությունն աճել է` նախորդ տարվա 1.7%-ի դիմաց կազմելով 2.1%: Չնայած 2005 թվականի ընթացքում ուղղակի եւ անուղղակի հարկերի հարաբերակցությունը որոշակիորեն բարելավվել է (արձանագրվել է ուղղակի հարկերի տեսակարար կշռի աճ), միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ուղղակի հարկերի մակարդակը դեռեւս ցածր է անցումային շրջանի շատ երկրների համեմատ:

6. Ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ գծով 2005 թվականի պետբյուջեի մուտքերը կազմել են 146.8 մլրդ դրամ` ինչպես միշտ ապահովելով հարկային եկամուտների զգալի /48.2%/ մասը: ՀՆԱ-ի նկատմամբ ավելացված արժեքի հարկի հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատությամբ 6.2%-ից աճել է եւ կազմել 6.5%: Հարկային եկամուտների կազմում անուղղակի հարկերի մեծ բաժինը /60.9%/ հիմնականում պայմանավորված է հենց ԱԱՀ-ի բարձր տեսակարար կշռով: Ակնհայտ է, որ այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է անցումային տնտեսության պայմաններում ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությամբ: Ըստ էության, տնտեսության բնականոն զարգացման արդյունքում այս հիմնախնդրի լուծման ակնկալումը շատ երկարատեւ կարող է լինել: Ուստի, մեր կարծիքով, այս հիմնախնդրին նույնպես կարելի է ծրագրային լուծում տալ, մասնավորապես` մշակելով եւ հետեւողականորեն իրականացնելով հարկային եկամուտների կառուցվածքի օպտիմալացման երկարաժամկետ ծրագիր` ապահովելով հարկային վարչարարության բարելավման եւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման ռազմավարության հետ դրա համահունչ բնույթը:

7. Ընդհանուր առմամբ 2005 թվականի պետական բյուջեի ծախսերի 97.1% կատարողականը, մեր կարծիքով, վկայում է նախորդ տարում իրականացված բյուջետային քաղաքականության ոչ ցանկալի արդյունավետության մասին: Ծրագրային մակարդակից շեղումը, որը կազմել է 12.3 մլրդ դրամ, հիմնականում առաջացել է արտաքի ն ֆինանսավորմամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի թերակատարման արդյունքում: Փաստորեն, եթե հաշվի առնենք նաեւ դրամի փոխարժեքի տատանումների արդյունքում առաջացած խնայողությունները, ապա, կարծում ենք, որ թերակատարումների ծավալը ավելի մեծ կլիներ: 2005 թվականին պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցղությունը կազմել է 18.6%, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսային կետով: Կարծում ենք, որ պետական բյուջեի ծախսային մասի նման կատարողականը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ նման գործընթացը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել պետական ծախսերի իրականացման սահունության եւ բյուջետային պարտքերի չկուտակման հետ: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ արտաքին ֆինանսական միջոցների մեծ ծավալի նախատեսումը պետական բյուջեում միշտ էլ ի վիճակի է լուրջ դժվարություններ առաջացնել դրանց չստացման դեպքում, առավել եւս այն պարագայում, երբ նախատեսված չեն դրանց չստացման դեպքում ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կամ ծախսերի կատարման այլընտրանքային ծրագրեր: Խնդիրը կայանում է նրանում, որ նախորդ տարիների փորձը հստակ ի ցույց է դրել ֆինանսավորման արտաքին աղբյուրների ոչ այնքան «վստահելի» լինելու հանգամանքը, ուստի ամբողջ ոլորտներ եւ ճյուղեր հիմնականում այդ աղբյուրների հաշվին պահպանելու ռազմավարությունն ի սկզբանե արդեն ռիսկային մոտեցում է եղել, եւ այս հանգամանքն անհրաժեշտ է նկատի ունենալ առաջիկա տարիներին բյուջետային պլանավորման գործընթացում: Ուստի, կարծում ենք, որ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ անհրաժեշտ է մշակել բյուջետային ֆինանսավորման այլընտրանքային սցենար՝ կապված արտաքին ֆինանսավորման աղբյուրներից նախատեսված միջոցների չստացման հետ:

8. 2005 թվականին նախորդ տարվա համեմատությամբ բյուջետային ծախսերն աճել են 25%-ով կամ ավելի քան 83.5 մլրդ դրամով: Ընդ որում, դրանում մեծ կշիռ ունի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնակարանային շինարարության ոլորտների ֆինանսավորման աճը: Միաժամանակ պետք է նշել, որ ընդհանուր ծախսերի համեմատ սոցիալական ոլորտի ծախսերն ունեցել են առաջանցիկ աճ` կազմելով 27.1%: Նախորդ տարվա համեմատ կրճատվել են էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտների ծախսերը` հիմնականում պայմանավորված վարկային ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ:

9. Պետբյուջեի ծախսային մասի կատարման առումով, որպես ընթացիկ եւ առաջիկա տարիների բյուջետային գործընթացի կազմակերպման առաջնային խնդիրներ, անհրաժեշտ ենք համարում, այնուամենայնիվ, ընդգծել կապիտալ ծախսերի եւ տնտեսության որոշ ճյուղերի գծով թերֆինանսավորման հանգամանքները: Կապիտալ ծախսերը հաշվետու տարում կատարվել են 89.1 %-ով եւ կազմել ընդհանուր ծախսերի մոտ 20%-ը: Սա դեռեւս բավականին ցածր ցուցանիշ է մեր երկրի համար` հաշվի առած այն հիմնախնդիրները, որոնք առկա են մեզ մոտ եւ պահանջում են կապիտալ բնույթի մեծածավալ ներդրումներ:

10. Ինչ վերաբերում է պետական բյուջեի պակասուրդին, նշենք, որ դրա փաստացի ծավալը կազմել է 42.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 34.8%-ով կամ 11.0 մլրդ դրամով: Բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 1.9 %-ը` նախորդ տարվա 1.7%-ի եւ ծրագրով նախատեսված 2.3%-ի փոխարեն: Ընդ որում, 2005 թվականին պետական բյուջեի պակասուրդընարտաքին աղբյուրների հաշվին ‎‎ ֆինանսավորվել է 13.3 մլրդ դրամի չափով, կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ֆինանսավորման 42.4%-ը: 2004 թվականի համեմատ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը նվազել է 62%-ով կամ 21.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է 2005 թվականի պետական բյուջեով ավելի պակաս վարկային միջոցներ նախատեսելու եւ առանձին վարկային ծրագրերի թերակատարման հանգամանքով: Միաժամանակ, հարկ է արձանագրել նաեւ այն հանգանանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1099.2 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 22.4%-ը՝ 2004 թվականի 1.182.9 մլն դոլարի եւ 33.1%-ի դիմաց, ինչը բավականաչափ ողջունելի միտում է:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան



* Հարկային եկամուտների` ՀՆԱ-ի միավոր աճին համապատասխանող աճը