ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ ի նախագծերը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության են ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ դիտողությունը:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է երկարաձգել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 5.2 եւ 5.3-րդ կետերի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը: Դրանք հիմնականում վերաբերում են ծխախոտի արտաքին գովազդի արգելքին: Դա իր հերթին հիմնավորվում է գովազդ տեղադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագրերի առկայությամբ:

Սակայն հաշվի առնելով, որ նշված դրույթներն արդեն իսկ ուժի մեջ են մտել (պաշտոնապես հրապարակվել են 15.02.2006 թ. եւ ուժի մեջ են մտել հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը), ապա ներկայացված առաջարկը իրավական չէ: Բացի դա, ՀՀ կառավարության առաջարկը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5, 438, 467 հոդվածների պահանջներին, մասնավորապես.

« Հոդված 438. Պայմանագիր եւ օրենք

1. Պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

« Հոդված 438. Պայմանագիր եւ օրենք

1. Պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

2. Եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում էկողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա»:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Կ. Հարությունյան