ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի
պահվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Արարատ Մալխասյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Ոստանիկ Մարուխյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագ ի ծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել էր նաեւ 2004 թ. հոկտեմբեր ամսին, որի փորձաքննության արդյունքում տրվել էր հետեւյալ եզրակացությունը.«Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ձեւավորվել է այն կարծիքը, որ դրանում արծարծված եւ դրանով կարգավորվող հարաբերությունների գերակշռող մասը չի կարող դիտվել օրենքի կարգավորման առարկա, քանի որ դրանց պահպանումը կամ չպահպանումը իրավական հետեւանքներ առաջացնել չեն կարող: Ենթադրվում է, որ պատգամավորի պահվածքի կանոնները կարելի է դիտել որպես ներքին կանոններ (ներքին էթիկայի կանոններ): Նշենք նաեւ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածը ընդհանուր առմամբ վերաբերում է հենց այդ կանոնների համար կիրառվող հնարավոր միջոցներին: Ուստի, առաջարկում ենք քննարկել, թե որ հարաբերություններն են ենթակա իրավական կարգավորման, իսկ որոնք` ոչ, այնուհետեւ միայն լուծել դրանց տեղը օրենսդրության համակարգում: Գտնում ենք, որ օրենքով կարելի է կարգավորել միայն այն իրավահարաբերությունները, որոնք առաջացնում են իրավական հետեւանքներ:»:

Ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պահվածքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը չնչին փոփոխություններով կրկնում է 2004 թ. վերոնշյալ օրենքի նախագիծը: Նախորդ նախագծի վերաբերյալ տրված եզրակացությունն առավել հիմնավոր դարձնելու համար նշենք միայն մի քանի դրույթներ:

1. Օրենքի նախագծի 1 հոդվածի 1-ին մասի ա) կետը պատգամավորին պարտավորեցնում է լինել զուսպ եւ համբերատար: Նախ, խոսքն ինչի՞ մասին է` ծառայողական պարտականությունները կատարելիս, թե ընդհանրապես: Բացի այդ, ո՞ւմ կողմից կամ ի՞նչ չափանիշներով է սահմանազատվում զուսպը անզուսպից, կամ համբերատարը անհամբերատարից:

Նույն մասի գ) կետը պարտավորեցնում է պահպանել վարվելակերպի համընդհանուր ճանաչում ստացած այլ կանոններ: Օրենքին ներկայացվող պահանջների համաձայն, անհրաժեշտ է սահմանել վերը թվարկված նորմերն ու սկզբունքները, ինչպես նաեւ հիմնարար կանոնները եւ վերնագրել հոդվածները, որոնք առնչվում են դրանց կամ պարզաբանում են այդ հասկացությունները` ըստ նախաբանում գործածվող տերմինների, քանի որ նախաբանում է սահմանվում օրենքի իմաստն ու նախանշվում հիմնական բովանդակությունը: Այսպես, օրինակ, նախաբանում հիշատակված հանրաճանաչ բարոյական նորմերն ու սկզբունքներն առավել նպատակահարմար կլիներ արծարծել տեքստում` պատգամավորի վարքագծի (պահվածքի) հիմնարար սկզբունքների տեսքով: Դա կնպաստի օրենքով չնախատեսված եւ չկարգավորված հարաբերություններն ու դեպքերն օրենքում սահմանված սկզբունքներին համապատասխան վերլուծելուն: Այս առնչությամբ հարկ ենք համարում անդրադառնալ Նախագծի 1 եւ 2 հոդվածներին, որոնք թեեւ ունեն տարբեր վերնագրեր, սակայն երկուսն էլպարտավորություններ են սահմանում: Բացի այդ, վերոհիշյալ հոդվածներից պարզ չէ, թե որոնք են հանրաճանաչ բարոյական նորմերն ու սկզբունքները եւ որոնք` վարքագծի հիմնական կանոնները:

2. Օրենքի նախագծի 3 հոդվածը Ազգային ժողովի պատգամավորին պարտավորեցնում է մասնակցել ԱԺ եւ ԱԺ հանձնաժողովների նիստերին: Նշենք, որ սույն իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6 հոդվածով:

3. Օրենքի նախագծի 5 հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Պատգամավորները պարտավոր են միմյանց եւ Ազգային ժողովի ու նրա հանձնաժողովների անդամներին եւ հրավիրված անձանց դիմել պաշտոնական եւ բարեկիրթ»: Նման դեկլարատիվ բնույթ ունեցող դրույթները բազմազան են եւ չեն կարգավորում իրավահարաբերություն, այլ ներխուժում են միջանձնային հարաբերություններ` առաջացնելով անհարկի գերկարգավորվածություն:

Ենթադրվում է, որ առանձին դեպքերում հնարավոր չէ որոշել` համապատասխանում է, արդյո՞ք, պատգամավորի վարքագիծը համընդհանուր էթիկայի նորմերին եւ, անգամ եթե չի համապատասխանում, ապա լուծել համաչափ պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Մ. Հակոբյան