ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանիմասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի Նախագիծ) (Կ-842-06.04.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) փարձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածիպահանջներին:

Ստորեւ ներկայացնում ենք Օրենքի Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Օրենքի Նախագիծըմիջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. Նախագծի վերնագրում «Սահմանադրական դատարանի մասին» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»բառերը, եւ նկատի ունենալով, որՆախագծի 1-ին հոդվածի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը» շարադրվել է նոր խմբագրությամբ, անհրաժեշտ է «Օրենքի Նախագծի Հոդված 85.» բառերը փոխարինել«Հոդված 2.» բառերով:

3. Նկատի ունենալով, որ արդարադատություն իրականացնում են նաեւ դատավորները, ուստի առաջարկում ենք քննարկել Օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի եւ 9 հոդվածի 1-ին մասի «Արդարադատություն» բառը «Սահմանադրական արդարադատություն» բառերով փոխարինելու հարցը, որը համահունչ կլինի Սահմանադրության 93 հոդվածին:

4. Օրենքի Նախագծի 6 հոդվածի 6-րդ մասի եւ 17 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «ֆինանսական» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «նյութական» բառը, բացի այդ, 6 հոդվածի 6-րդ մասում ամրագրված է, որ «սահմանադրական դատարանն է տնօրինում իր ֆինանսական միջոցները», մինչդեռ 17 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում ամրագրված է, որ այդ միջոցները տնօրինում է սահմանադրական դատարանի նախագահը: Նպատակահարմար է վերացնել այդ հակասությունը:

5. Առաջարկում ենք քննարկել Օրենքի Նախագծի 7 հոդվածի 1-ին մասը հետեւյալ նախադասությամբ`«Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երեւան քաղաքում, սահմանադրական դատարանի նստավայրում» շարադրելու հարցը:

6. Առաջարկում ենք Օրենքի Նախագծի 9 հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությանը» բառից հետո լրացնել «եւ օրենքին» բառով, որը համահունչ կլինի Սահմանադրության 97 հոդվածին:

7. Օրենքի Նախագծի 11 հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «կամ նրա լիազորած այլ անձի» բառերն առաջարկում ենք հանել, այդ կերպ կվերացվի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի եւ նախագծի 11 հոդվածի միջեւ եղած հակասությունը:

Նույն հոդվածի 6-րդ մասի «Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը» դրույթում առաջարկում ենք «գործ» բառը փոխարինել «հետապնդում» բառով:

Օրենքի Նախագծի 11 հոդվածի 8-րդ մասում «հատուկ» բառն անհրաժեշտ է փոխարինել «արտակարգ» բառով, հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ նախատեսված է ոչ թե «հատուկ» դրության, այլ «արտակարգ» դրության իրավական ռեժիմ:

8. Օրենքի Նախագծի 12 հոդվածն առաջարկում ենք քննարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» եւ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների համատեքստում:

9. Առաջարկում ենք քննարկել Օրենքի Նախագծի 12 հոդվածի 3-րդ մասը եւ 14 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «անգործունակ» բառերից հետո «սահմանափակ գործունակ» բառերով լրացնելու հարցը` նկատի ունենալով, որ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է սահմանափակ գործունակության հետեւանքով դատավորի լիազորությունների դադարեցում:

10. Օրենքի Նախագծի 23 հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Գործի դատաքննություն ը » բառերից առաջ ավելացնել «Սահմանադրական դատարանի նիստերին» բառերը, որը համահունչ կլինի Օրենքի Նախագծի 36 հոդվածին:

11. Օրենքի Նախագծի 25 հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «պետական բյուջեի միջոցների» բառերը:

12. Օրենքի Նախագծի 28 հոդվածի 2-րդ մասի համաձայն դիմողը պարտավոր է` Սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը: Մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով պետական տուրքի այդպիսի տեսակ նախատեսված չէ:

13. Օրենքի Նախագծի 51 հոդվածում ամրագրված է, որ դատական նիստում կարգը խախտելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի նիստը խախտողին նախազգուշացնել, իսկ սահմանադրական դատարանն անհրաժեշտության դեպքումկարող է նշանակել տուգանք` օրենքով սահմանված կարգով, եւ դրանից հետո կարգազանցի նկատմամբ կարող է կիրառել այլ դատական սանկցիա: Մինչդեռ, նշված չէ, թե ո՞ր օրենքով եւ ի՞նչ դատական հարկադրանքի այլ միջոցի մասին է խոսքը:

14. Օրենքի Նախագծի 57 հոդվածի համաձայն` «Սահմանադրական դատարանումակնհայտ կեղծեզրակացություն կամ ակնհայտ կեղծ բացատրություն տալը, ինչպես նաեւ եզրակացություն եւ բացատրությունտալուց հրաժարվելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն»: Մինչդեռ, օրենքով պատասխանատվություն է սահմանված միայն «Քաղաքացիական գործով սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու, քրեական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու, թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար»:

15. Օրենքի Նախագծի` օրենքի ուժի մեջ մտնելուն վերաբերվող դրույթը, այն է` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի պահանջներին, բացի այդ, անհրաժեշտ է նկատել, որ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետը Սահմանադրության 116 հոդվածի համաձայն ուժի մեջ պետք է մտնի 2006 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքի Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա առանձին օրենքներում կատարել փոփոխություններ, մասնավորապես` «Բյուջետային համակարգի մասին», «Պետական տուրքի մասին», «Կուսակցությունների մասին» եւ ՀՀ մի շարք այլ օրենքներում:

Փորձաքննության արդյունքում ի հայտ են եկել խմբագրական եւ այլ թերություններ ու բացթողումներ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան