ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի
լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Մնացական Պետրոսյանի, Հռիփսիմե Ավետիսյանի եւ Գրիգոր Ղոնջեյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) (Պ-531-03.03.2005,11.04.2006-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչություւնում եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «քաղաքացիներին» բառից հետո առաջարկում ենք ավելացնել նաեւ դրույթ` վերաբերող օտարերկյա անձանց, որոնք եւս Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են գործատուներ եւ կարող են լինել գործատուների միության անդամներ:

Նույն հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «կամ» շաղկապը փոխարինել «եւ (կամ)» բառերով:

2. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը եւ բովանդակության որոշ մասն անփոփոխ է (ինչպես նախորդ օրենքի նախագծում) մնացել, մասնավորապես առաջարկում ենք.

ա) հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Գործատուների միության տեսակները»,

բ) հոդվածի 1-ին մասի «ա» կետի «Հանրապետական մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների հանրապետական միությունը, որը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հանրապետական միություն» բառերով,

գ) նույն մասի «բ» կետի «ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների ճյուղային միությունը, որը» բառերը փոխարինել «ճյուղային միություն» բառերով,

դ) նույն մասի «գ» կետի «Տարածքային մակարդակումգործատուներին ներկայացնում է գործատուների տարածքային միությունը, որը» բառերը փոխարինել «Տարածքային միություն» բառերով:

Նույն հոդվածի 1-ին մասի վերջին նախադասության «կարող են նախատեսել» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող է նախատեսվել» բառերով:

Հոդվածի 3-րդ մասի «ՀՀ իրավական ակտերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ» բառերով:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կառավարման» բառը:

Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում:

4. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «կանոնադրության պահանջները» բառերն առաջարկում ենք փոխել «կանոնադրությամբ սահմանված պահանջները» բառերով:

5. Նախագծի 10-րդ հոդվածը վերանգրված է «Գործատուների միությունների անդամների պատասխանատվությունը», եւ ներառում է դրույթներ, որոնք սահմանում են պատասխանատվություն «գործատուների միության կնքված պայմանագրերով կամ համաձայնագրերով պարտավորությունների չկատարման»-ը, իսկ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ գործատուն, որը անդամակցել է գործատուների միությանը պատասխանատվություն է կրում գործատուների միության կնքած բոլոր համաձայնագրերի եւ կոլեկտիվ պայմանագրերի համար:

Նպատակահարմար ենք համարում լրացուցիչ քննարկել եւ պարզել, թե ի՞նչ է հասկացվում «պատասխանատվություն» արտահայտությամբ (այս պարագայում), արդյո՞ք դա գույքային, համապարտ կամ մեկ այլ ձեւով արտահայտված պատասխանատվություն է, եւ ի՞նչու է գործատուն պատասխանատվություն կրում գործատուների միության կնքած բոլոր համաձայնագրերի եւ պայմանագրերի համար, ի՞նչ կարգով է կրում նա այդ պատասխանատվությունը, արդյո՞ք բոլոր գործատուները պետք է պատասխանատվություն կրեն (կլինեն գործատուներ, որոնք ավելի ուշ կանդամակցեն միությանը) եւ այլն:

Մեր կարծիքով, նշված հոդվածը պարունակում է մի շարք վիճելի եւ տարընթերցում առաջացնող դրույթներ, ըստ այդմ առաջարկում ենք վերախմբագրել` հաշվի առնելով վերը շարադրվածը:

6. Նախագծի 12-րդ հոդվածի առաջին մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով» բառերով:

7. Նախագծի 13-րդ հոդված 2-րդ մասի երկրորդ կետի «ժա» ենթակետն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ» բառերով (տես` եզրակացություն թիվ 58, 01.04.2005թ,կետ 17):

Նույն հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել հոդվածի շարադրանքից (տես` եզրակացություն թիվ 58, 01.04.2005թ,կետ 18):

8. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում «համագումար» բառը նպատակահարմար է փոխարինել «մասնակիցների ընդհանուր ժողով» բառերով(տես` եզրակացություն թիվ 58, 01.04.2005թ,կետ 19):

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետի «ա» ենթակետում «փոփոխությունների» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «նրանում» բառը:

Հոդվածի 3-րդ մասի «ընդունում են» բառն առաջարկում ենք փոխարինել «ընդունվում են» բառով:

9. Նախագծի 15-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետում «կամ» բառն առաջարկում ենք փոխարինել «եւ (կամ) ընկերակցություններ եւ (կամ)» բառերով:

Ցանկանում ենք ընդգծել, որ Նախագծում ներառված չեն դրույթներ գործատուների միության գույքի ձեւավորման վերաբերյալ: Սակայն ներառված են դրույթներ տնտեսական ընկերություններ եւ (կամ) ընկերակցություններ ստեղծելու մասին: Այս երկու դրույթներն իրարամերժ են, քանի որ մեկ իրավաբանական անձը մեկ ուրիշ իրավաբանական անձ հիմնադրելով` պետք է որոշակի գույք փոխանցի վերջինիս կանոնադրական կապիտալ: Այս պարագայում դա անհնար կլինի: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագիծը վերախմբագրել` ներառելով վերը նշված դիտողությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասում «նրանց» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «պաշտոնատար աձանց» բառերը:

Հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ այն կրկնում է նույն հոդվածի 1-ին մասի գ) կետը:

Նույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, այն առումով, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները կարող են սահմանվել միմիայն օրենքով (տես`եզրակացություն թիվ 58, 01.04.2005թ,կետ 21):

10. Նախագծի 16-րդ հոդվածի «ա» կետն ավելի շուտ իրավունք է, քան պարտականություն, ուստի հիշյալ կետն անհրաժեշտ է տեղափոխել նախագծի 15-րդ հոդված (տես` եզրակացություն թիվ 58, 01.04.2005թ,կետ 22):

11. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասը համահունչ չէ 10-րդ հոդվածի 3-րդ մասի հետ: Ստացվում է, որ գործատուների միությունը պատասխանատու չէ իր անդամի պարտավորությունների համար (ինչը միանգամայն ճիշտ է), իսկ միության անդամը (ըստ 10-րդ հոդվածի 3-րդ մասի) պատասխանատվություն է կրում գործատուների միության « … կնքած եւ այդ ժամանակ գործող բոլոր համաձայնությունների համար», ինչը, բնականաբար ընդունելի չի կարող լինել, եւ առաջարկվում է հանել նշված 3-րդ մասը: (տես` եզրակացություն թիվ 58, 01.04.2005թ,կետ 24):

12. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «այլ» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «շրջանառու» բառը:

13. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել հոդվածի շարադրանքից, քանի որ գործատուների միությունը ոչ թե «կարող է նաեւ», այլ «կարող է» լուծարվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
Ե
Վ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Վ. Էլոյան
Մ. Հակոբյան