Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (Կ-851-18.04.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով):

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները:

1.Նախագծի 3 հոդվածով առաջարկվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11 հոդվածի 5-րդ մասը լրացնել 11 կետով, որի համաձայն. «11 ) «դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով դիմում է Սահմանադրական դատարան, մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»:

Նախագծով առաջարկվող նշված փոփոխությունն ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք «դատարան,» բառից հետո նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սահմանադրական դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի:»:

Բացի այդ, անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող փոփոխության մեջ նշել, թե Օրենքի 11 հոդվածի 5-րդ մասում 11 կետը ո՞ր կետից հետո (կամ առաջ) է նախատեսվումլրացնել:

2. Նախագծի 4 հոդվածի 1-ին կետով առաջարկվում է օրենքի 22 հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն. «Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ 103-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված կարգով:»:

Առաջարկվող փոփոխությունը վերաբերվում է Գլխավոր դատախազի նշանակման կարգին, մինչդեռ Նախագծի նշված հոդվածի կետում հղում է կատարվել նաեւ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի 3-րդ մասին, որով սահմանվում է Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու կարգը:

Առաջարկում ենք Նախագծով ներկայացված հիշյալ փոփոխությունը հստակեցնել` համապատասխանեցնելով այն Օրենքի 22 հոդվածի վերնագրին:

3. Նախագծի 4 հոդվածի 7-րդ կետով առաջարկվում է Օրենքի 22 հոդվածի 9-րդ մասի «կամ այլ ստորադաս դատախազն» բառերը փոխարինել «, այլ ստորադաս դատախազը եւ քննիչն» բառերով:

Նշված փոփոխությունն ամբողջական եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության պահանջներին համահունչ դարձնելու նպատակով առաջարկում ենք Նախագծով նախատեսված փոփոխության « … դատախազը եւ քննիչն» բառակապակցության «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:

4. Նախագծի 8 հոդվածի 1-ին նախադասության «օրը» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116 հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո» բառերը, քանի որ Նախագծի 4 հոդվածով առաջարկվող փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել Սահմանադրության 116 հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Հ. Իսրաելյան