ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լեւոն Մկրտչյանի, Հրայր Կարապետյանի, Գալուստ Սահակյանի, Սամվել Բալասանյանի եւ Արմեն Ռոստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (Պ-853-18.04.2006-010/0 փաստաթղթային կոդով) փորձաննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է « Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ավելացնել նոր 18-րդ հոդված եւ այդ կապակցությամբ օրենքի 18-22-րդ հոդվածները համապատասխանաբար համարել 19-23-րդ հոդվածներ:

Հիշյալ առաջարկության վերաբերյալ հարկ ենք համարում նշել, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 4-րդ մասի համաձայն. « Ուժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի համարների փոփոխություն չի կատարվում »: Իսկ նույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան. «Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի կամ կետերի միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս կամ կետ կարող է լրացվել միայն լրացուցիչ (պրիմ) համարով: Այս դեպքում եւս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի կամ կետերի համարի փոփոխություն չի կատարվում»: Հետեւաբար, նոր հոդվածը պետք է համարակալվի որպես 181 հոդված, իսկ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունը անհրաժեշտ է հանել:

3. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության. «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Բռնադատվածների հասկացությունը տրվել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, որի համաձայն. « Բռնադատված համարվում է Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաեւ 206.1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է.

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.

դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ »:

Քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները», առաջարկում ենք վերացնել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի եւ Նախագծի միջեւ առկա հակասությունը եւ Նախագծում «բռնադատված» հասկացությունը տալ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի համաձայն :

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել վերոհիշյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ավելացնել նոր 181 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 181 «Բռնադատված անձանց հիշատակի օր»՝ նշվում է հունիսի 14-ին:

Սույն հոդվածի իմաստով բռնադատված են համարվում «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-106) 1-ին հոդվածում թվարկված անձինք »:

4. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից»: Նշված մոտեցումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությանը, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան սույն օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ»: Հետեւաբար Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման պահից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Վ. Գասպարյան
Ա. Դանիելյան
Ա. Սարգսյան
Հ. Իսրաելյան