ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով (փաստաթղթային կոդ` Կ -8 66 - 02 .05.2006- ՖՎ -010/0) ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ մասը «հակահամաճարակային ծառայության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների» բառակապակցությամբ»:

Վերոհիշյալի անհրաժեշտությունը բխում է ինչպես օրենսդրական տեխնիկայի կանոններից, այնպես էլ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (15 դեկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-28-Ն) ՀՀ օրենքին (որը գործողության մեջ է դրվելու սույն թվականի հուլիսի 1-ից) չհակասելու անհրաժեշտությունից:

3. Նախագծի 3-րդ հոդվածը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ պարբերության պահանջին, առ այն, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում առնվազն դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, մինչդեռ Նախագծով առաջարկվող լրացումները հսկողության եւ վերահսկողությանկարգ են փոփոխում, ընդ որում, այդ փոփոխության արդյունքում ստուգվող սուբյեկտների իրավական վիճակը վատթարացվում է, քանի որ վերացվում է առնվազն 3 օր առաջ ստուգման մասին գրավոր ծանուցելու ստուգման մարմնի պարտականությունը:

Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի շարադրանքում «հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Սարգսյան