ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների
մասնավորեցման ծրագրի կատարման 2005 թվականի տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-87
3
-06.05.2006-
ՖՎ
-010/0)
վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների մասնավորեցման ծրագրի կատարման 2005 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագիծը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության պահանջին, առ այն, որ «օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»: Մինչդեռ Նախագծում բացակայում են համարակալում ունեցող հոդվածները:
Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագծի «Հաստատել» բառից առաջ ավելացնել «Հոդված 1» բառերը:
Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծում ավելացնել 2-րդ հոդված` օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ:
3. Նախագծում պահպանված չեն նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի37-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն առ այն, որ իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը ձեւակերպվում են հավելվածների տեսքով: Մինչդեռ Նախագծում տարեկան հաշվետվությունը ձեւակերպված չէ որպես հավելված:
4. Հաշվետվության ընդհանուր դրույթների համաձայն հաշվետվության մասն են կազմում նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2003 թվականի ապրիլին) եւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2005 թվականի ապրիլին):
Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին»:
Քանի որ վերոթվարկյալ օրենքների նախագծերը ՀՀ Ազգային ժողովի կողմից չեն ընդունվել եւ ուժի մեջ չեն մտել, կարծում ենք` դրանք չեն կարող Հաշվետվության մաս կազմել:
5. Հաշվետվության ընդհանուր դրույթների 13-րդ պարբերությունում հղումներ են կատարվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) օրենքներին, մինչդեռ, համաձայն«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության. «Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Ա. Սարգսյան