ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ -8 74 - 10 .05.2006- ԳԿ -010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գուրգեն Արսենյանի եւ Գալուստ Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:
1. Նախագծով առաջարկվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը վերաշարադրել նոր խմբագրությամբ:
Նախագծով առաջարկվող 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ պարբերությունները, մեր կարծիքով, իրարամերժ դրույթներ են պարունակում, քանի որ առաջինում նշված է, որ ԲՈՒՀ-ը կարող է միակողմանի փոփոխել ուսանողի հետ կնքված պայմանագիրը, իսկ երկրորդն ուղղակի բացառում է ԲՈՒՀ-ի այդ իրավունքը` սահմանելով, որ վերջինս «իրավունք չունի ուսանողի հետ կնքված պայմանագրում կատարելու փոփոխություն»:
2. Նախագծի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում շարադրված այն դրույթը, որի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատությունը միակողմանի կարող է փոփոխել ուսանողի հետ կնքած պայմանագիրը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` ՔՕ) 3-րդ հոդվածում սահմանված մի շարք սկզբունքներին: Այսպես, հաշվի առնելով Նախագծի առաջարկը, ԲՈՒՀ-ն ուղղակի կարող է հարկադրել ուսանողին կնքել պայմանագիր, ինչը հակասում է կարգավորվող հարաբերություններում մասնակիցների հավասարության սկզբունքին, ինչպես նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի պայմանագրի հասկացությանը («պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը» ), ՔՕ-ի 437-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որտեղ ամրագրված է, որ «Քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս» եւ 2-րդ կետին, որը հստակ սահմանում է, որ պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում : Այս դրույթները համարվում են իմպերատիվ նորմեր եւ սրանք պայմանագրի հիմնական առանձնահատկություններն են:
Նախագծի առաջարկը վերաբերվում է պայմանագրի` էական համարվող հանգամանքներից (պայմաններից) մեկի փոփոխությանը:
«Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջեւ կկնքվեր էականորեն տարբեր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի» (ՀՀ ՔՕ, հ. 448):
Նախագծի վերոհիշյալ առաջարկը դրամի արժեզրկմամբ կամ արժեւորմամբ պայմանավորելու դեպքում էլ այս իրավահարաբերությունները կարելի է կարգավորել վարձի չափը պայմանագրում ինդեքսավորելու միջոցով:
Անհրաժեշտ է նկատել, որ Քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պայմանագրի կնքումից հետո, դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով սահմանված կարգով:
Քաղաքացիական օրենսգիրքն իր 466-րդ հոդվածով սահմանում է պայմանագրի փոփոխման եւ լուծման հիմքերը, որոնց համաձայն` պայմանագրի փոփոխումը եւ լուծումը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ:
Բացի դա, չի կարելի սահմանափակել առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող ԲՈՒՀ-երի` շահույթ ստանալու իրավունքն ու հնարավորությունը:Առեւտրային կազմակերպության շահույթ ստանալու նպատակը բնորոշ է բիզնեսի ցանկացած ոլորտի:
Բացի այդ, նշենք նաեւ, որ Քաղաքացիական օրենսգիրքը պարունակում է այլ նորմեր, որոնց համաձայն կարելի է ապահովագրել տնտեսավարող սուբյեկտների ձեռնարկատիրական ռիսկը (ՔՕ, հ. 989):
Հիմք ընդունելով վերը շարադրվածը` առաջարկում ենք նշված դրույթը հանել Նախագծի շարադրանքից, քանի որ ԲՈԻՀ-ը որպես իրավաբանական անձ եւ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ իր գործունեության ընթացքում ինքնուրույն կրում է իր գործողությունների հետեւանքով ծագած ձեռնարկատիրական ռիսկը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է (ՔՕ, հ. 2):
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Վ. Էլոյան