ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ -8 78 - 15 .0 2 .2006- ՖՎ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետում, մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացումը պետքէ առաջարկվեր կատարելու 57-րդ հոդվածի 6-րդ մասի «բ» կետում, քանի որ օրենքները բաղկացած են մասերից, որոնք էլ իրենց հերթին` կետերից: Համեմատության համար նշենք, որ վերոհիշյալ օրենքի 57-րդ հոդվածի վերջին պարբերության մեջ ուղղակի նշված է. «սույն մասի «բ» կետում»:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

3. Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հեղինակները հիմնավորել են այն հանգամանքով, որ տարակարծություն կա «մասնավորեցում» եւ «օտարում» հասկացությունների վերաբերյալ եւ առաջարկում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքների համապատասխանաբար 282 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում եւ 57-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետում «մասնավորեցումից» բառից հետո ավելացնել «եւ օտարումից» բառերը: Գտնում ենք, որ «մասնավորեցում» եւ «օտարում» բառերի միջեւ որեւէ հակասություն չկա: Մասնավորեցումը, սոսկ, օտարման ձեւերից մեկն է: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «պետության սեփականությանը պատկանող գույքն օտարվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց` մասնավորեցմամբ (ապապետականացման մասին) օրենքներով սահմանված կարգով»:«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին»:

Եթե խնդիրը վերաբերում է այն հանգամանքին, որ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում նույնպես պետական գույքի օտարումից ստացված միջոցների մի մասը ուղղվի համայնքային բյուջե կամ Երեւան քաղաքի հատուկ հաշվին, ապա օրենքներում ոչ թե «մասնավորեցումից» բառից հետո պետք է ավելացնել «եւ օտարումից» բառերը, այլ«մասնավորեցումից» բառը փոխարինել «օտարումից, այդ թվում` նաեւ մասնավորեցումից» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Ա.Սարգսյան