ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին»
ՀՀ օրենքի նախագծի (փոստաթղթային կոդ` Կ-887-29.05.2006-010/0)
վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «կարգավորում է» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանում է» բառով, քանի որ հատկապես «նկարագրությունը» չի կարող կարգավորվել:

3. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը հստակեցման եւ վերախմբագրման կարիք ունեն, հատկապես պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանների տեղադրման տեղերը, քանի որ ըստ ներկայացված օրենքի նախագծի Հայաստանի Հանրապետության զինանշանի վերեւի աջ անկյունում Արտաշեսյանների, իսկ ձախ անկյունում Արշակունիների զինանշաններն են: Իսկ նախկինում Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված մեկ այլ օրենքի նախագծով սահմանված էր ճիշտ հակառակը:

4. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերի գործածման իրավունք ունեցողների ցանկը, որտեղից, մեր կարծիքով, դուրս են մնացել օրինակ` Արդարադատության խորհուրդը, դեսպանատները, հյուպատոսությունները, ուստի առաջարկում ենք վերանայել նշված ցանկը: Նույն մասի, ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 1-ին մասի «(ծառայություններ, խորհուրդներ» բառերիցհետո առաջարկում ենք դնել ստորակետ եւ ավելացնել «հանձնաժողովներ» բառը:

Նույն մասի նախավերջին տողի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենսդրությամբ» բառով, քանի որ «Հայաստանի Հանրապետության օրենք» գոյություն չունի:

5. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «տեղադրվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղադրված է» կամ «պետք է տեղադրված լինի» բառերով, քանի որ «տեղադրվում է» բառը կրում է անավարտ, շարունակական բնույթ:

Նույն հոդվածի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք տեղափոխել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի» բառերից հետո, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության դատարանների» բառերը, «Հայաստանի Հանրապետության դատախազությունները» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատախազությունը եւ նրա կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով:

6. Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի «այլ զորքերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «իրավապահ մարմինների» բառերով:

7. Օրենքի նախագծի 9 -րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»: Մինչդեռ, որեւէ օրենք ՀՀ պետական զինանշանի օգտագործման կարգի խախտման համար պատասխանատվություն սահմանող նորմ չի պարունակում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Մ. Հակոբյան