ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-893-05.06.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 205 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի նշված հոդվածի 2-րդ մասի սանկցիայով որպես պատիժ նախատեսվել է ազատազրկում 3-ից մինչեւ 6 տարի ժամկետով: Այդ հիմքով հանցագործությունը դասվելու է ծանր հանցագործությունների շարքին Օրենսգրքի 19 հոդվածի 4-րդ մասի համաձայն:

Մեր կարծիքով քննարկման է արժանի այդ տեսակի հանցագործությունը ծանր հանցագործությունների շարքին դասելու հանգամանքը, հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը եւ դրանից բխող քրեա-իրավական հետեւանքները (պատժից ազատելը, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը, ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77 հոդվածներ):

Եթե Նախագծով առաջարկվող հոդվածի սանկցիանները համադրության մեջ դնենք նույնատիպ հանցագործություններ սահմանող հոդվածների սանկցիաների հետ, (օրինակ` Օրենսգրքի 194 հոդված), ապա երեւան կգա նախատեսվող պատժի անհամաչափություն:

Բացի այդ, քննարկման է արժանի քննարկվող հանցանքի տեսակի փոփոխությունը հետխորհրդային երկրների միասնական տնտեսական տարածքում միատեսակ քրեա-իրավական քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից:

Որպես այլընտրանքային տարբերակ, քննարկման է արժանի նաեւ Նախագծով առաջարկվող հոդվածը առանձին հոդվածներով կամ` հոդվածի տարբեր մասերով ըստ հանցագործության սուբյեկտների տրոհելու հարցը` (ներառելով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում որպես սուբյեկտներ բացառապես իրավաբանական անձանց պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռներեցներին) հաշվի առնելով վերջիններիս կողմից կատարվող քրեորեն հետապնդելի արարքի բնույթը եւ հանրության համար վտանգավորությանաստիճանը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Հ. Իսրաելյան