ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ- 905 - 19 .0 6 .2006- ՍԱ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ պարբերությունում «տվյալ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բնության հատուկ պահպանվող» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ: Մասնավորապես միեւնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը»:

3. Նույն հոդվածի 15-րդ պարբերությունում «տարբեր կատեգորիաների» բառերն անհրաժեշտ է կիրառել «բնության» բառից հետո:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասում «վարձակալողը» բառն առաջարկում ենք փոխարինել «օգտագործողը» բառով, քանի որ բացի վարձակալական հիմունքներից, հողը կարող է օգտագործվել նաեւ հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի պայմանագրերի հիման վրա, կառուցապատման իրավունքով եւ այլն:

5. Նույն հոդվածի հաջորդ մասից, 29-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետից եւ 31-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

6. Նախագծի 8-11-րդ հոդվածների վերնագրերում եւ տեքստերում «իրավասությունները» բառն առաջարկում ենք օգտագործել եզակի թվով:

7. Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետում «վարձակալության» բառն առաջարկում ենք փոխարինել «օգտագործման» բառով, քանի որ հողերը կարող են տրամադրվել նաեւ անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

8. Նախագծի 28-րդ հոդվածի անհրաժեշտությունը չկա, քանի որ տարածքից օգտվելու դադարման որեւէ հիմք, բացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով պայմանագրի լուծման համար սահմանված ընդհանուր հիմքերից չի նախատեսվում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Հ. Իսրաելյան