ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (Փաստաթղթային կոդ Պ-907-28.06.2006-ՍԱ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Աղասի Արշակյանի, Մեխակ Մխիթարյանի, Էդմունդ Ծատուրյանի, Վարդգես Մաթեւոսյանի, Կարեն Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ելնելով նախագծի ուսումնասիրության արդյունքներից, անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ քննարկումների` նախագծին վերաբերվող առանձին հարցեր հստակեցնելու համար, մասնավորապես`

1.Նախագծով առաջարկվող կենսաթոշակը (պատգամավորական) պետական կենսաթոշակի տեսակ է, թե ոչ, եւ արդյոք չպե՞տք է այն նախատեսվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում: Այսպես, օրինակ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի համաձայն` սահմանվել են կենuաթոշակի հետեւյալ տեuակները. ա) ապահովագրական` ( տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մաuնակի). ը) uոցիալական` (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, առաջարկում ենք ներկայացված նախագծի ընդունման զուգընթաց, կատարել լրացում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 3-րդ կետում, սահմանելով պատգամավորի կենսաթոշակը` որպես ծառայողական կենսաթոշակի տեսակ :

2. Նախագծի թե տեքստից (Հոդված 3. Պատգամավորի տարիքային կենսաթոշակը եւ նշանակման պայմանները), թե հիմնավորումից («Սահմանվում է, որ կենսաթոշակային ապահովման ենթակա են միայն պրոֆեսիոնալ հիմունքներով աշխատած Աժ-ի (1999 թվականից) պատգամավորները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում եւ հանդիսացել են առնվազն մեկ գումարման պատգամավոր») պարզ չէ, արդյոք պատգամավորական կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերվում պատգամավորի կողմից իր վերջի՞ն զբաղեցրած պաշտոնի համար:

Առաջարկում ենք նշված 3-րդ հոդվածը հստակեցնել, ձեւակերպելով հետեւյալ խմբագրությամբ. «Պատգամավորն իրավունք ունի ստանալ պատգամավորական (ծառայողական) կենսաթոշակ ` իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով:»

ՀՀ Աժ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Կ.Հարությունյան
Ա.Գալստյան