ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» , « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-915-04.07.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1.Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերջում ամրագրված է, որ « Սույն օրենքը չի  տարածվում  ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, արտակարգ իրավաիճակների պայմաններում  սեփականության օտարման հարաբերությունների վրա»: Մինչդեռ օրենքի նախագծի 17 հոդվածով առաջարկվում է կարգավորել հասարակության եւ պետության կարիքների համար ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակների պայմաններում սեփականության օտարման իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով օրենքի նախագծի 2-րդ հոդվածում ամրագրված դրույթը առաջարկվում է 17 հոդվածը հանել օրենքի տեքստից:

          2. Օրենքի նախագծի 3 հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն` հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայման է համարվում նաեւ այն, որ օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում: Այդ դրույթի հետ, կարծես, հակասության մեջ է մտնում օրենքի նախագծի 4 հոդվածի 1-ին մասի գ) կետում ամրագրված դրույթը, որը վերաբերում է նվազագույն վնաս պատճառելու հնարավորությանը: Միաժամանակ նախագծի 4 հոդվածի 1-ին մասի գ) կետում ամրագրված դրույթից ստեղծվում է տպավորություն, իբր վնաս պատճառելը պարտադիր պայման է, որը, սակայն պայման է, սակայն չի կարող լինել նվազագույնից ավելի: Առաջարկվում է քննարկել այդ դրույթը վերախմբագրելու հարցը, նկատի ունենալով նաեւ, որ նվազագույն վնաս հասկացությունը ենթակա է գնահատման եւ սուբյեկտիվ է իր էությամբ: Ուստի առաջարկում ենք սահմանել օբյեկտիվ չափանիշ (չափանիշներ): Դա համահունչ կլինի օրենքի նախագծի 5 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում ամրագրված դրույթներին:

3. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետի համաձայն` գերակա հանրային շահը որոշում է կառավարությունը: Այս դրույթը ներառվել է գերակա հանրային շահերի որոշման սկզբունքների մեջ: Մինչդեռ այն կարող է դիտարկվել որպես որոշում կայացնելու իրավունքով օժտված բացառիկ իրավասուբյեկտություն: Նման մոտեցումն ընդունելի է իրավական տեսանկյունից: Այնուամենայնիվ քննարկման են ենթակա հնարավոր հակակշիռները` որոշումը դատական կարգով բողոքարկելու մեխանիզմը: Օրենքի նախագծի առանձին դրույթներով սահմանվում են որոշումըեւ դրան վերաբերող գործողությունները բողոքարկելու ժամկետները: Ընդորում, օրենքի նախագծի 9 հոդվածի համաձայն.

«1. Սեփականության օտարման մասին կառավարության որոշումն   օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից  կարող է բողոքարկվել դատարան՝ սեփականությունն օտարելու մասին կառավարության որոշումն   ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Սեփականությունն ուսումնասիրելու վերաբերյալ կառավարության որոշումն   ուսումնասիրման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից  կարող է բողոքարկել դատարան՝ սեփականությունն ուսումնասիրելու վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

2. Սեփականության օտարման մասին կառավարության որոշումը uեփականատերը  եւ գույքային իրավունք ունեցող անձը  չի կարող բողոքարկել դատարան, եթե կնքել է տվյալ սեփականությունը հասարակության եւ պետական կարիքների համար օտարելու մասին պայմանագիրը »:

Այս կապակցությամբ նշենք, որ որքան էլ անհրաժեշտ է կարճ ժամկետներում իրականացնել սեփականություն օտարելու կամ սեփականության նախնական ուսումնասիրության վերաբերյալ կառավարության որոշումը, այնուամենայնիվ քննարկման է ենթակա դատարան բողոքարկելու իրավունքը սահմանափակելու մասին օրենքի նախագծի 9 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների  դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Իսկ ՀՀ Սահմանադրության 43 հոդվածով նախատեսված է, որ «Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»: Այսպիսով նախատեսված չէ դատական պաշտպանության իրավունքից օրենքով զրկելու կամ այդ իրավունքը սահմանափակելու հնարավորությունը:

Այդ հիմքով առաջարկվում է նախ քննարկել օրենքի նախագծի 9 հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանափակումը վերացնելու հարցը եւ դրա հետ մեկտեղ քննարկել օրենքի նախագծի 4 հոդվածի 1-ին մասի դ) կետում ամրագրված բացառիկ իրավասուբյեկտության խնդիրը:

4. Օրենքի նախագծի 4 հոդվածի 4-րդ մասում նախատեսված է, որ «Հասարակության եւ պետության կարիքը կարող է համարվել բացառիկ՝ գերակա հանրային շահ, եթե դրա իրագործումն սկսվելու է   կառավարության   համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»: Առաջարկվում է քննարկել նաեւ իրագործումը ավարտվելու վերջնական ժամկետ սահմանելու հարցը:

5. Օրենքի նախագծի ինչպես 4 հոդվածի 3-րդ եւ 4-րդ, այնպես էլ 3 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում ու այլ հոդվածներում անհրաժեշտ է կատարել մասերի համարակալում:

6. Օրենքի նախագծի 6 հոդվածի 1-ին մասում եւ ամբողջ տեքստում առաջարկվում է «շահառու» բառըփոխարինել մեկ այլ բառով:

7. Օրենքի նախագծի 7 հոդվածի 2-րդ մասում սահմանվում են սեփականությունն օտարելու վերաբերյալ կառավարության որոշման բովանդակության պարտադիր տարրերը: Ենթադրվում է, որ այդ որոշման բաղկացուցիչ մաս պետք կազմի նաեւ հանրային շահի իրականացման ծրագիրը: Դա համահունչ կլինի սույն եզրակացության 4-րդ կետում արված առաջարկությանը:

8. Օրենքի նախագծի 7 հոդվածի 6-րդ մասը առաջարկվում է մանրամասնել, նշելով, թե որ մարմնի կողմից եւ ինչ ժամկետներում պետք հաստատվի լիազոր մարմնի կողմից կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը: Դա կնպաստի պատասխանատվության բարձրացմանը:

9. Օրենքի նախագծի 8 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն «Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ուսումնասիրության հետեւանքով սեփականատիրոջը պատճառվելիք վնասները շահառուի կողմից  մասնակի նախնական փոխատուցման պարտավորություն»: Առաջարվում է «կարող է» բառը փոխարինել «պետք է» բառով եւ առնվազն սահմանել այդ փոխհատուցման չափը որոշելու մեխանիզմը եւ կառավարության որոշմամբ այդ փոխհատուցման ժամկետը սահմանելու հնարավորությունը: Վերջին դիտարկումը վերաբերում է նաեւ 8 հոդվածի 8,9 եւ 10-րդ մասերում ամրագրված դրույթներին:

10. Օրենքի նախագծի 8 հոդվածի 6-րդ մասի համաձայն «Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու կառավարության  որոշմամբ   սահմանված սեփականության իրավունքի օբյեկտներ,  դիտարկել կամ զննել դրանք,  վերցնել փորձանմուշներ, կատարել չափագրումներ, նկարահանումներ կամ կատարել ընդերքի հետազոտական աշխատանքներ, կազմել օտարվող սեփականության նկարագրության  արձանագրությունը»: Անարգել մուտք գործելուն առնվազն պետք նախորդեն օրենքով ամրագրված այնպիսի ընթացակարգեր, որոնք մի կողմից կապահովեն մարդկանց սեփականություն հանդիսացող տարածք ներխուժելուց պաշտպանվելու հնարավորությունը, իսկ մյուս կողմից` այդ ընթացակարգերի պահպանմամբ մուտք գործելու հնարավորությունը: Դա համահունչ կլինի օրենքի նախագծի 8 հոդվածի 7-րդ մասի բ) ենթակետում ամրագրված դրույթին:

11. Օրենքի նախագծի 10 հոդվածի 4-րդ մասում ամրագրված է, որ «Սեփականությունը     կարող է օտարվել շահառուի եւ օտարման ենթակա  սեփականության սեփականատիրոջ միջեւ կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձեւը, կարգը, ժամկետներն ու պայմանները»: Առաջարկվում է պայմանագրի կարուցվածքում նախատեսել նաեւ պատասխանատվությունը:

II. « ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

III . «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասում առաջարկվել է ամրագրել հետեւյալ դրույթը.

« 4. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ »:

Իսկ նախագծի նույն հոդվածի 5–րդ մասի համաձայն. «5. Հողամասի շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը»:

          Համադրելով այս երկու դրույթները առաջարկում ենք քննարկել ոստիկանությանը դիմելու պարտականության հարցը ամրագրելու խնդիրը, եթե տվյալ իրավիճակում հնարավոր չէ այլեւս ողջամիտ պաշտպանության միջոցներով պաշտպանել իրավունքը եւ դա կարող է հանգեցնել անհամարժեք հետեւանքների, ինչպես նաեւ ոստիկանության պարտականությունը` արձագանքելու դրան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`

Ա. Երեմյան