ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-926-21.07.2006-ՖՎ-010/0) փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքում լրացում կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին», Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Ներկայացված նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1.Նախագծի 2-րդ հոդվածի «ռիսկերի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՌՎԿԿՀ) համակարգ» հասկացությունն ավելացվել է նաեւ այդ համակարգի սկզբունքներով, որոնք չեն կարող կազմել հասկացության բովանդակային մասը: Առաջարկվում է այդ սկզբունքները շարադրել օրենքի նախագծի 6 հոդվածում:

2.Նախագծի 2-րդ հոդվածի «վտանգավոր սննդամթերք», «սննդամթերքի հետ շփվող վտանգավոր եւ վտանգավոր սննդային հավելումներ» հասկացությունների «գ» եւ «զ» կետերում համապատասխանաբար «9-րդ հոդվածով» եւ «8-րդ հոդվածի» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «սույն օրենքի» բառերը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի վերջին մասում տրված է «գենետիկորեն ձեւափոխված մթերքի» հասկացությունը, որը թվարկման եղանակով դասակարգում է այդ մթերքը 3 տեսակի: Այդ դասակարգման ա) կետի համաձայն գենետիկորեն ձեւափոխված մթերքի տեսակ է համարվում. «ա) ցանկալի որակական հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը»: Այսպիսով, գենետիկորեն ձեւափոխված մթերքը բնութագրվում է որպես «ցանկալի որակական հատկանիշներ … ստացած մթերք»: Հարց է ծագում` ու՞մ համար ցանկալի, արտադրողի՞, թե սպառողի՞: Վիճահարույց է, որ այդպիսի գյուղատնտեսական մթերքն օգտագործելն սպառողների համար կարող են լինել ցանկալի եւ անվնաս: Ավելին, գենետիկորեն ձեւափոխված մթերքի, գենետիկորեն ձեւավորված աղբյուրներից պատրաստված կամ դրանց բաղադրամասերից պատրաստված մթերքի նկատմամբ քաղաքակիրթ աշխարհում արդարացիորեն ձեւավորվել է խիստ բացասական վերաբերմունք: Գենետիկորեն ձեւափոխված մթերք սպառելու դեպքում որոշակիորեն խախտվում են սպառողների` էկոլոգիապես մաքուր եւ առողջ սննդամթերք օգտագործելու, շրջակա միջավայր ունենալու եւ օգտվելու, առողջ սերունդ ունենալու եւ այլ իրավունքները:

4. Նախագծի 4 հոդվածի 1-ին կետը շարադրված է հետեւյալ խմբագրությամբ. « 1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով»: Հաշվի առնելով, որ սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությունը հիմնվում է նաեւ ՀՀ Սահմանդրության նորմերի վրա, առաջարկվում է այդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով»:

5. Նախագծի 5 հոդվածում թվարկված են սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնց շարքում որպես սկզբունք է ամրագրված. « 1. իրավական ակտերի կատարման ապահովումը եւ մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործման եւ սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը »: Մեր կարծիքով «իրավական ակտերի կատարման ապահովումը» ոչ թե սկբունք է, այլ պարտականություն, որի խախտումը պետք հանգեցնի համապատասխան պատասխանատվության: Այդ հիմքով առաջարկում ենք «իրավական ակտերի կատարման ապահովումը» բառերը փոխարինել «օրինականությունը» բառով: Ինչ վերաբերում է «մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործման եւ սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությանը», ապա այդ սկզբունքն առաջարկվում է ամրագրել որպես առանձին սկզբունք եւ թվագրել որպես թիվ 1 սկզբունք:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերության «օրենքով» բառն անհրաժեշտ է փախարինել «օրենսդրությամբ» բառով, քանի որ հենց նույն մասի 2-րդ պարբերությունում նշվում է, որ արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «5. Արգելվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հնարավոր թյուրիմացությունները բացառելու համար»: Սահմանված այս բացառությունն առաջարկվում է մանրամասնել, նշելով թե որ մարմնի թույլտվությամբ եւ ում կողմից կարող է իրականացվել այդ բացառությամբ նախատեսված իրավունքը:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին «եւ» տառն անհրաժեշտ է փոխարինել «եւ/կամ» բառերով, քանի որ վնասված փաթեթավորումով եւ վնասված մակնշումով սննդամթերքի դեպքերը կարող են լինել նաեւ առանձին, իսկ առկա խմբագրությամբ արգելքը տարածվում է բացառապես դրանց համատեղ ի հայտ գալու դեպքին:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն նույն հոդվածի դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող եւ տեղում իրացվող սննդամթերքի վրա: «Տեղում իրացվող» արտահայտությունն անօրոշ է եւ չի արտահայտում այն աշխարհագրական տարածքը, որին վերաբերում է 8-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթը:

10. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «կամ սննդային հավելումներն ամբողջությամբ վտանգավոր են, եթե փորձաքննությամբ չի հիմնավորվել խմբաքանակի անվտանգ լինելը» արտահայտությունն առաջարկում ենք վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կամ սննդային հավելումներն ամբողջությամբ համարվում են վտանգավոր, եթե փորձաքննությամբ հակառակը չի ապացուցվել»:

11. Օրենքի Նախագծի 12-րդ հոդվածում`

ա)վերնագրում եւ հետագա ամբողջ տեքստում «վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների շուկայից հետկանչումը» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների շրջանառությունից դուրս բերելը» արտահայտությամբ,

բ)3-րդ մասից առաաջարկում ենք հանել «ըստ անհրաժեշտության» բառերը, քանի որ նկարագրված դեպքում զանգվածային լրատվության միջոցներով բնակչությանը իրազեկումը պետության պարտականությունն է, այլ ոչ թե ըստ հայեցողության լուծվող խնդիր,

գ) 7-րդ մասի 1-ին պարբերությունից անհրաժեշտ է հանել «միայն» բառը, իսկ 2-րդ պարբերությունում «արգելել» բառն առաջարկվում է փախարինել «կասեցնել» բառով (ինչը համահունչ կլինի տվյալ հոդվածի հետագա շարադրանքին) եւ հանել նույն պարբերության «անմիջապես» բառը (հակառակ դեպքում ներքին հակասություն է առաջանում տվյալ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունների միջեւ),

դ) 7-րդ մասի 4-րդ պարբերությունում «ապա» բառից հետո անհրաժեշտ էավելացնել «կասեցման կամ» բառերը,

ե) 7-րդ մասի 4-րդ պարբերության 2-րդ նախադասությունն առաջարկում ենք հանել կամ էլ վերաշարադրել այնպես, ըստ որի տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասի փոխհատուցման պարտավորությունը կդրվի ոչ թե լիազոր մարմնի տեսուչի, այլ պետության (ի դեմս լիազոր մարմնի) վրա:

12. Նախագծի 12-րդ հոդվածի 7-րդ մասի ամբողջական վերլուծությունը վկայում է այն մասին, որ թեեւ տեսուչի հայտնաբերած խախտման հիման վրա վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսչությունն իրավունք ունի կասեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները (1-ին պարբերություն), այնուամենայնիվ 4-րդ պարբերությունում սահմանվել է այնպիսի մեխանիզմ, որը կասկածի տակ է դնում այդ գործառույթի իրականացումը պրակտիկայում (« … .տեսուչը պարտավոր է փոխհատուցել արգելման հետեւանքով սուբյեկտին պատճառված վնասը»): Ընդորում հարկ է նշել, որ 12-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության համաձայն արգելման մասին որոշումը կայացնում է տեսչության պետը: Համադրելով այդ դրույթները օրենքի Նախագծի 17 հոդավածի 1-ին մասի բ) կետում ամրագրված դրույթի հետ («հիմնավոր կասկածների դեպքում սույն օրենքի դրույթների եւ իրավասությունների շրջանակում կիրառել սահմանափակումներ») առաջարկվում է վերանայել տեսուչի պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը եւ հիմքերը: Դա կնպաստի տեսուչի կողմից իր գործառույթների նպատակային իրականացմանը, չբացառելով տեսուչի պատասխանատվությունը դիտավորությամբ կամ անզգուշությամբ տնտեսվարող սուբյեկտին վնաս պատճառելու դեպքում:

13. Նախագծի14-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթը առաջարկվում է ներառել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

14. Նախագծի 15-րդ հոդվածի վերլուծության արդյունքում առաջարկում ենք քննարկել նաեւ հանրային վերահսկողության ինստիտուտ սահմանելու խնդիրը, ինչը կնպաստի մրցակցությանը եւ այլընտրանքային փորձաքննություն իրականացնելու հնարավորությանը: Դա էլ իր հերթին կարող է նպաստել փորձարկումների օբյեկտիվության բարձրացմանը:

15. Նախագծի 16-րդ հոդվածի բ) կետի «կամ» բառը անհրաժեշտ է փոխարինել «եւ/կամ» բառով:

16. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն. «2. Պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները պարտավոր են. բ) ապահովել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը»: Առաջարկվում է սահմանել այդ տեղեկատվությունը բացահայտելու հնարավորություն, եթե այդ առեւտրային գաղտնիքի չբացահայտելըկարող է իրական կամ հավանական սպառնալիք ստեղծել սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում:

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա. Երեմյան
Ա. Գալստյան
Ք. Գեովշանյան
Ա. Սարգսյան