ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ -936-23.08.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության oրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանի որ, թեեւ Նախագծի հետ միաժամանակ ներկայացվել է սույն Նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք, սակայն Նախագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կա «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, որի 74-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 17-րդ եւ 18-րդ կետերում նույնպես պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ` կապված մեծամասնական ընտրությունների արդյունքների բողոքարկման մեխանիզմի հետ:
2. Նախագծի 1-ին հոդվածում «Գլուխ 31 -ը հանել» բառակապակցությունն անհրաժեշտ է փոխարինել «Գլուխ 31 -ը ուժը կորցրած ճանաչել» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին «բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով», իսկ նույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն իրավական ակտի գործողությունը դադարում է «իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու դեպքում»:
Հետեւաբար, իրավական ակտի բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը, կետերը կամ պարբերությունները չեն կարող հանվել իրավական ակտից, այլ, կարող են սոսկ ուժը կորցրած ճանաչվել կամ դրանց գործողությունն այլ կերպ դադարեցվել:
Նույն դիտողությունը վերաբերվում է նաեւ Նախագծի 3-րդ, 10-13-րդ հոդվածներին, 16-րդ հոդվածի «ա» եւ «գ» կետերին, 17-20-րդ հոդվածներին:
3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ նախադասությունը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետին, համաձայն որի. «Իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի կամ կետի գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս հոդվածների մասերի կամ կետերի համարները համապատասխանաբար չեն փոխվում»:
Նույն դիտողությունը վերաբերվում է նաեւ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ նախադասությանը:
4. Նախագծի 4-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «այնուհետեւ ինչպես տեքստում է» բառերը, քանի որ իրավական տեխնիկան նման բառերի առկայություն իրավական տեքստում չի ենթադրում:
Նույն դիտողությունը վերաբերվում է Նախագծի 14-րդ հոդվածին, 15-րդ հոդվածի «գ» եւ «դ» կետերին:
5. Նախագծի 5-րդ հոդվածում «ձեւակերպել հետեւյալ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին «բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր կամ պարբերություններնոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:
Նույն դիտողությունը վերաբերվում է Նախագծի 8-րդ, 14-րդ հոդվածներին, 15-րդ հոդվածի «դ» եւ «ե» կետերին, որոնցում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով:
6. ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ, որի օղակներից մեկը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, որը կազմավորվում է յուրաքանչյուր ընտրատարածքի համար: Նախագծով վերոհիշյալ հոդվածում որեւէ փոփոխություն չի առաջարկվում, սակայն առաջարկվում է ուժը կորցրած է ճանաչվել օրենսգրքի 31 գլուխը, որտեղ էլ հենց տրվում էր ընտրատարածքների հասկացությունը, դրանց կազմավորման կարգը:
Հետեւաբար, առաջանում է իրավաբանական կազուս, որն իր լուծումն է պահանջում:
Ավելացնենք նաեւ, որ նույն 31-րդ հոդվածի 2-րդ մասում շարունակվում է օգտագործվել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշման» բառակապակցությունը:
7. Նախագծով փորձ է արվել Ազգային ժողովի ընտրությունները կատարել միայն համամասնական ընտրակարգով եւ այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ կատարել մեծամասնական ընտրակարգին վերաբերող հոդվածներում, սակայն առկա են բազմաթիվ բացթողումներ, ինչի հետեւանքով ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում ՀՀ ընտրական օրենսգրքի առանձին հոդվածներում կշարունակեն օգտագործվել «մեծամասնական» կամ «համամասնական» բառերը, մինչդեռ եթե հանվում է «մեծամասնական» բառը, ապա միաժամանակ բազմաթիվ հոդվածներից պետք է հանվի նաեւ «համամասնական» բառը:
Օրինակ`
ա/ ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում առկա է հետեւյալ բառակապակցությունը. «(Համապետական են համարվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները)», մինչդեռ, եթե այլեւս չի լինելու մեծամասնական ընտրակարգով ընտրություն, ապա նշված բառակապակցությունը պետք է շարադրել հետեւյալ կերպ. «(Համապետական են համարվում ՀՀ անրապետության Նախագահի, Ազգային ժողովի ընտրությունները)»:
բ/ Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ կետից անհրաժեշտ է հանել «եւ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների» բառերը:
գ/ Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ նախադասությունից անհրաժեշտ է հանել «միայն համամասնական ընտրակարգով առաջադրված» բառերը:
դ/ Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:
Նույն հոդվածի 4-րդ մասից անհրաժեշտ է հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր բառերը»:
ե/ Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 20-րդ, 21-րդ կետերից անհրաժեշտ է հանել «համամասնական ընտրակարգով» բառերը: Կորում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ անցկացնելու ԿԸՀ-ի վերոհիշյալ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով նախատեսված լիազորության իմաստը, քանի որ լրացուցիչ ընտրությունը կարող է նշանակվել միայն մեծամասնական ընտրակարգով թեկնածուի մանդատը թափուր մնալու դեպքում:
զ/ Նախագծի 632 հոդվածի վերնագրից, 97-րդ հոդվածի 3-րդ կետից, 99-րդ հոդվածի 1-ին մասից, 100-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին, 8-րդ մասերից, 101-րդ հոդվածի վերնագրից, 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ պարբերություններից, 114-րդ հոդվածի 3-րդ մասից, 115-րդ հոդվածի վերնագրից եւ ամբողջ տեքստից, 117-րդ հոդվածի 3-րդ կետից եւ 118-րդ հոդվածի 4-րդ կետից անհրաժեշտ է հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
է/ Նախագծի 96-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «եւ մեկ ձայնի իրավունք` միամանդատ ընտրատարածքում» բառերը:
8. Նախագծի 21-րդ հոդվածում «2006 թվականանի նոյեմբերի 1-ից» բառերն առաջարկում ենք փոխարինել «Պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից» բառերով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Ա. Սարգսյան