ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ի լրումն 2004թ. նոյեմբերի 26-ի գրության շրջանառության մեջ դրված
«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ` Պ-431-26.11.2004, 28.08.2006-ՍԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Ավետյանի, Գ. Մխեյանի, Ս. Շահգալդյանի եւ Մ. Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով նախատեսված «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Անհրաժեշտ է նշել, որ նույնանուն օրենքի նախագծի վերաբերյալ Վարչությունը 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ներկայացրել է թիվ 168 եզրակացությունը, որտեղ ներառված դիտողություններն ու առաջարկությունները մեծամասամբ հաշվի են առնվել Նախագծում:
Միաժամանակ հիշյալ Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները.
1. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «հանդիսանում» բառը, իսկ դրված կետերն անհրաժեշտ է հանել եւ դրանք համարակալել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան, որի համաձայն. «Հոդվածները եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Ենթակետերը կարող են համարակալվել արաբական թվանշաններով կամ հայերենի այբուբենի փոքրատառերով»:
2. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության շարադրանքն անհրաժեշտ է համապատասխանեցնել 9-րդ, 9 ա/, 13/, 13բ/, 13գ/, 14/ կետերի շարադրանքին:
Նշված հոդվածի 13-րդ կետի եւ ընդհանրապես Նախագծի ամբողջ համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
3. Նախագծի 11-րդ հոդվածի «աջակցել» բառն անհրաժեշտ է փոխարինել այլ բառով` («համագործակցել» կամ այլ) նախադասության շարադրանքը հստակեցնելու նպատակով:
4. Նախագծի 14-րդ հոդվածում «ուսման վայրից» բառակապակցությունից հետո անհրաժեշտ է ավելացնել «աշխատանքի վայրից» բառերը:
5. Նույն հոդվածով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության պատվավոր դոնորի» հասկացությունը: Գտնում ենք, որ հիշյալ հասկացությունն անհրաժեշտ է սահմանել «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում, քանի որ նշված օրենքով են սահմանված ՀՀ պատվավոր կոչումները, դրանց տեսակները, կոչման ներկայացնելու եւ շնորհելու կարգը, ինչպես նաեւ կոչմանն արժանացած անձանց իրավական վիճակը:
Նախագծի 15-րդ հոդվածի «հանձնվածիհանձնված» բառն անհրաժեշտ է հստակեցնել, իսկ «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո, մեր կարծիքով, անհրաժեշտ է ավելացնել «կառավարություն» բառը:
6. Տարամեկնաբանությունից խուսափելու նպատակով` Նախագծի 24-րդ հոդվածն անհրաժեշտ է վերախմբագրել հետեւյալ շարադրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Հ. Իսրաելյան
Ք. Գեովշանյան