ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9 66 -0 2 .10.2006 -ՖՎ ,ՊԻ,ԳԿ,ՊԱ,ԱՀ,ՍԱ,ՎՊ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ Աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության վերլուծության եւ տնտեսական քաղաքականության վերլուծության բաժիններում:

Նախագծի վերաբերյալ ձեւավորվել են մի շարք նկատառումներ, որոնք նպատակահարմար է ներկայացնել հիշյալ երեք խոշորացված բաժիններով, մասնավորապես` առանձնացնելով օրենսդրության պահանջներին պետբյուջեի մշակման ու ներկայացման համապատասխանության, բյուջետային ուղերձին ու բացատրագրին եւ 2007 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծին վերաբերող հարցերը:

I. ՀՀ օրենսդրության պահանջներին 2007 թվականի պետական բյուջեի մասինՀՀ օրենքի նախագծի համապատասխանության վերաբերյալ

Առաջիկա բյուջետային տարվա համար պետական բյուջեի նախագծի կազմման եւ ԱԺ-ին ներկայացման առումով, ՀՀ մի շարք օրենքներով նախատեսված են կոնկրետ պահանջներ, որոնցից մի քանիսը, մեր կարծիքով, չեն պահպանվել 200 7 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի կազմման եւ ներկայացման ժամանակ:

1. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16 -րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` ԱԺ ներկայացվող կառավարության բյուջետային ուղերձը ներառում է. «կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը»: Ուղերձի տեքստից ոչ միայն ակնհայտ է դառնում, որ 2007 թվականի պետբյուջեի կատարման առումով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանալու, այլեւ այդ մասին ուղղակիորեն նշվում է ուղերձի առանձին հատվածներում: Մասնավորապես, համաձայն բյուջետային ուղերձի (էջ 68), 2007 թվականին հարկային (այդ թվում` մաքսային) վարչարարության բարելավման եւ օրենսդրական փոփոխությունների հաշվին ծրագրվել է 52.9 մլրդ դրամ, որից 48.4 մլրդ դրամն ակնկալվում է հավաքագրել վարչարարական միջոցառումների իրականցումից: Սակայն համապատասխան օրինագծերը պետբյուջեի նախագծի փաթեթում ներառված չեն կամ էլ դեռեւս ընդունված չեն: Այս հանգամանքը հնարավորություն չի տալիս իրատեսական եւ կոնկրետ գնահատականներ ձեւավորել առաջարկվող փոփոխությունների առումով, ինչը Վարչության կողմից կկատարվի համապատասխան օրինագծերը ստանալուց հետո:

2. Օրենքի նախագծի 6-րդ հոդվածում տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտները ներկայացված են բավականին սեղմ ձեւով (ըստ եկամուտների խոշորացված խմբերի), ինչը ոչ միայն արհեստական բարդություններ է ստեղծում համեմատական վերլուծությունների կատարման, նախորդ տարիների պետական բյուջեների հետ համադրելիության ապահովման եւ պետբյուջեի եկամտային մասի հստակ ներկայացման տեսանկյուններից, այլեւ հակասում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետին (ըստ որի` պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է. «պետական բյուջեի եկամուտները եւ ծախսերը` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման)»), 38-րդ հոդվածի 1-ին մասին (ըստ որի. «Բյուջեների եկամուտները դասակարգվում են եկամուտների ձեւավորման` օրենքով սահմանված աղբյուրների հիման վրա:») եւ 17-րդ հոդվածին, որով էլ հենց մանրամասն սահմանված են պետական բյուջեի եկամուտների աղբյուները: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի աղյուսակը պետք է ներկայացված լիներ ըստ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների, ինչն էլ առաջարկվում է կատարել մինչեւ Օրենքի նախագծի ընդունումը:

Նշենք նաեւ, որ բյուջետային քննարկումների ընթացքում հեշտ կողմնորոշվելու եւ նախորդ տարիների հետ համեմատություններ կատարելու նպատակով, 2002-2007 թվականների պետական բյուջեների եկամտային եւ ծախսային մասերի կառուցվածքները մեր կողմից ներկայացված է սույն եզրակացության 1-ին եւ 2-րդ աղյուսակներում: Ընդ որում, 2007 թվականի համար եկամուտների մի մասի գծով ցուցանիշները վերցված են պետական բյուջեի բացատրագրից, իսկ որոշ եկամուտների գծով էլ ցուցանիշների արժեքներն ընդհանրապես բացակայում են:

II. ՀՀ կառավարության 2007 թվականի բյուջետային ուղերձի եւ բացատրագրիվերաբերյալ

3. Ընդհանուր առմամբ, 2007 թվականի պետբյուջեի ուղերձը եւ բացատրագիրը կազմված են հիմնավորված (այդ թվում` նաեւ կանխատեսումների մասով), շարադրանքի միասնական ոճով` հիմնականում պահպանելով բյուջետային օրենսդրության պահանջները: Հաշվի առնելով նաեւ մեր կողմից արձանագրված մյուս դրական միտումները, կարծում ենք, որ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառված փաստաթղթերը ներկայացված են որակապես անհամեմատ բարձր մակարդակով, թեեւ դրանցում առկա են նաեւ որոշակի թերություններ եւ բացթողումներ:

4. Չնայած այն հանգամանքին, որ համաձայն բյուջետային ուղերձի, վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել ՀՆԱ-ի կառուցվածքում, այդուհանդերձ, 2005 թվականի տվյալներով շինարարության եւ գյուղատնտեսության բաժինը միասին կազմել են մոտ 40 տոկոս արդյունաբերության 19 տոկոսի դիմաց: Ընդ որում, 2006 թվականի հունվար-հուլիս ամիսներին արձանագրված 11.6 տոկոս տնտեսական աճի ապահովման գործում արդյունաբերությունը չի նպաստել: Կարծում ենք, որ նման կառուցվածքը դեռեւս չի կարող արդյունավետ համարվել, մասնավորապես, նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ գյուղատնտեսությունը եւ շինարարությունը (մարդասիրական օգնության հաշվին իրականացված շինարարության մասով) հարկման դաշտում չեն գտնվում: Փաստորեն, հանրապետությունում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմերը որոշ չափով ապահովվում են հարկազատված ճյուղերի աճի բարձր տեմպերի հաշվին, ինչի արդյունքում տնտեսական աճն իր համապատասխան արտացոլումը չի ստանում հարկային եկամուտների աճի մեջ:

5. Համաձայն առաջիկա տարվա համար կանխատեսվող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների, 2007 թվականին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կանխատեսվում է 357 դրամի չափով: Կարծում ենք, որ նշված կանխատեսումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ դրա չիրականացման դեպքում (ինչի հավանականությունը մեծ է) զգալի փոփոխությունների կենթարկվեն պետական բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը: Հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում փոխարժեքի հետ կապված իրադարձությունները, դրանց շուրջ տարաբնույթ, իսկ հաճախ էլ` իրարամերժ մեկնաբանությունների հոգեբանական ազդեցությունը, ինչպես նաեւ առաջիկա տարում փոխարժեքի տատանողականության սպասումներ չառաջացնելու անհրաժեշտությունը, առաջարկում ենք հստակ նշել 2007 թվականին փոխարժեքի կանխատեսվող մակարդակները` եռամսյակների վերջի եւ տարեվերջի դրությամբ, իսկ Օրենքի նախագծում էլ ամրագրել համապատասխան հանձնարարական` Կենտրոնական բանկի կողմից այդ մակարդակները պահպանելու ուղղությամբ (այնպես, ինչպես դա կատարվում է սղաճի կտրվածքով): Այս հանգամանքը որոշակի վստահություն կառաջացնի ոչ միայն տնտեսավարող սուբյեկտների, այլեւ բնակչության լայն խավերի մոտ, որոնց կենսամակարդակը զգալիորեն կախված է արտարժութային տրանսֆերտների ծավալներից:

6. Համաձայն կառավարության կանխատեսումների, 2007 թվականին հարկերը եւ տուրքերը նախատեսվում են 458.9 մլրդ դրամի չափով, որը 2006 թվականի հաստատված մակարդակը գերազանցում է 21.4 տոկոսով: Ընդ որում, ըստ համապատասխան գնահատականների, հարկային եկամուտների կանխատեսվող աճի աղբյուր կհանդիսանա տնտեսության շարունակվող ակտիվությունը եւ կառավարության կողմից ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ առավել իրատեսական գնահատականների համար անհրաժեշտ էր ներկայացնել նախատեսվող այն քայլերը եւ միջոցառումները (այդ թվում` նաեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունները, եթե նման անհրաժեշտություն կա), որոնք պետք է ուղղված լինեին տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը եւ հարկային եկամուտների աճի ապահովմանը:

7. Ուղերձի 61-րդ էջում ներկայացված «Ժամկետանց պարտքեր» բաժնի տեքստը կազմված է խիստ դեկլարատիվ տեսքով այն դեպքում` երբ շատ կարեւոր այս հիմնահարցը (ժամկետանց պարտքերի առաջացման անթույլատրելիությունը եւ բյուջետային ապառքների գանձումը) մանրամասն ու առարկայական ներկայացման կարիք է զգում: Ավելին, այս մասում նպատակահարմար կլիներ ներկայացնել նաեւ այն միջոցառումները եւ քայլերը, որոնք առաջիկա տարում նախատեսվում է իրականացնել կառավարության կողմից տվյալ հիմնահարցի լուծման ուղղությամբ:

III. «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

8. 2007 թվականի պետական բյուջեի նախագծում հարկային եկամուտները եւ պետական տուրքերը ծրագրավորվել են 458.9 մլրդ դրամի չափով, որը կազմում է ընդհանուր բյուջետային մուտքերի 97.6 տոկոսը: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2007 թվականի մուտքերը կկազմեն ՀՆԱ-ի 16.1 տոկոսը` 2006 թվականի սպասողական 15.1 տոկոսի, 2005 թվականի փաստացի 14.9 տոկոսի դիմաց: Հարկ է նշել, որ հարկային եկամուտների կառուցվածքում շարունակում են մեծ տեսակարար կշիռ կազմել անուղղակի հարկերը: Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, ապա պետք է նշել, որ դրանց ծավալը հարկային եկամուտների կազմում դեռեւս շարունակում է մնալ փոքր: Մասնավորապես, համաձայն բյուջետային փաստաթղթի, առաջիկա տարում հարկային եկամուտների գերակշիռ մասը կապահովվի ավելացված արժեքի հարկից ստացվելիք մուտքերի հաշվին, ինչը կկազմի մոտ 158.3 մլրդ դրամ` 30.1 մլրդ դրամով գերազանցելով 2005 թվականի փաստացի մուտքերը: Փաստորեն, միայն ավելացված արժեքի հարկից ստացվող մուտքերը կկազմեն ընդհանուր հարկային մուտքերի 34.4 տոկոսը: Միեւնույն ժամանակ, շարունակում են դեռեւս ցածր մնալ շահութահարկից եւ եկամտահարկից ստացվող բյուջետային մուտքերը, որոնք առաջիկա տարվա համար նախատեսված են համապատասխանաբար 72.6 մլրդ եւ 42.2 մլրդ դրամի չափով: Կարծում ենք, պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ուղղակի եւ անուղղակի հարկերի նման հարաբերակցությունը պետք է մտահոգիչ փաստ հանդիսանա կառավարության համար, առավել եւս, երբ խնդիրը դիտարկում ենք հանրապետության բնակչության աղքատության համատեքստում:

9. 2007 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 557.9մլրդ դրամի չափով, որը 2006 թվականի հաստատված ցուցանիշից 75.6 մլրդ դրամով ավելի է: Ընդ որում, ծախսերի 74.9 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, իսկ 25.1 տոկոսը` կապիտալ ծախսերին: 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերլուծությունը, ակնհայտորեն, խոսում է դրանց սոցիալական ուղղվածության միտումների ուժեղացման մասին: Մասնավորապես, առաջիկա տարում սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կկազմի 35.6 տոկոս, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ոլորտների ծախսերինը` 25.0 տոկոս, տնտեսության ճյուղերի ծախսերինը` 17.0 տոկոս, պետական պարտքի սպասարկման ծախսերինը` 2.1 տոկոս, արտաքին տնտեսական աջակցության եւ արտաքին քաղաքական գործունեության ծախսերինը` 4.9 տոկոս, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձեւավորման ծախսերինը` 0.5 տոկոս, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից տրանսֆերտների տրամադրման ծախսերինը` 3.2 տոկոս:

10. 2007 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.3 տոկոսի չափով (68.3 մլրդ դրամ): Դեֆիցիտի ֆինանսավորումնիրականացվելու է գրեթե հավասարապես արտաքին եւ ներքին աղբյուրների հաշվին: Մասնավորապես, 2007 թվականին արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը կկազմի 41.3 մլրդ դրամ, իսկ ներքին աղբյուրներից` 26.9 մլրդ դրամ: Փաստորեն, առաջիկա տարվա բյուջետային դեֆիցիտը 60.5 տոկոսով կֆինանսավորվի արտաքին աղբյուրների, իսկ 39.5 տոկոսով` ներքին աղբյուրների հաշվին:Այս առումով, պետք է նշել, որ բավականաչափ դրական է ներկայանում առաջիկա տարում դե ‎‎ ֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրների տեսակարար կշռի նվազեցումը եւ դրան զուգահեռ ներքին ‎‎ ֆինանսավորման բաժնի ավելացումը:

Միաժամանակ, պետք է նշել, որ 2007 թվականին այդ ցուցանիշների գծով տարեկան պլանային ցուցանիշների կատարումը մեծապես պայմանավորված կլինի այդ միջոցների փաստացի ստացմամբ: Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, դեֆիցիտի արտաքին ֆինանսավորման միջոցների թերստացման պայմաններում էականորեն շեղվում է ծախսերի ծրագրված ցուցանիշը: Ընդ որում, ծախսերի թերակատարումը մեծացնում է ձեւավորված ապառքների մակարդակը, խոչընդոտում է տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, մեծացնում է եկամուտների բեւեռացումը` հանգեցնելով սոցիալական հիմնախնդիրների խորացմանը: Արտաքին աղբյուրներից դեֆիցիտի ֆինանսավորման մեծ ծավալի նախատեսումը պետական բյուջեում միշտ էլ ի վիճակի է լուրջ դժվարություններ առաջացնել դրանց չստացման դեպքում, առավել եւս այն պարագայում, երբնախատեսված չեն դրանց չստացման դեպքում ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կամ ծախսերի կատարման այլընտրանքային ծրագրեր: Ընդ որում, այդ հանգամանքը բյուջետային փաստաթղթում ներկայացվում է որպես ռիսկի աղբյուր: Ուստի, կարծում ենք, որ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ անհրաժեշտ է մշակել բյուջետային ֆինանսավորման այլընտրանքային սցենար՝ կապված արտաքին ֆինանսավորման աղբյուրներից նախատեսված միջոցների չստացման հետ:

         

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան