ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-946-13.09.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ.

1. Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ նախադասության պահանջներից, առաջարկում ենք նախագծի 2-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել 11-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակության հետ:

2. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվել է «տրանսպորտային տեսչության» հասկացությունը: Մեր կարծիքով, նպատակահարմար է հիշյալ հասկացությունը ներառել նախագծի 3-րդ հոդվածում:

Անհրաժեշտ է նաեւ նախագծի 3-րդ հոդվածում սահմանել «տրանսպորտային տեսչության աշխատակից» հասկացությունը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ այն սկզբունք չէ:

4. Նախագծում անհրաժեշտ է սահմանել տրանսպորտային տեսչության խնդիրները:

5. Նկատի ունենալով, որ նախագծի 4-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային տեսչությունը հանրապետական մարմին է, ուստի առաջարկում ենք նախագծով սահմանել նաեւ տրանսպորտային տեսչության համակարգը (կառուցվածքը):

6. Մեր կարծիքով, նպատակահարմար է նախագծով սահմանել նաեւ տրանսպորտային տեսչության աշխատակիցների պաշտոնների դասակարգումը:

7. Նախագծով նախատեսված չէ տրանսպորտային տեսչության ֆինանսավորման աղբյուրը:

8. Նախագծում վերահսկողությանը վերաբերող ոչ մի հոդվածով չի սահմանվել դրա արդյունքում կայացվելիք որոշման մասին:

9. Նախագծով նախատեսված չէ տրանսպորտային տեսչության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը:

10. Անհրաժեշտ է հստակեցնել նախագծի ուժի մեջ մտնելու մասին դրույթը:

11. Նախագծի տեքստում առկա են մի շարք խմբագրական եւ լեզվաոճական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա. Գալստյան

Հ. Իսրաելյան