Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-957-26.09.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել է փոփոխել եւ վերանայել դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու`

ա)ընթացակարգը,

բ) լիազորված մարմինների դերակատարումը (նրանց իրավասության բովանդակությունը),

գ) կարգապահական վարույթի դադարեցման հիմքը:

3. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 311 հոդվածով սահմանված է դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնող, ինչպես նաեւ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքով օժտված սուբյեկտային կազմը:

Ըստ այդ կարգի Արդարադատության նախարարը, Արդարադատության խորհրդի անդամներից ձեւավորված կարգապահական հանձաժողովը, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահը տարբեր սխեմաներով իրավունք ունեն դիմելու արդարադատության խորհուրդ `

ա) դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ,

բ) դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով:

Դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությունը, ինչպես նաեւ կարգապահական վարույթ հարուցելը դիտվում են որպես ձեւականորեն չփոխկապակցված իրավունքներ, ինչը բխում է դրանց հիմքերի տարբերությունից:

Այստեղ արդարացի է նշել, որ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 311 -րդ հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը գտնվում են հակասության մեջ, ինչը արտահայտվում է նրանում, որ`

ա) վերնագրում դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնելը ու կարգապահական վարույթ հարուցելը որպես իրավունքներ ամրագրվել են «եւ» շաղկապով,

բ) իսկ նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում դրանք առանձնացվել են «ինչպես նաեւ» բառերով (բխում է հիմքերի տարբերությունից):

Կարգապահական վարույթ հարուցելուց հետո հարցը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում, ինչպես նաեւ«Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-ին հոդվածով առաջարկվել է Արդարադատության նախարարին, կարգապահական հանձաժողովին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահին զրկել կարգապահական վարույթ հարուցելու իրավունքից, վերապահելով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ դիմելու իրավունքը: Փոխարենը «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է Արդարադատության խորհրդին վերապահել կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը: Նշենք նաեւ, որ այդ դեպքում կարգապահական վարույթ հարուցելը կվերածվի պարտականության: Դրա հետ մեկտեղ հարց է ծագում, թե ինչ արդյունքի է հանգեցնում իրավասության փոփոխությանը:

«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկված տարբերակի համաձայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով միջնորդությունը պետք է ուղեկցվի դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Այդ դեպքում իմաստը կորցնում է կարգապահական պատասխանատվության ենթարկելն ինքնին (դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն):

Ծագում են նաեւ հետեւյալ ընթացակարգային խնդիրները.

Ա. հիմք է, արդո՞ք, կարգապահական վարույթը կարճելու մասին որոշումը դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը չքննելու համար (փոխկապակցված են «եւ» շաղկապով),

Բ. եթե միջնորդությունը ներկայացվել է, սակայն կարգապահական վարույթ դեռեւս չի հարուցվել եւ այն (միջնորդությունը) ներկայացնող սուբյեկտի կողմից հետ է վերցվել , ինչպիսի՞ որոշում պետք է կայացնի արդարադատության խորհուրդը,

Գ. եթե հարուցվել է կարգապահական վարույթ եւ մինչ Արդարադատությանխորհրդի վերջնական որոշում ընդունելն այն հետ է վերցվել. չի փոխարինում, արդյոք, դա Արդարադատության խորհրդի` կարգապահական վարույթը կարճելու մասին որոշմանը եւ արդյոք այդ դեպքում ըստ էության վերջնական որոշում կայացնելու իրավունքով օժտված չեն լինում միջնորդություն ներկայացնող անձինք (իրավազորության անհավասարություն):

Այս հարցերի շրջանակում մեր կարծիքով անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել օրենքների նախագծերը:

Օրենքների նախագծերը հիմնավորվել են դատարանների անկախության սկզբունքը օրենքով երաշխավորելու նպատակով: Այս դեպքում Արդարադատության խորհրդի կողմից որոշում կայացնելուց կարող է ծագել արդարադատության խորհրդի` կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ ուղղորդվելու վտանգ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Երեմյան