ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության
օտարման մասին», « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-961-29.09.2006-ՊԻ-010/0)վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթին նախորդել է այլ փաթեթ ( Կ-915-04.07.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով ), որի վերաբերյալ 2006 թվականի օգոստոսի 2-ին Վարչության կողմից ներկայացված թիվ 126 եզրակացությունում տեղ գտած հիմնական նկատառումները հաշվի են առնվել:

2006 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացված փաթեթում, ըստ էության, չեն փոփոխվել հայեցակարգային բնույթի առանձին դրույթներ (բացառիկ` գերակա շահի հասկացությունը չի տրվել, կազմակերպությունը որպես ձեռքբերող դիտարկվում է սուբյեկտների կազմում, փոփոխվել է ուսումնասիրության նպատակով «անարգել» մուտք գործելու ռազմավարությունը, սակայն, մեր կարծիքով, մեխանիզմը մնացել է նույնը: Առաջարկվում է քննարկել մուտք գործելու թույլտվությունը դատական կարգով սահմանելու անհրաժեշտության հարցը:)

II. « ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

III. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասում առաջարկվել է ամրագրել հետեւյալ դրույթը.

« 4. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ»:

Իսկ նախագծի նույն հոդվածի 5–րդ մասի համաձայն. «5. Հողամասի շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը»:

Համադրելով այս երկու դրույթները առաջարկում ենք քննարկել ոստիկանությանը դիմելու պարտականության հարցը ամրագրելու խնդիրը, եթե տվյալ իրավիճակում հնարավոր չէ այլեւս ողջամիտ պաշտպանության միջոցներով պաշտպանել իրավունքը եւ դա կարող է հանգեցնել անհամարժեք հետեւանքների, ինչպես նաեւ ոստիկանության պարտականությունը` արձագանքելու դրան: Լրացուցիչ մանրամասնելու կարիք ունի «ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելուն» վերաբերող դրույթը եւ բացատրել դրա սահմանները անցնելու հետ կապված չափանիշները:

Անհրաժեշտ է նաեւ օրենքով ամրագրել, որ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները իրականացվում են հասարակական կարգի պահպանության ոլորտում իրենց անմիջական պարտականությունների շրջանակում, ուստի լիազորման պայմաններում չեն կարող ներառվել այդ պարտականությունը վճարովի կատարելու դրույթներ (դրանք անհրաժեշտ է բացառել):

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողեր`Ա. Երեմյան

Ա. Գալստյան