ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-974-13.10.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
2. Նախագծի 2-րդ հոդվածով ներկայացված` օրենքները ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ եւ 77-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից կարող է խնդիրներ առաջացնել:
3. Նախագծի 4-րդ հոդվածի 12-րդ կետով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» թիվ. ՀՕ-61 օրենքը ուժը կորցրած ճանաչել, մինչդեռ «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.98թ. ՀՕ-230 օրենքի 39 հոդվածի համաձայն այն ուժը կորցրած է ճանաչվել:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 84-րդ կետով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրարկելու մասին» թիվ ՀՆ-1077-1 որոշումը ուժը կորցրած ճանաչել, մինչդեռ 24.10.2005թ. ընդունված Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն ուժը կորցրած է ճանաչվել:
Վերոգրյալի կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածից հանել 12-րդ եւ 84-րդ կետերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Հ. Իսրաելյան
Ա. Դանիելյան
Ա. Գալստյան
Ս. Յուզբաշյան
Գ. Կիրակոսյան